Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

«1000 տարվա գյուղամեջ»՝ Փշատավանում

am
1000-tarva-gyouxamej-psatavanoum

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ից 20։00-ն, Արմավիրի մարզի Փշատավան համայնքում տեղի կունենա «1000 տարվա գյուղամեջ» գյուղական կենցաղավարության, արհեստների և արվեստի երկրորդ փառատոնը, որի նպատակն է զբոսաշրջության միջոցով նպաստել Փշատավան համայնքի զարգացմանը։

Փառատոնի կազմակեպիչները հայտնում են, որ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունն ուղեկցվելու է հայկական ավանդական դիմակահանդեսով՝ նվիրված Թումանյանի 150- ամյակին, այնուհետև ներկայացվելու է ավանդական կոխի ցուցադրություն, ելույթ է ունենալու ՀՀ վաստակավոր արտիստ, լարախաղաց Վլադիմիր Հակոբյանը։

Մինչ բացման արարողությունը ժամը 11-ից համայնքում մեկնարկելու է ծանրամարտի մրցաշար, որի ժամանակ ցուցադրական ելույթով ներկայանալու է Դյութազնագրքի հերոս Գևորգ Աֆրիկյանը, ով նաև սահմանելու է նոր ռեկորդ՝ հենում - ծալում վարժությունը կատարելով բութ և ճկույթ մատներով։

Այնուհետև հյուրերը շրջելու են գյուղում՝ մասնակից դառնալու իրադարձություններին։

«1000 տարվա գյուղամեջ»-ը մյուս փառատոներից տարբերվում է իր ձևաչափով, քանի որ տաղավարները տեղադրված են ոչ թե հրապարակում, այլ բնակիչների բակերում։ Հյուրերը ոչ միայն դիտում են, այլ նաև մասնակցում․ բակերում իրականացվում են վարպետության դասեր։

Բակերն անվանական են և յուրաքանչյուրում տեղի է ունենում մեկ կամ մի քանի իրադարձություն․ «Դարբնոց», «Թոնրատուն» , «Մեղրի բակ» , «Նկարչության բակ», «Երաժշտական բակ» (Նվիրված է Կոմիտասի 150- ամյակին), «Կավագործության, կերամիկայի և խաչքարագործության բակ», «Կարուձևի բակ», «Բրդի վերամշակման և գորգագործության բակ», «Տիկնիկագործության և տոնածիսական բակ», «Գրականության բակ», «Գինու և օղու թորման բակ», « Թանգարանային բակ- ցուցադրական պեղումներ», «Թատերական բակ»։ Գործելու է լուսանկարչության տաղավար՝ ազգային մոտիվներով կահավորված, սրճարաններ, հուշանվերների սրահ։

Երեկոյան նախատեսվում է համերգային ծրագիր հայկական ազգային երաժշտական խմբերի, անհատ կատարողների մասնակցությամբ։

Փառատոնին իրենց մասնակցությունն են ունենալու ՀՀ Արմավիրի մարզպետարանի, ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, պատգամավորներ, մշակութային, հասարակական գործիչներ։
«1000 տարվա գյուղամեջ»-ը Փառատոնների հայկական ասոցիացիայի անդամ է, իրականացվում է ասոցիացիայի աջակցությամբ և Փշատավանի համայնքապետարանի հովանավորությամբ՝ հեղինակ – կազմակերպիչ Կարինե Փանոսյանի և Փշատավանի երիտասարդական նախաձեռնության համակարգող Լիլիթ Գրիգորյանի կողմից։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ