1933 թվականի հունվարի 12-ին Երևանում հայտնվեց առաջին տրամվայը

am
1933-tvakani-hounvari-12-in-ereanoum-haytnvec-arajin-tramvaye

Հայաստանի միակ քաղաքը, որտեղ երբևէ գոյություն է ունեցել տրամվայը, Երևանն էր։ 1933 թվականի հունվարի 12-ին Երևանում սկսվել է լայնակոս էլեկտրաքարշական տրամվայի գործարկումը։

Մինչև էլեկտրական տրանսպորտի շահագործումը Երևանի բնակչության փոխադրումը կատարվում էր ձիաքարշի միջոցով։ Ձիաքարշը 5-6 շարք նստարաններով մի կառք էր, որը երթևեկում էր Աբովյան փողոցով կայարանից մինչև ներկայիս Հայֆիլհարմոնիայի ամառային դահլիճի մոտակայքը։ Միրզոյանի քաղաքային ձիաքարշը Երևանում սկսել էր աշխատել դեռևս 1906 թվականի սեպտեմբերի 29-ից։ Ձիաքարշի նմանօրինակ նեղուղին գոյություն է ունեցել մինչ 1918 թվականի օգոստոսը։

1933 թ. հունվարի 12-ին, տրամվայի շահագործման հանձնելու օրը Երևանի աշխատավորները հավաքվել են միտինգի։ ՀԽՍՀ, Ժողկոմխորհի նախագահի տեղակալ Ա. Երզնկյանի բացման ճառից հետո տրամվայի վագոնները սկսել են շարժվե Աբովյան փողոցի, կայարանային, գործարանային թաղամասի երթուղիներով։

Տրամվայի շահագործման հանձնելուց հետո հսկայական չափով մեծանում է նրա գործունեության շառավիղր։ Եթե տրամվայի շահագործման հանձնելու առաջին տարին գծի երկարությունը 7 կիլոմետր էր, ապա 1964 թ. այն հասավ 85 կիլոմետրի։

Տրամվայի վագոնների թիվը ամեն հինգ տարին մեկ միջինում ավելացել է 25%-ով․ եթե 1933 թվականին այն կազմում էր 16, ապա 1945 թվականին արդեն 77 վագոն, իսկ 1965 թվականին՝ շարժակազմի 222 միավոր։ Օգտագործվել է 2 տեսակի տրամվայ՝ 71-605 և PB3-6M2։ Քանի որ տրամվայի ծախսերը՝ ավտոբուսի համեմատ գերազանցում էին 2.4 տոկոսով, ինչպես նաև թանկ էլեկտրաէներգիայի և Երևանի Հրազդանի Մեծ կամրջի (Կիևյան կամուրջ) վրայով տրամվայի անցնելու ժամանակ առաջացած խնդիների պատճառով 2003 թվականի հունիսի 20-ին փակվել է №7 երթուղին։

2004 թվականի հունվարի 21-ին տրամվայի համակարգը Երևանում պաշտոնապես փակվել է։ Ուղիների մեծ մասը վերացվել է, տրամվայները վերածվել են մետաղաջարդոնների, տրամվայի դեպոն օգտագործում են տարբեր մասնավոր ձեռնարկություններ, իսկ ենթակայանը սպասարկում է Երևանի տրոլելբուսին։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ