Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Անտոն Ռշտունի

am
Anton Rhshtowni_103037

Անտոն Ռշտունին ծնվել է 1848թ.-ին Կ.Պոլսում: Կրթությունը ստացել է Ս. Փրկչյան որբանոցում: Պատանի հասակից ստանձնում է Ղալաթիայի Ս. Լուսավորիչ եկեղեցու գրագրության պաշտոնը, ծանոթանում է ազգային գործիչ Ստեփան Փափազյանի հետ, ով Ազգային երեսփոխանական ժողովում ընդդիմադիրների առաջնորդն էր: Վերջինս ընդդիմադիրների ներկայացրած ծրագրերը իրականացնելու համար երիտասարդ պայքարող անձանց կարիք ուներ, և դրա համար նկատել էր Անտոն Ռշտունուն: Վերջինս ժամանակի ընթացքում դառնում է Փափազյանի ամենահավատարիմ գործընկերը:

Երիտասարդ տարիքից միանում է Հնչակյան հեղափոխական կուսակցությանը:

Գրագրության պաշտոնը թողնելով՝ Ռշտունին Վարդովյանի հայտնի թատրոնում դերասանական աշխատանքի է անցնում, գրում է նաև հայրենասիրական մի շարք երաժշտություններ: Սակայն 1876-78 թթ. ռուս-թուրքական պատերազմի տարիներին թողնում է թատրոնը և մեկնում է Թրակիա: Պատերազմի ավարտից հետո տեղափոխվում է Ադանա, տեղի Ազգային վարժարանում ուսուցչությամբ զբաղվում: Սակայն կնոջ հիվանդության պատճառով մեկնում և հաստատվում է     Եգիպտոսում, այնտեղ լույս ընծայում «Արմավենի» թերթը, որը կարճ կյանք է ունենում: Ապա ձեռնարկում է «Հնչակ» թերթի լույս ընծայումը: Ռշտունին գնում է Աթենք, դառնում Նազարբեկի գործակիցներից մեկը Միհրան Տամատյանի հետ:

Այդ օրերին Կ.Պոլսում էին գտնվում կուսակցությանը հարող մի շարք գործիչներ՝ Համբարձում Բոյաջյանը, Միհրան Տամատյանը և այլն, որոնց միանում են Անտոն Ռշտունին և Ատոմ Ասլանյանը, որոնք կազմում են Պոլսի մասնաճյուղը: Խրիմյան Հայրիկի դերը դրական է անդրադառնում Հնչակյան կուսակցության կազմավորման գործում:

1889թ.-ին Ալեքսանդրիայում Ռշտունին հրատարակում է «Նեղոս» շաբաթաթերթը, որը լույս է տեսնում միայն 18 համարով:

Ապա Ռշտունին տարբեր հայաշատ քաղաքներում գործող հնչակյան կուսակցության մասնաճյուղերում է գործի անցնում:  

Ռշտունին Կեսարիայում կազմակերպում է հեղափոխական շարժում և արշավախումբ: Սակայն Նազարբեկի ուղարկած թրքալեզու հայտարարությունները ի չիք են դարձնում  Ռշտունու աշխատանքը: Սրանց պատճառով ձերբակալություններ են իրականացվում, վերջ է դրվում Փոքր Հայքում հնչակյանների գործունեությանը: 1893 թ.-ին Էնկյուրիի դատավարության ժամանակ Ռշտունին ևս դատապարտվում է, դատավարության ժամանակ բացահայտում է զինվորականների կաշառակերության դեպքերը: Ռշտունուն դատապարտում են մահվան, վերջինս, սակայն, կարողանում է փախուստի դիմել և ազատվել վճռից:  

Ռշտունին Միհրան Տամատյանի և այլոց հետ 1895թ.-ին կազմակերպում է Գում Գաբուի ցույցերը: Այնուհետ Ռշտունին անցնում է Եգիպտոս, ապա հնչակյան ընկերների հետ 1896թ.-ին հաստատվում է Լոնդոնում: Վերադառնում է Եգիպտոս, մտերմանում Հայ Սահմանադրական Ռամկավար   կուսակցությունը կազմած ընկերների հետ:

Ռշտունին մահանում է առաջացած տարիքում, սակայն մահվան և գերեզմանի մասին տվյալները հայտնի չեն:  

 

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ