<<Քաջաբան քարոզիչը>>․ Գևորգ Զ Չորեքչյան

am ru
<<K`ajaban k`arozich`e>>. Geworg Z Ch`orek`ch`yan_35775

«Եթե մի ժողովուրդ կյանքի դառնություններից և սոսկալի ճնշումների երեսից ազատություն է աղաղակում, ո՞վ կարող է դատապարտել նրան։ Ով աչք ունի և ջերմ սիրտ իր ժողովրդի հանդեպ, տեսնում է նորա անտանելի տառապանքը, մի՞թե կարող է հոգով չվշտանալ և չօգնել նրան, եթե մինչև իսկ զոհողություն պահանջէ այն․․․»

1934թ․«Քրիստոնեական ազատություն» չասված քարոզ

129-րդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը ծնվել է 1868թ․-ի դեկտեմբերի 2-ին Նոր Նախիջևան (այժմ՝ Դոնի Ռոստով) քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, այնուհետև՝ սեմինարիայում, որն ավարտելուց հետո ընդունվել է Գևորգյան ճեմարան։ Ուսանելու տարիներին Մակար Ա կաթողիկոսի միջնորդությամբ նա մեկնել է Գերմանիա, սովորել է Լայպցիգի համալսարանի աստվածաբանության և փիլիսոփայության բաժիններում, ինչպես նաև՝ կոնսերվատորիայում։ Նույն թվականին Չորեքչյանը ձեռնադրվել է որպես սարկավագ, այնուհետև վարդապետ։

1915թ․-ին հայությանը վրա հասած մեծ արհավիրքի տարիներին Գևորգ Չորեքչյանը, ով այդ շրջանում հանդիսանում էր Նոր Նախիջևանի առաջնորդական փոխանորդ, անդամագրվեց կոտորածից մազապուրծ եղած գաղթականների Եղբայրական օգնության կոմիտեին, շուտով դարձավ վերջինիս նախագահը։

1916թ․-իս սկսած Չորեքչյանը հանդիսանում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սինոդի անդամ։ Այս շրջանում Վարդապետ Չորեքչյանը մեծապես զբաղված էր գաղթականներին օգնություն տրամադրելու, ինչպես նաև Նոր Նախիջևանում լուսավորություն տարածելու գործով։ Արդեն 1922թ․-ին նա նշանակվեց Վիրահայոց թեմի հոգևոր առաջնորդ և իր առաջնորդության 5 տարիների ընթացքում նպաստեց թեմի բարգավաճմանը։

1925թ․-ին անցնելով արքության, 1938թ․-ին Խորեն Առաջին կաթողիկոսի կոնդակով դառնալով կաթողիկոսական տեղապահ՝ Չորեքչյանը 1941թ․-ին դարձավ Հայոց Հայրապետության ազգընտիր տեղակալ։ Ամբողջապես լծվեց նա հոգևորականության շրջանում առկա արհեստածին և թշնամածին երևույթների բացահայտման ու վերացմանը, ամեն ինչ արեց՝ մաքրելու համար հայոց հոգևոր դասի շարքերը, իր մեծ նպաստն ունեցավ Մայր Աթոռի աշխատանքների կանոնակարգման գործընթացում։

Այս տարիները բարդ էին ինչպես ԽՍՀՄ ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական առումներով։ Աքսորվում էին մտավորականներ, մշակույթի գործիչներ, նաև հոգևորականներ, նրանք բոլորը պիտակավորվում էին «դավաճան», «ժողովրդի թշնամի» եզրույթներով։ Այսպիսով, Մայր Աթոռը դատարկվում էր․․․

1939թ․-ին սկսվեց Համաշխահային Երկրորդ պատերազմը։ Չորեքչյանը իր իսկ կամային հատկանիշների ու նպատակալսացության շնորհիվ հավաքագրեց երկու՝ «Սասունցի Դավիթ», «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուններն ու ուղղեց դեպի ռազմաճակատ։ Արդեն 1945թ․-ին նրան հաջողվեցհանդիպել Իոսիֆ Ստալինին, առանձնազրույց ունենալ վերջինիս հետ և բարձրաձայնել հայ ժողովրդին հուզող բազմաթիվ հարցեր, այդ թվում և հոգևորականության հանդեպ բռնաճնշումների ու աքսորի հարցը։ Ժամանակի ապրողները փաստել են, որ այդ հանդիպումից հետո հարաբերությունները ղեկավարության և հոգևորականության միջև ինչ-որ չափով լավացան։

1945թ․-ի հունիսին Մայր Աթոռում հրավիրված ազգային-եկեղեցական ժողովի ընթացքում Չորեքչյանն ընտրվեց որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Նա գահակալեց ընդամենը 9 տարի, որի ընթացքում հասցրեց անել ահռելի աշխատանք։ Նույն թվականի հոկտեմբերի 25-ին Չորեքչյանը կոնդակով դիմել է ԱՄՆ, ԽՍՀՄ և

Մեծ Բրիտանիայի կառավարություններին հայկական հողերի ճակատագրի որոշման ընթացքում հայերին աջակից լինելու համար։ Նրա ջանքերով պատերազմի ավարտից հետո կազմակերպվել է մեծամասշտաբ հայրենադարձություն։ Արդեն 1947թ․-ին կաթողիկոսը ողջունել է Նյու Յորքում գումարված Հայկական համաշխարհային կոնգրեսը, որը ևս պետք է աշխատեր Հայկական հարցի լուծման ուղիներ գտնելու ուղղությամբ։ Այս առթիվ նա հրատարակել է «Հայկական հարցի լուծման մասին» կոնդակը։

Կաթողիկոս Չորեքչյանը վերակազմավորեց եկեղեցական թեմերը, ձեռնադրեց ընդհանուր առմամբ 15 եպիսկոպոս, որոնք ժամանակի ընթացքում դարձան թեմի առաջնորդներ։ Նրա կատարած աշխատանքի արդյունքում սկսեց լույս տեսնել Մայր Աթոռի «Էջմիածին» պաշտոնաթերթը, վերաբացվեց և շահագործման հանձնվեց տպարանն ու գրադարանը։ 1945թ․-ին նրա ջանքերով բացվեց Էջմիածնի հոգևոր ճեմարանը։

Ժամանակակիցները պատմում են, որ նա հաճախ էր հանդես գալիս քարոզներով, և անգամ Ստալինյան բռնաճնշումների տարիներին նրան հաջողվում էր իր ասելիքը տեղ հասցնել։ Նրա չբարձրաձայնված քարոզները տպագիր ձևում վերջանում էին հետևյալ արտահայտությամբ․

«Չի խոսված․․․»

Մեծանուն կաթողիկոսը վախճանվեց 1954թ․-ի սեպտեմբերի 26-ին, նրա աճյունն ամփոփված է Էջմիածնի Մայր տաճարի բակում։ Այժմ Մայր Տաճարում գործում է Գևորգ Զ Չորեքչյան կաթոսիկոսի անվան միջեկեղեցական կենտրոնը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ