Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Առաջիկայում ՀՀ-Իսրայել ռազմական գործակցության հարցի հնարավորությունը իրատեսական չէ. Փորձագետ

Arhajikayowm HH-Israyel rhazmakan gortsakts`owt`yan harts`i hnaravorowt`yowne iratesakan ch`e. P`ordzaget_29872

«ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանի այցը Իսրայել պաշտոնական էր, միևնույն ժամանակ աննախադեպ բարձր մակարդակով էր ներկայացված»,-«Հայ ձայնի» հետ զրույցում ասաց «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը:

Մեր զրուցակիցը նշեց, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Իսրայելի վարչապետը, որը միևնույն ժամանակ նաև երկրի արտգործնախարարն է, հայկական կողմին՝ ի դեմս արգործնախարարի, պաշտոնապես Իսրայել է հրավիրել, սակայն հաղորդագրության մեջ հստակ չի նշվում՝ արդյո՞ք հրավերը արվել է արտգործնախարարի անունից, թե՞ վարչապետի, քանի որ մի անձը միաժամանակ 2 պաշտոն է ստանձնում: «Այս պարագայում, երբ պաշտոնական հաղորդագրության մեջ հստակեցում չկա, կարելի է եզրակացնել, որ հրավերն արվել է կառավարության ղեկավարի՝ վարչապետի անունից, այսինքն՝ ամենաբարձր մակարդակով: Սա թույլ է տալիս ենթադրել, որ այս այցը իսրայելական կողմի համար կարևոր նշանակություն ունի, և հաշվի առնելով, որ 2 երկրների միջև պաշտոնական մակարդակով հանդիպումները բավական բացառիկ երևույթ են, հատկապես հայկական կողմից իրականացվող այցելությունները, ուստի տեղի ունեցած այցելությունը շատ կարևոր է հատկապես հետագայում 2 երկրների միջև քաղաքական, դիվանագիտական կապերի խորացման հեռանկարների, առավել առարկայական, շոշափելի արդյունքներ արձանագրելու տեսնակյունից»,- ընդգծեց Վերանյանը:

Վերջինս հավելեց նաև, որ այցի ընթացքում հրապարակային քննարկումների, հանդիպումների ժամանակ թեև ռեզիդենտ դեսպանների փոխանակման հարցը չի եղել քննարկման առարկա, սակայն, ըստ փորձագետի, կուլիսային քննարկումներում, հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների ակտիվացման միտումները և այս այցելության կարևորությունը կողմերի համար, ամենայն հավանականությամբ, հարցին անդրադարձ եղել է: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հասկանալ, որ թեև այս այցելությունը չի ենթադրում, որ ռեզիդենտ դեսպանների նշանակման հարցը անմիջապես կարող է լուծում ստանալ, այնուամենայնիվ, հարցի կարգավորման գործընթացի վրա դրական ազդեցությունն ակնհայտ է:

«Այցելության ընթացքում տեղի ունեցած հանդիպումներից հատկապես պետք է առանձնացնել Նալբանդյանի և Նեթանյահուի միջև տեղի ունեցած առանձնազրույցը: Կարծում եմ՝ առանձնազրույցի ընթացքում կողմերը կարող էին քննարկել այն կարևոր հարցերը, որոնք հրապարակայնորեն չեն բարձրաձայնվել հարցերի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով: Հենց Նալբանդյան-Նեթանյահու առանձնազրույցի ընթացքում կողմերը, ամենայն հավանականությամբ, ռեզիդենտ դեսպանների փոխանակման հարցից զատ, անդրադարձած կլինեն նաև Իսրայել-Ադրբեջան ռազմական համագործակցությանը, որի հետ կապված մենք ունենք խնդիրներ ու մտահոգութուններ: Իհարկե, միամտություն կլինի մտածել, որ այս այցելությունը կարող է զգալիորեն ազդել Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական համագորածակցության ներկայիս բարձր մակարդակի, Ադրբեջանին իսրայելական արտադրության սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մատակարարումների ընթացիկ ծավալների վրա»,- նշեց Վերանյանը՝ հավելելով, որ հանդիպումն առավելապես կնպաստի երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացմանը, նաև միջազգային հարթակներում համագործակցության աճին: «Սակայն հարկ եմ համարում հստակեցնել, որ ՀՀ արտգործնախարարի այցելությունը, այդուհանդերձ, կմեծացնի Իսրայելի ղեկավար շրջանակներում Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցության հարցերի շուրջ հայկական կողմի մտահոգությունների ընկալումը»։

Անդրադառնալով հայ-իսրայելական ռազմական, ռազմատեխնիկական գործակցության հարցերի հնարավորությանը, փորձագետի դիտարկմամբ, առաջիկայում, մեղմ ասած, այնքան էլ իրատեսական չէ ՀՀ-Իսրայել ռազմական, ռազմատեխնիկական գործակցության հարցի հնարավորությունը։ Հարցն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ նման հարցերի քննարկման համար անհրաժեշտ է երկկողմ քաղաքական-դիվանագիտական համագործակցության անհրաժեշտ բազա, որը դեռևս չի նկատվում հայ-իսրայելական հարաբերություններում։

«Թեև պետք է ասել, որ իսրայելական կողմը պաշտոնապես մեկ անգամ չէ հայտնել իր պատրաստակամությունը հայկական կողմին վաճառել իր արտադրության սպառազինություններից ու ռազմական տեխնիկայի որոշ տեսակներ: Սակայն ինչպես գիտենք, հայկական կողմը ընդառաջ չի գնացել այս քայլերին՝ ամենայն հավանականությամբ՝ իսրայելական արտադրության զինատեսակների ու սպառազինության համեմատաբար բարձր շուկայական գների պատճառաբանությամբ։ Հարցի հետ կապված առավել իրատեսական պետք է համարել այն մոտեցումը, որի համաձայն՝ կողմերը կարող են սկսել երկխոսությունը պաշտպանական, անվտանգային հարցերի շուրջ, եթե երկկողմ քաղաքական-դիվանագիտական համագործակցության մակարդակը լինի բավական բարձր։ Միաժամանակ նշեմ, որ հայ-իսրայելական ներկայիս համագործակցության տրամաբանությունը թույլ է տալիս ամենևին էլ չբացառել հեռանկարում պաշտպանական-անվտանգային ոլորտում երկկողմ համագործակցության հաստատման հնարավորությունը»,- իր խոսքը եզրափակեց Կարեն Վերանյանը։

Լուսանկարը՝ Sputnik Armenia-ի

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ