Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

1640 թվականին Իրանի հեռավոր անկյուններից մեկում՝ Նոր Ջուղայում հայերը հիմնում են տպարան և սկիզբ դնում գրատպությանը

am
1640-tvakanin-irani-heravor-ankyounneric-mekoum-nor-jouxayoum-hayere-himnoum-en-tparan-e-skizb-dnoum-gratpoutyane

1640 թվականին Իրանի հեռավոր անկյուններից մեկում` Սպահանից ոչ հեռու գտնվող Նոր Ջուղա գյուղաքաղաքում, հայերը, առանց որևէ պատկերացում ունենալու տպագրության մասին, հիմնում են տպարան, որի մամուլը, տառերի փորագրումն ու ձուլումը, անգամ տպագրական թուղթը պատրաստում էին իրենք` տնայնագործական եղանակով:

Նոր Ջուղայի մշակութային խոշոր գործիչներից էր Խաչատուր Կեսարացին, ով պատմիչ Առաքել Դավրիժեցու վկայությամբ «հեզ, խաղաղ եւ քաղցրաբարոյ մարդ էր, իմաստուն ու բանիբուն»:

Նրա օրոք է սկսվում ուսումնական գործի, գրչության արվեստի ծաղկումը Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքում: Կեսարացին իր շուրջն է հավաքում գաղափարակից աշխարհիկ ու հոգևորական մարդկանց՝ 20-25 հոգու, ովքեր պատրաստում են տպագրական մեքենա՝ մամուլով և տառերով, կաղապարներ ու զարդեր, թանաք, թուղթ և կատարում մի փորձնական տպագրություն՝ «Սաղմոսարանը» (1638թ.), որի միակ օրինակը գտնվում է Անգլիայում` Օքսֆորդի Բոդլեյան գրադարանում: 

«Սաղմոսարան»-ից հետո Նոր Ջուղայի տպարանում են լույս տեսնում «Հարանց վարք», «Խորհրդատետր», «Ժամագիրք ատենի» և այլ գրքեր, որոնք պահվում են Հայաստանի ազգային գրադարանում:

Ս. Ամենափրկիչ վանքի մոտ վերջերս հիմնադրվել է Ազգագրական թանգարան, որտեղ առանձին տաղավարներով ցուցադրված են Հին Ջուղայի կործանման եւ Նոր Ջուղայի հիմնադրման պատմությունը, արհեստը, արվեստը, դպրոցը, երաժշտությունը եւ գրատպությունը: Նոր Ջուղայի տպարանում տպագրված առաջին գրքերը տեսնել եւ դրանց մասին հետաքրքիր մանրամասներ իմանալ կարող եք՝ այցելելով The Museum of Printing / Գրատպության թանգարան:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ