Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

25 տարի առաջ կազմավորվեց ազատագրված Արցախի Քաշաթաղի շրջանը

am
25-tari-araj-kazmavorvec-azatagrvac-arcaxi-qasataxi-srjane

25 տարի առաջ՝ 1993թ. դեկտեմբերի 2-ին ԼՂՀ կառավարության հատուկ որոշմամբ ստեղծվեց Արցախի հանրապետության 7-րդ վարչական միավորը՝ Քաշաթաղի շրջանը՝ Բերձոր կենտրոնով:

Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը դարձավ արդեն միավորող շրջան, կամրջող տարածք: Դրանից ընդամենը մեկ ամիս առաջ ազատագրվեց շրջանի հարավային մասը՝ Կովսական, Միջնավան քաղաքներով և ողջ տարածքով:

Մոտ 3380ք/կմ տարածքով 25-ամյա շրջանն իր մեջ է ներառել Պատմական Մեծ Հայքի Սյունիք և Արցախ աշխարհների մի քանի գավառ ու գավառակ, որոնց մի մասը խորհրդային կարգերի կազմավորման սկզբում բռնակցվել էին Ադրբեջանի Հանրապետության Լաչինի, Կուբաթլուի և Զանգելանի շրջաններին:

Ներկայիս Քաշաթաղի շրջանը, որն ունի 100-ից ավելի բնակեցված բնակավայր՝ ընդգրկված 4 քաղաքային և 50 գյուղական համայնքներում, ընկած է Հակարի գետի ողջ ավազանում՝ նրա հյուսիսային Աղավնո, Հոչանց և Շալուա 3 մեծ վտակներով հանդերձ, Որոտանի ստորին հոսանքի ավազանում և Ողջիի ու Ծավի միջին ու ստորին ավազաններում՝ ձգվելով Քարվաճառ-Քաշաթաղ սահմանային լեռնանցքից մինչև Արաքս՝ մոտ 200կմ: Արևմուտքում սահմանակից է ՀՀ Սյունիքի մարզին, հյուսիսում և արևելքում՝ Արցախի Հանրապետության Քարվաճառի, Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Հադրութի շրջաններին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Շրջանի հյուսիսային մասի մեծ մասը լեռնային է, իսկ հարավայինի կեսն ընկած է Արցախի, Բարկուշատի և Մեղրու լեռնաշղթաների նախալեռնային գոտում:

1994-ի գարնանը շրջկենտրոն Բերձոր եկան առաջին վերաբնակիչները՝ շրջվարչակազմի առաջին ղեկավար Ալեքսան Հակոբյանի գլխավորությամբ (եկել են 13 հոգի): Հետագայում Քաշաթաղում վերաբնակեցվեցին Ադրբեջանի հայաշատ բնակավայրերից և Արցախի՝ թուրքերի կողմից բռնազավթած բնակավայրերից՝ Չայլու, Մարաղա և այլն, գաղթած մեր հայրենակիցները, այնուհետև՝ Սպիտակի երկրաշարժից ավերված բնակավայրերից:

1996-98 թվականներին կառուցվեց Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին, որը գտնվում է Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա: 94-ի սեպեմբերին բացվեց շրջանի առաջին կրթօջախը՝ Բերձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը, որն սկզբում կոչվեց Համբարձում Գալստյանի անունով, իսկ արդեն մի քանի տարի է՝ անվանափոխվել և կրում է արևմտահայ հայտնի բանաստեղծ Վահան Թեքեյանի անունը: 1994-96 թվականներին կրթօջախներ բացվեցին Աղավնոյում(Գ. Նժդեհի անվան), Ծաղկաբերդում(Աշոտ Նավասարդյանի անվան), Տանձուտում, Հարարում, Արտաշավիում (Լեոնիդ Ազգալդյանի անվան), Շալուայում, Գողթանիկում, Վակունիսում (Վուրգ Ոսկանյանի անվ.) և այլ համայնքներում ու բնակավայրերում: 1996-ի հոկտեմբերին սկսեց գործել Բերձորի թիվ 2 միջնակարգ դպրոցը՝ Վահան Զատիկյանի անունով:

Այժմ շրջանում գործում են 54 (1-ը՝ տարրական կրթությամբ) հանրակրթական դպրոց՝ ընդհանուր մոտ 2200 աշակերտով, 800 ուսուցչով: 1996-ին հարավային թևում դպրոց բացվեց Միջնավան քաղաքում, որը կոչվեց Գալինա Ստարովոյտովայի անունով:

Տիգրանավան գյուղից մինչև Արաքս ընկած հատվածում վերաբնակեցումը լայն թափով սկսվեց 1997 թվականի սկզբներին: Այս մասում են շրջանի 3 քաղաքները՝ Միջնավանը՝ Արաքսի ձախ ափին, Կովսականը՝ Ողջիի 2 ափերին և Որոտանը՝ Որոտանի 2 ափերին:

Վերջին տարիներին հարավային մասում գտնվող Իշխանաձոր գյուղում իրականացվեցին բնակարանաշինական աշխատանքներ, գյուղում կառուցվեց նոր՝ Ազատամարտիկների թաղամասը՝ մոտ 100 բնակելի տներով, մարզադաշտով: Շրջանում բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, որի զարգացած ճյուղերն են հողագործությունը, այգեգործությունը, անասնապահությունը, մեղվաբուծությունը:

Վերջին տարիներին իրականացվում է մոտ 25.000հա հացահատիկի և այլ մշակաբույսերի ցանքս: Հարավային թևում կան մի քանի տասնյակ ջերմոցային տնտեսություններ: Շրջանը հարուստ է անտառներով, արոտավայրերով, խոտհարքերով, գեղատեսիլ բնությամբ: Պահպանված պատմամշակութային հուշարձանները հաստատում են շրջանի հայոց բնօրրան լինելու մասին: Ամբողջական, կիսավեր ու ավերված վիճակներում մեզ են հասել մոտ 3 տասնյակ վանք ու եկեղեցի, հայկական գերեզմանատներ, խաչքարեր, տապանաքարեր, կամուրջներ, ջրաղացներ, այլ կոթողներ:

Վերջին մի քանի տարիների ընթացքում հնագիտական ուսումնասիրություններ ենք իրականացրել այս հուշարձաններում և հայտնի ու նորահայտ հնադարյան ամրոցներում, բնակատեղիներում, դամբարանադաշտերում: Վանքերից շատ հայտնի է 4-րդ դարում կառուցված Ծիծեռնավանքը, որի Սուրբ Գևորգ եռանավ բազիլիկ տաճարը և հացատունն ազատագրումից հետո հիմնովին վերակառուցվել են: Հացատունը գուրծում է որպես թանգարան:

Լավ են պահպանվել նաև 17-րդ դարում կառուցված մի շարք եկեղեցիներ` Հակի Սուրբ Մինասը, Միրիկի Սուրբ Աստվածածինը, Հոչանցի Սուրբ Ստեփանոսը, որոնք Թուֆենկյան հիմնադրամի կողմից նորոգվել են, Հերիկի Սուրբ Գևորգը, Շալուայի, Սթունիսի, Արախիշի, Մազրայի սրբավայրերը:

Աղավնո գետի աջ ափից մոտ 1 կմ հեռու` բարձր ժայռի վրա, որի տակ քարանձավներ են, գտնվում է 12-13-րդ դարերում կառուցված Մկնատամի

Խաչ մատուռ-եկեղեցին: Բերձորից մոտ 60 կմ հյուսիս ընկած Արախիշ գյուղում դարձյալ կիսակործան վիճակում կանգուն է 12-13-րդ դարերի մեկ այլ հուշարձան` կամարակապ եկեղեցի, որը պայթեցվել է 1983թ.: Նման և ավելի վատթար վիճակում են Վարազգոմի վանքը՝ 9-րդ դար, Հարարի (16-17-րդ դդ.), Վակունիսի եկեղեցիները, Կաթոսավանքը (9-11-րդ դդ.), Աղբրաձորի վանքը (9-11-րդ դդ.), Ճապկուտի, Բերքնիի, Ջամբազի և այլ եկեղեցիներ: Կան նաև ժայռափոր եկեղեցիներ Ծաղկաբերդում (Քրոնքի վանք), Տանձուտում, Հոչանցում, Որոտանի մոտակայքում, այլ վայրերում: Հոչանցի ժայռափոր եկեղեցի-անապատի մասին հիշատակություն կա Առաքել Դավրիժեցու «Պատմություն» գրքում:

Ըստ պատմիչի` 17-րդ դարասկզբին Տաթևի Մեծ անապատից բարձրաստիճան մի քանի հոգևորականներ գալիս են այստեղ և հիմնում անապատ: Բերձոր շրջկենտրոնում, բացի 2 հանրակրթականներից, գործում են արվեստի, մարզական դպրոցներ՝ յուրաքանչյուրում 200-ից ավելի սաներ, պետական մանկապարտեզ՝ մոտ 120 երեխաների ընդգրկմամբ, երեխաների խնամքի թիվ 2 հաստատությունը՝ մոտ 20 երեխաներով, գրադարան, Քաշաթաղի երկրագիտական թանգարանը, շրջանային բուժմիավորումը, ԱԳԱՊԵ եկեղեցական ընկերությունը, այլ կառույցներ, խանութներ: «Մերան» շրջանային պաշտոնաթերթի առաջին համարը լույս տեսավ 9 տարի առաջ՝ Խաչիկ Բաղդասարյանի խմբագրմամբ: Թերթը տպագրվում է 500 օրինակով՝ ամիսը 2 անգամ: Ունի խորհրդանշական՝ Արցախ-Մայր հայրենիք միավորող-մերող անվանում: Շրջանի կայացման ու զարգացման գործում, բացի պետական հատկացումներից, կարևորվում են Սփյուռքում և ներսում գործող բարեգործական կառույցները, որոնցից են «Թուֆենկյան»-ը, «Հայրենասերը»-ը, «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամը, որը բացի սոցիալական ծրագրեր իրակացնելուց, յուրաքանչյուր տարի 2-3 անգամ ծառատունկ է կազմակերպում Բերձորում և հարակից տարածքներում, «Թեքեյանը»-ը, «Քաշաթաղ»-ը, «Արցախ-ֆոոնտ»-ը, «Հայ կրթական»-ը, «Հայրենիք»-ը, ՀԲԸՄ-ն և այլն:

Լիբանանում գործող «ԱՐԻ» հիմնադրամի ֆինանսավորմամբ ու ԱՀ կառավարության օժանդակությամբ Աղավնո գյուղում կառուցվել է 50 բնակելի առանձնատուն, ծրագիրը շարունակական է: Շրջանն այժմ ղեկավարում է «Հայրենասերը» ՀԿ համահիմնադիր Ստեփան Սարգսյանը՝ վերջերս փոխարինելով Սուրեն խաչատրյանին, ում ղեկավարման տարիներին իրականացվեցին մեծ աշխատանքներ բնակարանաշինության, ճանապարհների բարեկարգման, ցանքատարածքների ավելացման և այլ բնագավառներում: Դպրոցաշինության գործում վերջին տարիներին մեծ է

Հայրենասեր ՀԿ-ի դերը, որի ֆինանսական հատկացումներով, օժանդակությամբ կառուցվել, հիմնանորոգվել, ընդլայնվել են Լեռնահովիտի, Հերիկի, Վուրգավանի, Հակի, Մուշի, Մոշաթաղի և այլ համայնքների դպրոցական շենքեր: Շրջանի դերը մեծ է արցախի Հանրապետության կայացման գործում: Քաշթաղցիները մեծ ներդրում ունեն երկրի մշակույթի, կրթության, գյուղատնտեսության, սպորտի զարգացման գործում: Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի առաջին կեսին Ստեփանակերտում կազմակերպվում է Բերքի տոն, և մշտապես ամենաշատ բերք ու բարիք տանավաճառ Քաշաթաղի շրջանից է բերվում:

Բերձորի արվեստի դպրոցի սաները, Բերձոր ժողգործիքների, Կովսականի «Թաթուլ», իշխանաձորի դպրոցականների համույթները հաճախ են այցելում տարբեր համայնքներ, զորամասեր և համերգներով հանդես գալիս բնակչության, զինվորների համար: Հարկ եղած դեպքում տղամարդկանց մեծ մասը մեկնել է առաջնագիծ ու սահմանապահ զինվորի հետ հսկել դիրքերում: Բարձր կարգապահությամբ է իրականանում տարեկան զորակոչը, որին ենթակա տղաները ժամանակին ներկայանում են, մեկնում Հայոց բանակ, և բոլորն են դառնում գարգապահ ու օրինակելի զինվոր:

Տարվա ընթացքում Քաշաթաղի շրջվարչակազմի կողմից մի քանի անգամ կազմակերպվում է այցելություն առաջնագիծ: Շրջկենտրոն Բերձորը համագործակցության և բարեկամության հռչակագիր ունի ԱՄն Հայլենդ և Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքների հետ: Կովսական քաղաքը՝ Լիբանանի Այնճարի հետ: Համագործակցության հռչակագիր է ստորագրվելՔաշաթաղի և Երևանի Նոր-Նորքի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի միջև:

Զոհրաբ Ըռքոյան

ՀԱՅ ՁԱՅՆ-ի Քաշաթաղի թղթակից

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ