Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Ապրիլի 16-ից հետո թուրքական հասարակության բևեռացումը կխորանա. Թուրքագետը՝ հանրաքվեի մասին

Aprili 16-its` heto t`owrk`akan hasarakowt`yan bewerhats`owme kkhorana. T`owrk`agete, hanrak`vei masin_6988

«Ամենայն հավանականությամբ Թուրքիայի սպասվելիք Սահմանադրական հանրաքվեն դրական արդյունք կունենա, Էրդողանի և նրա կողմնակիցների նախաձեռնած քաղաքական շարժումը կպսակվի հաջողությամբ, ինչը կբերի Թուրքիայի ողջ իշխանության՝ մի մարդու և նրա մերձավորների ձեռքում կենտրոնացման»,- «Հայ ձայնի» հետ զրույցում ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

Ըստ Գեղամյանի՝ այդ դեպքում մեր հարևանությամբ կունենանք մի երկիր, որտեղ բացարձակ ավտորիտար կառավարման ռեժիմ կգործի, ինչը նշանակում է, որ բոլոր որոշումները կայացվելու են մեկ կենտրոնից՝ բացառելով հասարակության ամենատարբեր շերտերի մասնակցությունը քաղաքական որոշումների կայացմանը: Սա վերաբերում է ոչ միայն կուսակցություններին, այլև քաղաքական հավակնություններ ունեցող ազգային և կրոնական փոքրամասնություններին՝ առաջին հերթին քրդերին: «Սա իր հերթին կհանգեցնի Թուրքիայի ներսում ավելի վտանգավոր և լարված իրավիճակի ստեղծման, քանի որ քրդերը, ալևիները, այլ ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ հնարավորություն չեն ունենալու քաղաքական լեգիտիմ ճանապարհով մասնակցելու քաղաքական գործընթացներին: Բռնության ուժը գերակայելու է, ինչի ականատեսն ենք մենք վերջին 2 տարիների ընթացքում»,-ասաց մեր զրուցակիցը հավելելով, որ 2015թ-ից սկսած թուրք-քրդական բախումը ստացել է նոր թափ, և այսօր դրանք շարունակվում են:

Թուրքագետի խոսքերի համաձայն՝ թուրքական իշխանության ամբողջ հռետորաբանությունը կառուցված է Թուրքիայի հասարակության բևեռացման վրա, այսինքն՝ «այո» քվեարկողը մեր կողմից է, «ոչ»-ը՝ դավաճան ու ահաբեկիչ, ինչը տանում է հասարակության մեջ ուժեղ բևեռացման, որը երբեմն դրսևորվում է ամենատարբեր բռնություններով՝ Լինչի դատաստանի փորձեր, ազգային փոքրամասնությունների հանդեպ պիտակավորումներ: «Օրինակ՝ Էրդողանի վերջին հայտարարությունը՝ «ոչ»- են ասում նրանք, ում մենք 100 տարի առաջ ծովն ենք նետել՝ նկատի ունենալով հույն, հայ փոքրամասնություններին: Այս նշանները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ ապրիլի 16-ից հետո թուրքական հասարակության բևեռացումը չի թուլանա, հակառակը՝ կուժեղանա, ինչը հղի է ներքին քաղաքացիական անհնազանդության և բախումների հավանականություններով»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այժմյան ձերբակալությունները, որոնք հաջորդեցին հուլիսյան դեպքերին, նպատակ ունեին քաղաքական դաշտը մաքրել բոլոր այն հավանական ուժերից, որոնք կարող էին խանգարել հանրաքվեի դրական արդյունքներին: Դրանք չեզոքացվել են. առաջին հերթին քրդական ուժերի ներկայացուցիչները, որոնք որ ամբողջ եռանդով կոչ էին անում բնակչությանը «ոչ» ասել հանրաքվեին: «Իշխանությունը կենտրոնացած է լինելու մի մարդու և նրա մտերիմների ձեռքում, և դա նշանակում է, որ ցանկացած պահի նա, ով կշեղվի նրանց ցանկություններից, կհայտնվի ձերբակալման վտանգի տակ»:

Խոսելով Թուրքիայի հայության՝ այս հարցի շուրջ ունեցած կեցվածքի մասին՝ Գեղամյանը նշեց այն հանգամանքը, որ փոքրամասնությունները մշտապես վտանգված են, եթե չեն հետևում իշխանությունների նախանշած գծին, թեև համայնքը, Գեղամյանի համոզմամբ, մեծամասամբ «ոչ»-ի կողմնակից է, այնուամենայնիվ, նրանք որևէ կերպ չեն դրսևորի իրենց իրական մոտեցումը հանրաքվեին: Մեր զրուցակիցը չբացառեց, որ գուցե Պատրիարքարանից հնչեն կարծիքներ առ այն, որ հայ համայնքը սատարում է Էրդողանի կազմակերպած բարեփոխումներին: Հայաստանի մասին խոսելիս թուրքագետը նշեց, որ մեր հարևան երկրում հանրաքվեի դրական արդյունքների դեպքում կստեղծվի բացասական իրողություն, քանի որ ավելի հեշտ է բանակցել և գործ ունենալ մի երկրի հետ, որտեղ գերակայում են ժողովրդավարական արժեքները: Այս պարագայում Թուրքիայում դրանք գնալով պակասում են, և ՀՀ-ի համար դժվար իրավիճակ է ստեղծվում հարևանի հետ հարաբերություններ կառուցելու տեսանկյունից: Գեղամյանը նաև այն կարծիքը հայտնեց, ըստ որի՝ Թուրքիայի հայ համայնքի մոտ հնարավոր է, որ վախեր լինեն, քանի որ թուրքական իշխանությունների՝ ամենատարբեր ամբիոններից հնչող հռետորաբանությունը պարբերաբար հասարակության թշնամանքն է հարուցում դեպի փոքրամասնություններ: «Տիպային էր իշխող ԱԶԿ կուսակցության պատգամավորներից մեկի կոչը, որտեղ նա ասում էր, որ ցանկալի է դրոշմակնիքը խփել այնպես, որ ասես դրանով զարկում եք անհավատին՝ «գյավուրներին». բևեռացումը, բանականաբար, վնասում է ազգային փոքրամասնությունների վիճակին և նրանց անվտանգությանը: Ապրիլի 16-ից հետո բևեռացումն ավելի կխորանա և կհանգեցնի փոքրամասնությունների արտագաղթի, ինչը համայնքների համար աղետալի կլինի, քանի որ նրանք կազմում են երկրի բնակչության ընդամենը 0,2 տոկոսը՝ մոտ 150.000 անձ»;

Թուրքագետի դիտարկմամբ, դժվար է խոսել ցեղասպանության հնարավոր իրականացման մասին, բայց փոքրամասնությունների հանդեպ հարձակման, խոսքային մակարդակում նկատողությունների իրագործման նախանշաններ կան:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ