Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Ադրբեջանական խելագարությունից հինգ րոպե պակաս

en ru am
Adrbejanakan khelagarowt`yownits` hing rope pakas   _97883

Հեղինակ՝ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

«Շանթ 2018»-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության արձագանքը չափազանց հիստերիկ էր: Պաշտոնական Բաքուն համարեց, որ Հայաստանը «չեղարկում է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը»: Ավելի վաղ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն Իլհամ Ալիեւն անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում հնչեցրած տեսակետներին եւ սպառնացել, թե «հետագա լարվածության ողջ պատասխանատվությունն ընկնում է անձամբ Փաշինյանի վրա»:

    Նման արձագանքը վկայում է, որ Ադրբեջանում պատրաստ չեն ԼՂ հարցով բանակցությունների, քանի որ Բաքվի մոտեցումներում գերիշխում է սեփական դիրքորոշումը «միակ արդարացի եւ միջազգային իրավունքին համապատասխան» ներկայացնելու մղումը: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ բանակցություններ չեն կարող լինել, քանի որ խնդիրը ոչ թե կողմերից մեկի շահերի բավարարումն է, այլ՝ բոլորի համար ընդունելի տարբերակին հասնելը:

    Այս իրավիճակում ադրբեջանական քարոզչությունը պնդում է, որ պետք է «մեծացնել ռազմական, տնտեսական, դիվանագիտական եւ տեղեկատվական ճնշումը Հայաստանի նկատմամբ», ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով «շրջանցել հայերին եւ քննարկումներ անցկացնել Մոսկվայի, Վաշինգտոնի, Թեհրանի եւ Բրյուսելի հետ»: Կա՞ նման հնարավորություն՝ այլ հարց է:

   Խոսքն այն մասին է, որ Ադրբեջանում չկա իրավիճակի սթափ ընկալում կամ քարոզչության մակարդակում փորձ է արվում տպավորություն ձեւավորել, որ համաշխարհային ուժային կենտրոնները  «սատարում են Ադրբեջանի արդարացի դիրքորոշմանը»: Ըստ երեւույթին, ադրբեջանական կողմում քննարկվում է խնդիրն ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը: Այդ մասին է խոսում Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունը, որի համաձայն՝ սեպտեմբերի 17-22-ին կանցկացվեն լայնամասշտաբ զորավարժություններ՝ ավելի քան 20 000 զինծառայողի,  200 միավոր զարահատեխնիկայի եւ  120 միավոր հրթիռահրետանային կայանքի ընդգրկմամբ:

   Զորավարժություններում կփորձարկվի «Ղարաբաղում հայկական զինուժի ոչնչացումը»՝ այսպես է խնդիրը ձեւակերպում ադրբեջանական մամուլը: Ինչպես տեսնում ենք, բոլոր պայմանականությունները հանված են, հակառակորդ երկրի ռազմական գերատեսչությունը բացահայտ հայտարարում է, որ մշակում է Լեռնային Ղարաբաղում հայկական «խոր էշելոնավորված պաշտպանությունը զրահատանկային ուժերով ճեղքելու, ռազմական եւ տնտեսական նշանակության օբյեկտները հրթիռահրետանային եւ ավիացիոն միջոցներով ոչնչացնելու» ռազմագործողություն:

  Ընդ որում, ընթացիկ տարում սա արդեն նույն ծավալով եւ նպատակադրվածությամբ իրականացվող երրորդ զորավարժությունն է: Պետք չէ մեծ ռազմագետ լինել, որպեսզի հասկանանք, որ զորքերի նման պարբերականությամբ եւ ծավալով փորձարկումը միայն մի բան է նշանակում՝ պատրաստվել պատերազմի: Մանավանդ, որ եթե նախկինում զորավարժություններին տրվում էր «հակահարձակման անցնելու» երանգ, ապա այսօր առաջադրվում է հստակ նպատակ՝ վարել հարձակողական ռազմագործողություն, որի նպատակը ոչ միայն հայկական «պաշտպանական գծի ճեղքումն է», այլեւ՝ Արցախի եւ Հայաստանի տարածքին հրթիռահրետանային եւ ավիացիոն հարվածներ հասցնելը:

 

   Այսինքն՝ խաղաղ բնակավայրերի հրիթիռահրետակոծումը եւ ռմբահարումը: Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը գտնվում է խելագարությունից հինգ րոպե պակաս վիճակում: Դիվանագիտական նախաձեռնությունները ձախողված են, քաղաքական եւ իրավական փաստարկներն՝ արժեզրկված: Հայկական կողմերը չեն տրվում քարոզչական պրեսինգին:

  Փաստացի Հայաստանը մերժում է ԼՂ կարգավորման բանակցությունների այն մեթոդաբանությունը, որ հայտնի է «մադրիդյան սկզբունքներ» անվանումով: Իրավիճակին ներազդելու Բաքվի միակ հնարավորությունը պատերազմի սպառնալիքն է:

 Կգնա՞ Ադրբեջանը նման խելագարության:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ