Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

«Ժիրո»-ն օգնում է մանուկներին սովորել հայերենի այբուբենը. Արևիկ Դոր (Լուսանկարներ)

<<Zhiro>>-n ognowm e manowknerin, sovorel hayereni aybowbene. Arewik Dor (Lowsankarner)_21092

«Ժիրո»-ն մեր այբուբենը հետաքրքրաշարժ ու խաղային տարբերակով ուսուցանող նկարազարդ գիրք-ալբոմ է՝ նախատեսված 4-ից բարձր տարիքի երեխաների համար: Հայերենի տառերին երեխաները ծանոթանում են Ժիրոյի և նրա ընկերոջ՝ արջի ճամփորդության միջոցով: Գրքի հեղինակն ու նկարազարդողը Հայաստանում և Եվրոպայում գործունեություն ծավալող երիտասարդ իլյուստրատոր-անիմատոր Արևիկ Դորն է:

 

Այբբենարանի այլընտրանքային տարբերակը հանդիսացող վերոնշյալ գիրքը Ժիրո անունով տղայի ու իր ընկերոջ՝ արջի մասին է: Գրքի գործողությունները զարգանում են փոստատարի՝ Ժիրոյին այցելելուց հետո, երբ փոստատարի բերած նվերը փոքրիկ Ժիրոն չի կարողանում վերցնել, քանի որ տառերը գրել չգիտի,

որպեսզի ստորագրի: Եվ Ժիրոն ու արջը միասին մեկնում են տառերը սովորելու ճամփորդության, հասնում կարմիր տառագրքին ու սկսում հետաքրքրաշարժ վարժությունների, տառ-պատկերների միջոցով յուրացնել մեր այբուբենը:

 

Գրքի յուրաքանչյուր էջում կան վարժություններ, որոնցով փոքրիկները հեշտությամբ կարողանում են համապատասխան տառը գրել՝ հաճախ նկարելու միջոցով: Օրինակ, «օ» տառը գրել-նկարելու համար գրքի հեղինակ Արևիկ Դորը ընտրել է զարմացած ձկներին: Որպեսզի երեխան գրի «օ» տառը, ձկների համար պետք է բերան նկարի կամ հակառակը, որպեսզի սովորի ձուկ նկարել, պետք է դիմի «օ» տառի օգնությանը: Նույն սկզբունքով փոքրիկները «թ» տառի կրկնությամբ թիթեռ են նկարում, «ց»-ի միջոցով՝ ցորեն և այլն: Ժիրոյի հետ միասին երեխան հաղթահարում է լաբիրինթոս՝ տառին հասնելու համար, պատկերների մեջ փնտրում տառեր և յուրաքանչյուր 4 տառ սովորելուց հետո հանդիպում «Ամփոփում» բաժնին, որտեղ էլ սովորած տառերի միջոցով երեխան պատկերում է դիմանկար:

 

Արևիկ Դորը «Հայ ձայնի» հետ զրույցում «Ժիրո»-ի ստեղծման մասին խոսելիս նշեց, որ Ֆրանսիայի ու Բելգիայի հայ համայնքներում ապրող երեխաների հետ հավաքական աշխատանքներ անցկացնելու ժամանակ նկատել է, որ հայերենով բանավոր հաղորդակցման դժվարության խնդիր երեխաների մոտ չկա, ինչը չի կարելի ասել գրավոր խոսքի պարագայում: «Մանկահասակ երեխաների հետ նկարչության դասեր անցկացնելիս նկատեցի, որ գրելիս երեխաները անմիջապես անցում են կատարում ֆրանսերենի, քանի որ հայերեն տառերը գրել չգիտեն: Ու պատճառը հասկանալի էր. արտերկրում մարդիկ շփվում են զարգացած գրականության հետ, գրքերը, որոնցով սովորում են, գունեղ են, խաղային, և երեխաները ավելի հեշտությամբ սովորում են այլ լեզուներ, քան՝ հայերեն: Եվ ես որոշեցի մի այնպիսի գիրք ստեղծել, որով երեխաները ցանկություն կունենան սովորել հայոց լեզվի տառերը: Գալով Հայաստան՝ գրքի գաղափարի մասին խոսեցի «Զանգակ» հրատարակչության հետ, գաղափարը հավանության արժանացավ նրանց կողմից, քանի որ իրենք էլ գաղափարի կողմնակից էին, և սկսեցի աշխատել գրքի ստեղծման վրա»,-ասաց Դորը: Գիրքը հեղինակը ստեղծել է 2 տարում՝ կատարելով ինչպես մասնագիտական աշխատանք՝ գրքի նկարազարդում, այնպես էլ հեղինակել է գրքում առկա տեքստերը:

 

«Գրքի հերոսի անունը՝ Ժիրո, պատահմամբ է ընտրվել: Նախապես ցանկանում էինք, որպեսզի հերոսի անունը հիշվող լինի, բոլոր լեզուներով հեշտությամբ հնչի, քանի որ արտերկրում ապրող հայ փոքրիկներն էլ, հնարավոր է, օգտագործեն գիրքը: Կար նաև ցանկություն հերոսի անվան միջոցով փոխանցել նրա խառնվածքը, ժիր ու կայտառ լինելը, ուստի որոշվեց նրան Ժիրո կոչել»,- նշում է Դորը:

 

Գիրքը, հեղինակի խոսքով, զարմանալիորեն դրական ընդունելություն է գտել: Երեխաները բավական ոգևորվել են գրքի զանազան վարժություններից, նկարների միջոցով գրելու հնարավորությունից, նաև գրելու միջոցով նկարելուց: Դորի խոսքով, երեխաներին առավել դուր է եկել տառերի միջոցով դիմանկարներ պատկերելը: Եղել են փոքրիկներ, որոնք իրենք են նոր դիամանկարներ ստեղծել՝ օգտագործելով ոչ թե գրքում առկա օրինակը, այլ իրենց սեփական մտահղացումը: «Երեխաները բաց են նոր բաներ սովորելու, ընդունելու համար: Երեխաների հետ շփումների ընթացքում գրքի հետ կապված միայն դրականն եմ տեսել, իսկ մեծահասակներն էլ, տեսնելով երեխաների ոգևորությունը, կարծես փոխում են այբբենարանի մասին ունեցած ընկալումները: Հատկապես նախադպրոցական շրջանի երեխաները կարիք ունեն նոր ու թարմ մտածողությամբ գրքի»,- ասաց Դորը՝ հավելելով, որ միտումնավոր գրքում ներառել է տետրի թղթեր հիշեցող էջեր, որպեսզի երեխաները սովորեն տետրի էջերին, որոշակիորեն հաղթահարեն դպրոց գնալու վախը, սովորելուն նայեն այլ դիտակետից: «Երեխաները խաղալ ու նկարել են ուզում, պետք է նրանց հետ դա անել, և միևնույն ժամանակ սովորեցնել գրել ու կարդալ. հարկավոր է համատեղել 2 գործողությունները»:

Արևիկ Դորը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ գրքի հաջողության դեպքում հնարավոր է շարունակական թեմաներով նմանատիպ գրքեր ևս ստեղծվեն, օրինակ, մաթեմատիկայի վերաբերյալ գիրք-ալբոմ:

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները՝ arevikdor.com կայքից

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ