Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Անհնար է պատկերացնել Հայաստանն առանց Հովհ. Թումանյանի թանգարանի. Նարինե Թուխիկյան

Anhnar e patkerats`nel Hayastann arhants` Hovh. T`owmanyani t`angarani. Narine T`owkhikyan_53119

Ավելի քան կես դարի պատմություն ունեցող Հովհաննես Թումանյանի թանգարանը ոչ միայն հայաստանաբնակների, այլև համայն հայության համար դարձել է ձգողական մի վայր, որը բոլորին մագնիսի պես դեպի իրեն է ձգում։ Այն Հայաստանում մշակութային և կրթական բացառիկ հասցե է, և անհնար է պատկերացնել Հայաստանն առանց Թումանյանի թանգարանի։ «Հայ ձայն»-ի հետ զրույցի ընթացքում նման կարծիք հայտնեց Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը՝ խոսելով թանգարանի անցյալի, ներկայի, ինչպես նաև ապագայի ու սպասվելիք ծրագրերի մասին:

Երևան քաղաքի Մոսկովյան 40 հասցեում գտնվող թանգարանի շենքում Մեծ լոռեցին երբևէ չի բնակվել, շենքը կառուցվել է նրա մահվանից 30 տարի անց, բայց նույնությամբ կրկնօրինակվել է նրա թիֆլիսյան վերջին բնակարանը. ամեն ինչ այնպես է, ինչպես Թումանյանի կենդանության օրոք: «Թիֆլիսից տեղափոխվելուց հետո այստեղ՝ թանգարանի շենքում ապրել են Թումանյանի տիկինը՝ Օլգան, և աղջիկները։ Աղջիկներից ավագը՝ Աշխենը, եղել է թանգարանի հիմնադիր-տնօրենը։ Տիկին Օլգան երկար ժամանակ պահպանել է իրենց թիֆլիսյան տան ավանդույթները, այստեղ հավաքներ, ճաշկերույթներ են կազմակերպվել։ Այսօր թանգարանում պահպանվել է տիկին Օլգայի հուշային սենյակը, հենց այդ սենյակում են հյուրընկալվել ժամանակի (1953թ.-ից սկսյալ) հայ մտավորականության ամենավառ ներկայացուցիչները՝ սկսած Վազգեն Ա Վեհափառից։ Մենք այսօր շարունակում ենք այդ օրերի ավանդույթները. Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, մահվան օրը՝ մարտի 23-ին, այցելուների համար բացվում է տիկին Օլգայի սենյակը, փոքրիկ հյուրասիրություն է կազմակերպվում»,- ասում է տիկին Թուխիկյանն ու ընդգծում, որ Թումանյանի շունչը թևածում է թանգարանում, նրա մասին պատմությունները, հուշերը նրան կենդանի են դարձնում, չնայած, որ այստեղ չի ապրել մեծն պոետը։

Հովհ. Թումանյանի երևանյան թանգարանը մշտապես աչքի է ընեկել նորարարություններով, հետաքրքրիր ու ժամանակակից լուծումների կիրառմամբ, նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ: Այն նման լուծումներով հագեցած առաջին թանգարանն է Հայաստանում։ «Նորագույն տեխնոլոգիաների ներդրման գաղափարն իմն էր,- նշում է մեր զրուցակիցը: Դրանց շնորհիվ մեծապես ավելացավ թանգարանի գրավչությունը: Դրանով ոչինչ չխաթարվեց միջազգային թանգարանային գաղափարախոսության մեջ, այլ ընդհակառակը, համեմունք ավելացավ, հավելյալ հմայք փոխանցվեց թանգարանին։ Այսօր նորագույն տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս Թումանյանի ժամանակներին վերաբերող տեղեկությունը նորովի մատուցել։ Տեխնոլոգիական լեզուն հասկացող այսօրվա սերնդին չենք կարող ստիպել հին կերպ մտածել։ Փոխարենը մենք պետք է նորի ճանապարհով գնանք։ Պետք է հիշել նաև, որ Թումանյանն ինքը շատ նախանձախնդիր էր նորարարությունների նկատմամբ, և ուներ առաջադեմ, զարգացած երկրներում արտադրված ժամանակակից մի շարք իրեր»։

Ինչպես հայտնի է, գալիք տարի լրանում է Թումանյանի ծննդյան 150-ամյակը, որը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում: Կարևոր ու նշանակալից իրադարձությանը գրողի թանգարանը մեծ խանդավառությամբ և պատասխանատվությամբ է պատրաստվում: Գալիք տարվա փետրարի 19-ին՝ Թումանյանի ծննդյան օրը, թանգարանում շքեղ ու բացառիկ միջոցառում է կազմակերպվելու, որը թանգարանի այցելուների ու հյուրերի համար օրն անմոռանալի կդարձնի։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց տիկին Թուխիկյանը, հոբելյանի առթիվ մի շարք ծրագրեր են նախատեսվում, որոնցից գլխավորը գրողի երկերի լիակատար ժողովածուի վերահրատարակումն է, ինչն արդեն ընթացքի մեջ է: «Այժմ Գրականության և արվեստի թանգարանի հետ միասին վերահրատարակում ենք Թումանյանի երկերի լիակատար ժողովածուն 10 հատորով։ Վերջին անգամ ԵԼԺ-ը հրատարակվել է 1900-ականների սկզբին, երբ Հայաստանը ծանր ժամանակներ էր ապրում: Եվ քանի որ տպագրական հնարավորությունները սուղ էին, դրանք վատ որակով են ստացվել։ Ուստի, այժմ 10-հատորյակը լույս կընծայվի լրացված այն տեղեկություններով, որոնց նախորդ խմբագրակազմը պարզապես չի տիրապետել, իսկ այսօր մենք կարող ենք դա լրացնել։ Այդ 10-հատորյակը կլինի մեր թանգարանի գոհարը։ 150-ամյակի կապակցությամբ պետք է պատմության մեջ արմատական, հիմնարար արդյունք թողնել, և այդ հիմնարար արդյունքներից կլինի Թումանյանի երկերի լիակատար ժողովածուն»,- ասաց մեր զրուցակիցը։

Վերջինս հավելեց նաև, որ նպատակ ունեն Թումանյանի կյանքի մասին պատմող անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ նկարահանել՝ անգլերեն և հայերեն տարբերակներով՝ ուսանելի և բերկրալի թե՛ մեծահասակների, թե՛ մանուկների համար։ «Ցանկանում ենք նաև շրջագայություն կազմակերպել և շրջել բոլոր այն վայրերով, որտեղ եղել է Թումանյանը՝ Հայաստանում, Վրաստանում»,- ասում է թանգարանի տնօրենը։

Թումանյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքում կկազմակերպվի նաև հեքիաթագիտությանը կվերաբերող գիտաժողով, կանցկացվեն ներհայաստանյան և արտահայաստանյան օլիմպիադաներ, որպեսզի աշխարհի բոլոր հայ մանուկները հնարավորություն ունեն մասնակցելու Թումանյանի 150-ամյակին։

«Այժմ ուսումնասիրում ենք Թումանյանի գրադարում առկա ընծայագրված գրքերը՝ և՛ իրեն ընծայվածները, և՛ իր ընծայած գրքերը: Դրանց ուսումնասիրությունների հիման վրա ալբոմ կհրատարկվի։ Հրատարակելու ենք նաև Թումանյանի ստացած նամակները։ Ճիշտ է, ԵԼԺ-ում ներառված են նրա կողմից գրված-ուղարկված նամակները, բայց մենք պատրաստվում ենք տպագրել Թումանյանի ստացած նամակները, ինչը ևս շատ հետաքրքրական է։ Եվ եթե կարողանանք հետագայում գտնել այդ նամակների պատասխանները, դրանք էլ առանձին ժողովածուով կհրատարակենք»,- հավելեց Նարինե Թուխիկյանը՝ ընդգծելով, որ դրանք շատ կարևոր գիտական հրատարակություններ են, որոնք պետք է կյանքի կոչել։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ