Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Առեղծվածային ռուսական հոգին, Վլադիմիր Պուտինի վերընտրվելն ու հայկական պետությունների շահերը

am en ru
Arheghtsvatsayin rhowsakan hogin, Vladimir Powtini verentrveln ow haykakan petowt`yownneri shahere_50166

Այսպիսով, չնայած վերջնական արդյունքները դեռ չեն հրապարակվել, Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունները գործնականում կարելի է ավարտված համարել։ Ինչպես և սպասվում էր, վստահ հաղթանակ տոնեց գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն քչերն էին կանխատեսում, որ այն կլինի այդքան համոզիչ։ Շուրջ 78 տոկոս ձայն, այն էլ՝ մոտավորապես 60 տոկոս մասնակիցների պարագայում, ինչը Ռուսաստանի համար ռեկորդային ցուցանիշ է։

Փորձենք հասկանալ, ի՞նչն էր նման արդյունքի պատճառը, ինչպես նաև հակիրճ անդրադառնանք որոշ հետընտրական զարգացումներին և ամենակարևորը՝ խորհենք, թե  ինչպես պետք է գնահատել Վլադիմիր Պուտինի վերընտրվելը Հայաստանի և Արցախի շահերից ելնելով։

Դեռևս ընտրություններից օրեր առաջ գրել էի, որ դրանք մի քանի պատճառներով աննախադեպ են լինելու և  որպես հիմնական գործոն նշել էի Արևմուտքի կողմից  վերջին շրջանում սաստկացած, առանց այդ էլ լրջագույն ճնշումները Ռուսաստանի վրա՝ նախագահական մրցավազքում Պուտինի ակնհայտ ֆավորիտ հանդիսանալու պարագայում ու նաև նրբորեն ակնարկել էի, որ այդ ճմշումները հակառակ արդյունք են տալու։ Հիմա մի փոքր բացեմ փակագծերը այդ հակառակ արդյունքը հետևանք էր ոչ այնքան ադմինիստրատիվ ռեսուրսի կիրարկման, ինչը շատ նորմալ է համարվում գրեթե բոլոր, նաև շատ ավելի դեմոկրատական երկրներում։  Էական դեր չխաղացին նաև լցոնումները, չնայած պաշտոնապես արձանագրվեցին նաև նման մի քանի փաստեր։ Որոշիչ գործոն հանդիսացավ դեռևս մեծ դասականներ Դոստոևսկու, Տոլստոյի և Չեխովի կողմից բացահայտված «առեղծվածային ռուսական հոգին»։ Այն ամենը, ինչն այլ երկրներում կհանգեցներ սկանդալների և բողոքի ալիք կբարձրացներ, փոխելով ընտրությունների նախանշած ընթացքը, ռուսներին էլ ավելի միավորեց իրենց առաջնորդի շուրջ՝ ուղղակի մղելով նրանց ընտրատեղամասեր։ Եվս մեկ զարմանալի փաստ չափազանց ակտիվ էին, ի տարբերություն նախորդ տարիների, նաև հայրենիքից դուրս մշտապես բնակվող ՌԴ քաղաքացիները, ինչին մենք ականատես եղանք նաև Հայաստանում։ Վստահ եմ, չլիներ այս հակապուտինյան, ժողովրդական լեզվով ասած «ղալմաղալը», նրա հաղթանակն այսքան վստահ չէր լինի։ Եվս մեկ հանգամանք, որն իրավացիորեն ընդգծել է իր հոդվածում «Sputnik» և Russia Today գործակալությունների ղեկավար, մեր հայրենակցուհի Մարգարիտա Սիմոնյանը ըստ էության ձայների 95 տոկոսից ավելին ստացան Ռուսաստանի կոնսերվատիվ, ազգայնական և ձախ ուժերը։ Այ սա արդեն իսկական սենսացիա էր՝ նման ջաղջախիչ պարտություն աջ ուժերը հետխորհրդային տարիներին երբեք չէին կրել։

Թերևս, աշխարհը դեռ մինչև վերջ ուշքի չի եկել դեպքերի  նման զարգացումից սովորաբար արդեն ընտրությունների հաջորդ օրը հնչում են ամենատարբեր արձագանքներ, արվում վերլուծություններ․․․այս անգամ նման աշխուժություն, կարծեք թե չկա։ Պուտինին հիմնականում շնորհավորել են դաշնակից երկրների ղեկավարները, որոնց թվում է նաև մեր նախագահը, Չինաստանի առաջնորդը և մի շարք այլ երկրների լիդերներ։ Հետաքրքիր է, որ շնորհավորողների թվում են  Գերմանիայի նախագահն ու կանցլերը, ինչպես նաև՝ Ֆրանսիայի և Ճապոնիայի վարչապետները։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իր պլաններում չկա հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահի հետ /անկեղծ ասած, նման նախադեպ ես չեմ հիշում/, իսկ, օրինակ, Լեհաստանի նախագահը ուղիղ նշել է, որ չի պատրաստվում շնորհավորել Պուտինին։ Այս մի հատվածն էլ ավարտեմ «առեղծվածային ռուսական հոգու» մասին հիշատակմամբ, ինչը շատ բան կարող է բացատրել հարգարժան ընթերցողին։ Խոսքս Կրեմլի խոսնակ Պեսկովի արձագանքի մասին է «Չշնորհավորելը մենք ամենևին էլ ոչ բարեկամական քայլ չենք համարում», որից հետո նա անմիջապես հավելել է «Կապրենք, կտեսնենք»։

Այժմ անդրադառնանք հայկական պետությունների շահերին՝ Պուտինի վերընտրվելու հետ կապված։ Այսօր էլ մնում եմ նույն կարծիքին հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպիսի դերակատարներ էին գտնվում ընտրական թատերաբեմում, Վլադիմիր Պուտինը միակ թեկնածուն էր, որի պարագայում մենք կշարունակենք ունենալ վստահելի և կանխատեսելի գործընկեր։ Հիշենք, որ թեկնածուների և նրանց մերձավոր շրջապատի մեջ կային անձինք, որոնք արդեն տարիներ շարունակ իրար հետևից իրարամերժ կարծիքներ էին հայտնում ոչ միայն Արցախի հիմնահարցի, այլ նաև՝ մեր պետության ապագայի կապակցությամբ, ոմանք էլ բացահայտ մեր շահերից չէին մոտենում մեզ հուզող խնդիրներին, ինչի վերաբերյալ ոչ մեկ անգամ հայտարարություններ են արել։ Թեկնածուների մեջ կային նաև այնպիսիք, որոնք ակնհայտորեն պատրաստ էին տանել Ռուսաստանը ներքին ցնցումների ճանապարհով՝օգտագործելով 90-ների մոդելը։ Այդ անձանցից ոմանք հյուսիսկովկասյան հանրապետություններ կատարած նախընտրական այցելությունների շրջանակներում արդեն իսկ հասցրել էին սադրիչ հայտարարություններ կատարել։ Իսկ թե ինչ կարող է Հայաստանի համար նշանակել, եթե, Աստված մի արասցե, նոր հակամարտություններ սկսվեն բազմազգ Կովկասում, դժվար չէ պատկերացնել։ Այս առումով Պուտինը միանշանակ զսպող և կայունացնող գործոն է հանդիսանում, ինչի մասին վկայում են կողկասյան հանրապետություններում նրա ստացված ձայները։

Իհարկե, Վլադիմիր Պուտինը, որքան էլ հանդիսանում է դաշնակից պետության ղեկավար, առաջին հերթին գործել է և գործելու է ի՛ր երկրի շահերից։ Սա քաղաքականություն է և երբեմն լինում են խրթին հանգամանքներ և փոխադարձ չհասկացվածություն նույնիսկ լավագույն դաշնակիցների մոտ։ Սակայն չմոռանանք, որ շատ մանրամասներ էլ երբեմն պարզապես չեն պարզաբանվում՝ ելնելով փոխադարձ շահերից, ինչը նույնպես նորմալ է։ Այնպես որ հայկական երկու պետությունների շահերից է բխում, որպեսզի Ռուսաստանը մնա ուժեղ, կայուն ու ցնցումներից զերծ պետություն։ Առնվազն իր վերընտրված նախագահի հերթական պաշտոնավարման տարիներին /իսկ գործնականում՝ շատ ավելի երկար տարիներ/, վստահ եմ, նա այդպիսին էլ կմնա։

Հետգրություն մինչ կավարտեի հոդվածս, ռուսական լրատվամիջոցներով տեղեկատվություն սփռվեց, որ Թրամփն, այնուամենայնիվ, շնորհավորել է Պուտինին․․․Կապրենք, կտեսենք, ինչպես կասեր Պեսկովը․․․

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ