Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ռումինահայ ուխտավորներին

am
Amenayn Hayots` Kat`oghikosn  endownets` rhowminahay owkhtavornerin_94615

Սեպտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռումինիայի հայոց թեմի Կոստանցա քաղաքի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Օշական քահանա Խաչատրյանի:

Տեր Օշականը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ ուխտավոր հայորդիներից շատերն առաջին անգամ են այցելում Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ներկայացրեց համայնքի հոգևոր-ազգային կյանքը:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին` կարևորելով թեմի կողմից նման ուխտագնացությունների կազմակերպումը դեպի հայրենիք ու Սուրբ Էջմիածին, ինչն ավելի է սերտացնում կապը սեփական արմատների հետ: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ողջունեց եկեղեցական կառույցների այն ծրագրերը, որոնք համախմբում են հայորդիներին և նպաստում նրանց ազգային ոգու և գիտակցության կերտմանը:

Վերհիշելով տարիներ առաջ Ռումինիա կատարած հովվապետական այցը` Նորին Սրբությունը փաստեց, որ ականատեսն է դարձել ռումինահայության բարեպաշտ ոգուն ու Հայ Եկեղեցու հանդեպ ունեցած անսակարկ սիրուն ու հավատարմությանը: Գարեգին Բ Կաթողիկոսը խոսեց նաև Ռումինիայի կյանքում հայ համայնքի ունեցած պատմական կարևոր դերակատարության մասին: Հայոց Հովվապետը հաստատեց, որ ռումինահայ համայնքը հայ ժողովրդին պարգևել է նշանավոր և փառահեղ դեմքեր, որոնցից մեկն Երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետն է: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ ռումինահայությունը կշարունակի Հայ Եկեղեցուն մատռվակել արժանավոր զավակներ, ովքեր ներշնչված Վազգեն Վեհափառի օրինակով իրենց ծառայությունը կբերեն Մայր Աթոռի շենացման և պայծառության գործին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց ուխտավորներին իրենց զավակներին դաստիարակել աստվածսիրության, հայրենասիրության ոգով և ազգային արժեքներով:

Հանդիպմանը Ռումինիայի հայոց միության Կոստանցայի մասնաճյուղի նախագահ Լիվյու Մերդինյանը, իր խորին շնորհակալությունը հայտնելով Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության և հայրական օրհնության համար, ընդգծեց, որ Կոստանցայի հայ համայնքը դարեր շարունակ կրել և փոխանցել է սերունդներին ազգային ինքնության պահպանման գիտակցությունը:

Վերջում Նորին Սրբությունն իր աղոթքն ու բարեմաղթանքները բերեց ուխտավոր հայորդիներին՝ հայցելով, որ Աստված նորոգի նրանց ուխտը և Իր

առատ շնորհները հեղի նրանց վրա` պարգևելով գործոց հաջողություններ, որպեսզի կարողանան առավել ծաղկեցնել իրենց համայնքն ու տիրախնամ թեմը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ