Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է:
Երվանդ Քոչար

51 տարի առաջ բացվեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը, որը բացառիկ է իր նշանակությամբ և ճարտարապետությամբ

am
51-tari-araj-bacvec-sardarapati-herosamarti-housahamalire--ore-bacarik-e-ir-nsanakoutyamb-e-jartarapetoutyamb

51 տարի առաջ՝ 1968թ. մայիսի 25-ին տեղի ունեցավ Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացումը: Հուշահամալիրը նվիրված է 1918թ. մայիսի 22-28-ը Սարդարապատում թուրք զավթիչների դեմ մղված պատմական ճակատամարտին և թուրքական կանոնավոր բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած հաղթանակին:

Գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Արաքս գյուղի մոտ` Հայաստանի պատմական մայրաքաղաք Արմավիրից 10 կմ հեռավորության վրա։ 1918 թվականին Արմավիր քաղաքի անունը Սարդարապատ էր, որի հետ էլ կապված է հուշահամալիրի անվանումը։ Համալիրի հանդիսավոր բացումը կատարվել է Սարդարապատի ճակատամարտում հայ ժողովրդի հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ։

Սարդարապատի հուշահամալիրի հեղինակներն են Հայաստանի արվեստի և մշակույթի գործիչներից ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործներ Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանը և Արա Հարությունյանը։

Հուշահամալիրը կառուցվել է ճիշտ ճակատամարտի տեղում: Այն բացառիկ է: Անսովոր է մոտիվների յուրահատուկ զուգակցումով: Անկրկնելի են թևավոր ցուլերը և վեհասքանչ հաղթական զանգերը: «Զանգակատունը» (35 մ բարձրությամբ) համալիրի հորինվածքի դոմինանտն է: Ստեղծագործաբար իմաստավորված է ամեն մի գծիկը, ամեն մի մանրամասնը:

Ուղղահայաց «Զանգակատունը» դրված է աստիճանաձև ստիլոբատի վրա, որով ավելի է շեշտվում շարժումը, ձգտումը դեպի վեր: Ողջ բնությունը ընդգրկված է ճարտարապետական տարածության մեջ: Թվում է, թե «Զանգակատան» կուռ ուրվանկարը գծված է կապույտ երկնքում: Նրա հորինվածքը կազմված է չորս վերասլաց մույթերից, որոնց արանքից երևում է երկինքի լազուրը` ողողելով «Զանգակատունը» բոլոր կողմերից: Երեք շարքով կախված են զանգերը: «Զանգակատան» գեղարվեստական լուծման բացառիկ ինքնատիպությանը անկրկնելի է դարձնում ամբողջ համալիրը:

«Զանգակատան» հրապարակից սկիզբ է առնում ծառուղի` ռիթմիկ դասավորված արծիվների քանդակներով: Արծիվները մարմնավորում են պատերազմի հերոսներին: Քանդակը ճարտարապետության հետ միասին ստանձնում է իմաստային բեռնվածությունը:

Արծիվների ծառուղին առաջնորդում է այցելուներին դեպի բաց հրապարակ, որտեղ տեղադրված է աղեղնաձև քանդակազարդ «Հաղթանակ» պատը (երկարությունը` 55մ, բարձրությունը` 7մ):

Պատի երկու մակերեսների վրա այլաբանորեն ներկայացված են Սարդարապատի ճակատամարտի պատկերները: Անսամբլի շինությունները տարածականորեն միացնելու համար, Իսրայելյանը թանգարան տանող ճանապարհին ներառել է «Վարդավառ» սեղանատունը (1970 թ.), որը մտահղացված է հայ միջնադարյան ճարտարապետության ձևերով:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ