Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Անկարան նոր հետապնդումներ է ձեռնարկում․ թուրք պաշտոնյաները փախչում են Հունաստա՞ն

am en ru
Ankaran nor hetapndowmner e dzerhnarkowm. t`owrk` pashtonyanere p`akhch`owm en Hownasta?n_44754

Փետրվարի 20-ին  մի շարք լրատվական գործակալություններ տարածեցին հունական  politischios.gr. համացանցային աղբյուրից ստացած լուրը՝ թուրքական 17 պետական պաշտոնյաների կողմից երկրից ձեռնարկված փախուստի մասին։ Արկածային ժանրի լավագույն ավանդույթներին համապատասխան ռետինե նավակով նրանք կտրեցին – անցան Էգեյան ծովը և հատեցին Հունաստանի հետ սահմանը՝ տեղական իշխանություններից  քաղաքական ապաստան խնդրելու նպատակով։ Հունական աղբյուրների պնդմամբ, պաշտոնյաները, որոնց մեջ կան նաև գործող դատավորներ, արդեն իսկ հանձնվել են Թուրքիային սահմանակից Խիոս կղզու իշխանություններին։ Փախստականները հայտնել են, որ նրանք միայն այդ ճանապարհով են կարողացել ազատվել Էրդողանի վարչախմբի հետապնդումներից։

Դժվար է վստահաբար պնդել, որ պաշտոնյաների փախուստի իրական նպատակը միայն քաղաքական հետապնդումներն են եղել, սակայն այն, որ վերջին շրջանում Թուրքիայում դրանք կրկին ակտիվացել են, անհերքելի փաստ է։ Ինչպես տեղեկացնում է Ռեգնում գործակալությունը՝ հղում կատարելով թուրքական Անադոլուի հաղորդած տեղեկարվությանը, նույն փետրվարի 20-ին Ստամբուլի դատախազության պահանջով ձերբակալվել է 170 մարդ՝ այդ երկրում արգելված ՖԵԹՈ կազմակերպությանը հարելու պատճառաբանությամբ։ Իսկ չինական Սինհուա գործակալության տեղեկությամբ, թուրքական ոստիկանությունը լայնածավալ գործողություններ է իրականացնում երկրի 38 շրջաններում՝ այլախոհներին որսալու նպատակով։

Հիշեցնեմ, որ ՖԵԹՈ կազմակերպությունը ղեկավարվում է ընդդիմադիր կրոնական գործիչ Ֆաթուլլահ Գյուլենի կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թվականին նախաձեռնած, սակայն անհաջողության մատնված պետական հեղաշրջման մեջ։ Ներկայումս նա ապաստան է գտել ԱՄՆ -ում և չնայած Թուրքիայի համառ պահանջներին, Վաշինգտոնը առայժմ մտադրություն չունի Գյուլենին արտահանձնելու ՆԱՏՕ-ի երբեմնի ամենահավատարիմ դաշնակցին։ Թերևս, սա է վերջին շրջանում թուրք-ամերիկական հարաբերությունների լարվածության պատճառներից մեկը, սակայն ոչ միակը։

Ավելի կարևորը, սակայն, այն է, որ ձերբակալվածների մի մասը նախկին բարձրաստիճան զինվորականներ են։  Թուրքական  իրավապահ մարմինները պնդում են, որ  գյուլենականները սղոսկել են երկրի բոլոր կարևորագույն պետական կառույցները, ներառյալ՝ ոստիկանություն, բանակ, դատական համակարգ, և փորձում են ներսից սասանել դրանք։ Սա արդեն իրական է դարձնում երկիրը ներսից կազմաքանդելու վտանգը։

 

Տեսարանն ամբողջական դարձնելու նպատակով հիշեցնեմ, որ նմանատիպ ձերբակալություններ տեղի ունեցան նաև փետրվարի 16-ին. Անկարայի դատախազության պահանջով ձերբակալվեցին 22 քաղաքացիներ, որոնց մեջ կան նաև գործարար շրջանակների ներկայացուցիչներ։ Եվս երեսուն քաղաքացու նկատմամբ հայտարարված է հետախուզում։

Եթե այս ամենին ավելացնենք նաև Սիրիայի տարածքում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության մեջ խրվելը, որը գնալով ավելի շատ է նմանվում ավանտյուրայի, ապա հասկանալի է դառնում թուրքական իշխանությունների նյարդայնությունը նրանք փորձում են լիցքաթափել իրավիճակը երկրի ներսում, մինչ սիրիական ճգնաժամի՝ իրենց համար բարենպաստ լուծման հասնելը։ Իսկ թե որքանով է մոտ այդպիսի լուծումը, կարելի է դատել, մասնավորապես,  ՏԱՍՍ-ի կողմից նախօրեին մեջբերված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետևյալ բովանդակությամբ հայտարարությունից  Թուրքիայի անվտանգությունը կարող է ապահովվել միայն Սիրիայի օրինական կառավարության հետ երկխոսության միջոցով։ Լավրովը աներկիմաստ նշել է, որ ընդունելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Թուրքիայի մտահոգությունները, Ռուսաստանը նաև ընդունում է քրդերի դարավոր երազանքը և դեմ է հանդես գալիս քրդական հիմնախնդիրը շարունակական շահարկումների ենթարկելուն տարածաշրջանում գտնվող պետությունների տրոհման և քաոսի պահպանման ճանապարհով։ Մոտավորապես նման դիրքորոշում է հայտնում նաև ԱՄՆ վարչախումբը։

Ահա այսպիսի աննախադեպ ճնշումների պայմաններում Էրդողանին մնում է միայն ապավինել ռեպրեսիվ ապարատի օժանդակությանը երկրի ներսում կայունությունը պահպանելու նպատակով։ Իսկ նման միջոցները, ինչպես վկայում է Նորին Գերազանցություն պատմությունը, հաջողություն չեն կարող բերել։

 

 

Հատուկ «ՀԱՅ ՁԱՅՆ»ի համար

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ