«Որքան էլ փախչես, քեզ հողդ պիտի ճանաչե, քեզ հողդ պիտի զգա». այսօր Գուրգեն Մահարիի ծննդյան օրն է

am en es ru
<<Ork`an el p`akhch`es, k`ez hoghd piti chanach`e, k`ez hoghd piti zga>>. Aysor Gowrgen Maharii tsnndyan orn e_10233

Այսօր հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, հասարակական գործիչ, ՌԱԿ գաղափարախոսությանը համակիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գուրգեն Մահարիի ծննդյան օրն է:

 

Գուրգեն Մահարին (իսկական անունը Գուրգեն Աճեմյան) ծնվել է 1903թ. օգոստոսի 1 -ին Վան քաղաքում, մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու Հայոց ցեղասպանությունն ապրել է շատ թե քիչ անհոգ մանկություն:

 

Երբ թուրքերը հարձակվեցին Վանի վրա, վանեցիները քաջաբար պաշտպանվեցին մինչև ռուսական զորքերի և հայ կամավորների Վան հասնելը և փրկվեցին կոտորածից: Երբ ռուսական զորքերը նահանջեցին, նրանց հետ ստիպված Վանից հեռացան նաև վանեցիները: Գուրգենը ճանապարհին կորցրեց իր հարազատներին և ուրիշ փախստականների հետ հասավ Արևելյան Հայաստան:

 

Այստեղ նա ապրեց որբանոցներում, հետո գտավ կենդանի մնացած մորը և մյուս հարազատներին: Տատիկը մահացել է գաղթի ճանապարհին: Տարիներ անց Մահարին սիրով ու հումորով պիտի պատմեր նրա մասին իր «Մանկություն» վիպակում: Որբանոցում ծանոթացավ Եղիշե Չարենցի հետ: Այստեղ էլ սկսեց գրել առաջին բանաստեղծությունները:

 

Գուրգեն Մահարին հարել է Ռամկավար Ազատական կուսակցության գաղափարախոսությանը, որը, ինչպես ինքն է նշում նամակներում, ժառանգություն է ստացել իր հորից, ով Արմենական կուսակցությանն էր հարում:

Որբանոցային կյանքի և հետագա թափառումների մասին Մահարին պատմում է «Պատանեկություն» վիպակում: Դրանք շատ դժվար տարիներ էին ինչպես Գուրգենի և նրա նման հազարավոր հայ երեխաների, այնպես էլ ամբողջ հայ ժողովրդի համար:

 

Արևմտահայության մի մասը սպանվել էր թուրքերի ձեռքով, մյուս մասը գաղթել էր զանազան երկրներ: Շատերն ապաստան էին գտել Արևելյան Հայաստանում, որը պատերազմում էր Թուրքիայի հետ: Աղքատություն, սով, համաճարակներ, սրանք այն տարիներին տարածված էին Հայաստանում: Այդ բոլորը Մահարին նկարագրում է «Պատանեկության» մեջ:

 

Մանկության տարիների և գաղթի մասին Մահարին այսպիսի վկայություն ունի ինքնակենսագրության մեջ.

 

«Իսկ ինչ է մանկությունը, եթե ոչ ամենամեծ արևը երկնքի վրա, բաց պատուհանից նայող ամենահսկա լուսինը, վիթխարի բարդու գագաթին կանգնած արագիլի` արևի տակ փայլող կտուցը, մորդ ժպիտը արցունքների միջից և արցունքները ժպիտով ողողված, ապա և կանաչ ճյուղերի մեջ վառվող մրգերն ու փակ պատուհանի ապակու վրա բզզացող բզեզի արծաթե թևերի զնգոցը, առաջին մանկական գրքի զարմանալիորեն հաճելի բուրմունքը, թարմ հացի բույրը և աստղոտ երկնքի տակ փռված այգիների բուրմունքը և բուրմունքը նեղ փողոցով անցնող փոշոտ նախիրների և հոտերի…

Քաղաքը, ուր անցել է իմ մանկությունը, տներ է ունեցել տափակ տանիքներով և ամեն տան առաջ տնամերձ մեծ մի այգի` ամեն միրգ ու բարիքով: Հողը հարուստ էր ցորենով և ծաղիկներով, հողը պարարտ էր, որովհետև տարիներ շարունակ հոսել էր մարդկային արյունը, և մարդկային արյունից ծաղիկներն ու խնձորները ավելի վառ կարմիր էին:

Փոքր էի, երբ կորցրի հորս, մի քիչ ավելի մեծ, երբ կորցրի ծննդավայրս: Ծննդավայրիս հետ կորցրի առմիշտ տատիս և մորս ժամանակավորապես: Չքացավ քարտեզի վրայից այն, ինչ կոչվում էր Արևմտյան Հայաստան, և մեկուկես միլիոն հայերի արյունից մի անգամ էլ ծաղիկները կարմրեցին, և վերջալույսները արյուն հագան: 1915թ. ես Էջմիածին ընկա` Դիլիջան, հետո` Երևան, քաղաքից քաղաք, փողոցից փողոց, մայթից մայթ, որբանոցից որբանոց, մահճակալից մահճակալ»:

 

Դժվարին տարիներին հաջորդեցին խաղաղության տարիներ: Մահարին դարձավ գրական կյանքի եռանդուն մասնակիցներից մեկը: Գրում էր բանաստեղծություններ, պատմվածքներ, վիպակներ: Նրան հռչակ բերեցին հատկապես «Մանկություն» և «Պատանեկություն» վիպակները, «Մրգահաս» բանաստեղծությունների ժողովածուն:

 

Նա զգում էր, որ նոր առօրյան, մեծ քաղաքի տարերքը զորավոր են: Բայց զարմանալիորեն հավատարիմ էր մնում քնարերգությանը, մարդկային հավերժական զգացմունքներին, բնությանը: Քսանական թվականների բանաստեղծություններից մեկում Մահարին գրում է.

 

                 Միևնույն է` որքան էլ փախչես,

                 Ցնորես քաղաքներ հսկա,

                 Քեզ հողդ պիտի ճանաչե,

                 Քեզ հողդ պիտի զգա:

 

Գրողի կյանքի և ստեղծագործության բնականոն ընթացքը, սակայն, ընդհատվեց աքսորով: 1936թ.-ին շատ գրողների, մտավորականների հետ նրան էլ անհեթեթ մեղադրանքով ձերբակալեցին և աքսորեցին: Մահարուն ազատեցին Ստալինի մահից հետո` 1953թ.-ին:

Մահարին վերադարձավ Երևան, գրեց բազմաթիվ նոր գործեր` «Ծաղկած փշալարեր», «Այրվող այգեստաններ» ստեղծագործությունները, ինչպես նաև պատմվածքներ, բանաստեղծություններ, հուշեր և այլն:

Գուրգեն Մահարին մահացել է 1969 թվականին:

 

ԿԱՐՈՏ

 

Սիրա՛ծ, ոսկե՛ աղջիկ, դեղի՛ն, հասկե՛ աղջիկ,

Աղջիկ իմ ջինջ աչքով,

Իզուր տարվեցիր դու անձրևների՜ կանչից,

Իզուր հեռացար դու…

 

Ապրում էիր պայծառ դաշտերում իմ հոգու,

Ծաղիկ էիր բացված,

Բարդու մի ծառ էիր, իմ բարդենի՛, իմ քո՛ւյր,

Իմ ծաղկավոր անցյալ…

 

Ախ, անձրևից հետո դու ծիածան դարձար,

Շքեղ, հուր ու երահ,

Բլուրներին ընկար, արոտներին արձակ

Ու մարգերի վրա…

 

Հետո ցնդեց այն էլ. ո՞ւր ես, սե՛ր իմ սիրած,

Ոսկեթև իմ թիթեռ,

Աղջի՞կ էիր, թե վիթ, ցնորք, մուժ ու միրաժ,

Աղջի՞կ էիր միթե…

 

Ահա օրը բացվեց լիմոնի պես լուսե

Ու նրա պես անուշ,

Ախ, էլ ոչինչ, ոչինչ իմ սիրտը չի հուզի,

Ախ, էլ ո՛չ մի անուն:

 

Սիրած, ոսկե աղջիկ, սիրո լուսե օրրան,

Միթե էլ չե՞ս դառնա,–

Ե՛կ, խառնվիր երգիս, այս արևոտ օրվան,

Այս ջրին ու գարնան…

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ