Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

«Խցանված ամառ շշի մեջ». հայկական արտադրության խատուտիկի գինի

<<Khts`anvats amarh shshi mej>>. haykakan artadrowt`yan khatowtiki gini_49659

«Խատուտիկի գինի պատրաստելու միտքն առաջացավ հետաքրքրությունից դրդված՝ Ռեյ Բրեդբերիի համանուն՝ «Խատուտիկի գինի» գիրքն ընթերցելուց հետո. ցանկանում էի գտնել այդպիսի գինի՝ նվիրելու նպատակով, սակայն պարզվեց, որ իրականում այն չկա, ուստի սկսեցի ինքս փնտրել ու գտնել խատուտիկի գինի պատրաստելու եղանակը»,- «Հայ ձայնի» հետ զրույցում նշեց մասնագիտությամբ դիվանագետ, այժմ գինեգործությամբ զբաղվող Գագիկ Թամազյանը, ում էլ պատկանում է խատուտիկի գինին գաղափարից իրական ըմպելիքի վերածելու գյուտը:

Ինչպես նշում է դիվանագետ-գինեգործը, Ռեյ Բրեդբերիի գրքում գինին ներկայացված է որպես գաղափար՝ «խցանված ամառ շշի մեջ», որը, սակայն, որևէ կապ չունի արտադրական պրոցեսի հետ։ «Երկար ու ապարդյուն փնտրտուքներից հետո որոշեցի ինքս պատրաստել գնին, ինչը տևեց ավելի քան 3 տարի։ Ընթացքում շփվելով մասնագետների հետ, ուսումնասիրելով ոլորտը՝ կարողացանք ստեղծել աշխարհում իր տեսակի մեջ եզակի տեխնոլոգիա՝ մոլեկուլյար գինի»։

Մանրամասնելով մոլեկուլյար գինու էությունը՝ մեր զրուցակիցը նախևառաջ նշեց, որ մասնագետները գինի են համարում միայն խաղողից պատրաստված ըմպելիքը, իսկ մնացած մրգերից պատրաստվածները գինի չեն։

«Մեր պատրաստած գինին թեև չի պատրաստվում խաղողից, սակայն դրա պատրաստման ընթացքում օգտագործվում է խաղողի մոլեկուլյար կառուցվածքը։ Վերցնում ենք ցանկացած բույսի կամ մրգի հումքը, ստանում ենք հյութ, ապա փոխելով հյութի մոլեկուլյար կառուցվածքը՝ դարձնում ենք այն իդենտիկ խաղողի որևէ տեսակի մոլեկուլյար կառուցվածքին՝ առանց համը և հոտը փոխելու։ Մնացած ամեն ինչ համապատասխանեցվում է խաղողին։ Քիմիական հավելումները, բնականաբար, բացակայում են»,- ասում է Գագիկը։

Գինու պատրաստման հետագա ընթացքը իրականացվում է ստանդարտ արտադրական եղանակով։ «Սա է պատճառը, որ կարողանում ենք պնդել՝ մեր արտադրանքը որոշ չափով գինի է, բայց միևնույն ժամանակ գինի չէ, քանի որ մոլեկուլյար գինի է»,- նշում է մեր զրուցակիցը և հավելում, որ գինու հիմքում ընկած է խաղողի մոլեկուլյար կառուցվածքը, սակայն մարդիկ հնարավորություն են ստանում ընտրելու համային ավելի լայն տեսականի։

Արտադրական նման տեսակն աշխարհում միակն է, հեղինակային իրավունքները պատկանում են Գագիկին և նրա ընկերությանը, իսկ արտադրանքի տեխնոլոգիան գաղտնի է պահվում։

Խատուտիկի գինին, ինչպես նշում է գինեգործը, պատրաստվում է միայն խատուտիկի դեղին թերթիկներից, որոնք հավաքվում են լեռնային վայրերից, որպեսզի լինեն մաքուր ու անաղարտ, իսկ գինին շշալցվում է ձեռքով պատրաստված ապակե տարաներում, ինչն էլ ըմպելիքը զերծ է պահում համային հավելումներից կամ այլ ազդեցություններից։

Ընկերությունը այժմ աշխատում է բանանի, շոկոլադի գինիների ստեղծման ուղղությամբ։ Նաև նպատակներ կան ստեղծել հայկական ծագման բաղադրամասերով ավելի բարձր թնդության ալկոհոլային խմիչքներ։ «Այս ըմպելիքի պատրաստման մեջ օգտագործվելու են հին հայկական բաղադրատոմսերը՝ դեռևս Բագրատունիների ժամանակներից եկած, ինչպես նաև տեղում աճեցված մրգեր և ծաղիկներ։ Այսինքն, ունենալու ենք համային համադրություն։ Միայն մի բաղադրամասի կիրառմամբ չենք սահմանափակվելու»:

Ըստ Գագիկի՝ իրենք այժմ մի խնդիր ունեն. մարդկանց բացատրել, պատմել, թե ինչ է մոլեկուլյար գինին, որպեսզի մարդկանց մոտ թյուր կարծիք չառաջանա, թե այն քիմիական կամ այլ արհեստածին հավելումներով է հագեցած։ Այն, ինչպես մեր զրուցակիցն է ընդգծում, նոր երևույթ է և աստիճանաբար պետք է տարածում գտնի մարդկանց շրջանում։

Հ.Գ. Խատուտիկի գինին կարելի է գտնել SAS և Կայզեր սուպերմարկետների ցանցում, ինչպես նաև կարելի է պատվիրել առցանց՝ այցելելով https://www.buy.am/hy/product/haykakan-gini/khatutiki-gini-butterfly-300ml:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ