Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:
Հովհաննես Թումանյան

Արշակ Չոպանյան. բանաստեղծություններ

am
Arshak Ch`opanyan. banasteghtsowt`yownner _9671

ՔԱՌՅԱԿՆԵՐ

Օրերը կհոսին մութ Հավերժն ի վար, 
     Իրերը կդառնան անվախճանաբար, 
     Ու տիեզերքին մեջ անծայրապարփակ
     Կյանքն ու Մահն հավիտյան կպագնեն զիրար:

Երգ մըն է տարտղնած, որ ավարտ չունի, 
     Մեծ առկախ տուն առանց ծածքի ու սյունի, 
     Եվ էությունն ամբողջ, շարժումեն հոգնած, 
     Աչք մըն է մշտաբաց, միշտ կարոտ քունի:

Ոչնչին ծոցին մեջ փոշին կպարե, 
     Ոգի մը խելագար պարը կվարե.
     Եվ անիմաստ հեվքոտ պարին մեջեն միշտ
     Կսուլե ձանձրույթին հովը կապարե:

 

 

ՄՈՐՍ

Դուն, որ թողլով զիս օրրանիս մեջ մինակ, 
     -Գուցե կյանքի ցավն ինձ տալեդ խղճահար, -
     Անհետացար խավարին մեջ անհատակ, 
     Ո՜վ մայր, իմ մութ հոգվույս աղբյո՛ւրը պայծառ.
     Ո՜վ սուրբ գորով, սե՛ր անարատ, քաղցր գոգ, 
     Ո՜ւր ես թաքչած... Ես քեզ երբեք չճանչցա.
     Այլև երբեք չեմ հավտացած, որ իրոք
     Ամբողջապես ջնջված ըլլաս: Ճակտիս վրա
     Կզգամ, հաճախ, երանությամբ մը տրտում, 
     Անցնիլն անուշ մատվըներուդ գգվանքին, 
     Կան պահեր, ուր կկարծեմ ձայնդ անպատում
     Լսել ականջն ի վար սրտիս անձկագին.
     Քեզ միշտ վերևս կգուշակեմ թևաբաց, 
     Գորովագո՛ւթ ու ցավագին ուրվական.
     Եվ ամեն հեղ, որ իմ կյանքիս մեջ կրցած
     Եվ կատարել գործ մը հօգուտ մարդկության
     Կամ միս-արյուն տալ երազի մը սիրուն, 
     Քեզ եմ խորհած, ու խորեն իմ հոգիին
     Քեզ եմ ոգած և մըրմնջած եմ. «ո՜վ դուն, 
     Որ կհըսկես վրաս սիրով կաթոգին, 
     Տե՛ս, արժանի՞ եմ քեզի, գո՞հ ես ինձմե...»: 
     Եվ զգացած եմ նուրբ ժպիտ մը անտես, 
     Որ զերթ նվագ մ' այերային իր թավշե
     Ու զեփյուռե թևերով զիս քնքշապես
     Կփայփայեր: 
     ______Ու թեպետև գիտության
     Անողորմ ձայնը հռչակած է, ավա՜ղ, 
     Թե մահվընե ետքը մարդեն ուրիշ բան
     Չի մնար հողին մեջ, բացի մոխրի դեզ մը պաղ, 
     Կերազեմ միշտ - անվանելի՛ ցնորք հոգվույս - 
     Որ դուն հողին տակ չես իջած, և անթառամ
     Եվ անծանոթ պարտեզի մ' մեջ աղվալույս՝
     Կսպասեմ, որ գամ օր մը քեզ միանամ:

 

ՕՐՈՐ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Դուն նստեր ես ճամփաներուն անկյունը, 
     Մազերդ ի վար իջեր կախվեր է ձյունը, 
     Մարմնույդ վրա կփոսանան մութ խոցեր, 
     Եվ աչվըներդ արյունի լիճ են դարձել:

Ո՞ր չար պարիկը հյուսեց թելը բախտիդ...
     Ո՞վ տեսնելով քեզ տապալված ու վտիտ՝
     Պիտի հիշե, որ դուն երբեմըն հզոր
     Աղջիկն էիր սև աչքերով լուսավոր:

Կծփային մազերդ ինչպես դրոշ մը լայն՝
     Ազատ լեռան մեջ ուր հոգիդ մեծաձայն
     Կմռընչեր խոյանալով սարե սար, 
     Ու ծոցդ հպարտ՝ մեղր ու կաթով կուռենար:

Քեզ ցանկացին հելուզակները բոլոր.
     Պաշարեցին քեզ ոսոխներ ահավոր.
     Երկար ատեն ոգորեցար, կռվեցար, 
     Մինչև ա՛լ խոնջ ինկար գետին ուժասպառ:

Եվ քու հոգիդ արգավանդ էր ու բարի՝
     Կործանարար ուժերուն մեջ վիթխարի.
     Դուն կյանքի ծիլ մ’ ավելցուցիր աշխարհին, 
     Մատներդ հողեն գեղեցկություն հանեցին:

Դուն Անահիտն էիր խաղաղ աչքերով, 
     Ոսկիամայրն էիր պայծառ լանջքերով, 
     Ծոցեդ բարիք, նայվածքեդ լույս կտեղար, 
     Շրթներդ դաշն էին ու ձեռքըդ ճարտար:

Եկան խուժերն ու ձեռքիդ կապ անցուցին, 
     Բզըքտեցին, աղարտեցին ծոցդ անգին.
     Եվ բյուրախոց դարձար դուն Մայրը կարմիր՝
     Գողգոթային ճամփուն վրա ծնրադիր:

Ի՜նչ գեղեցիկ, ի՜նչ քաջ եղար ցավին մեջ ...
     Աղետքին տակ հոգիտ մնացեր էր անշեջ.
     Կարծըր լուծեր կոտրտեցիր ու մահեն
     Քանի՜ անգամ ոտքի ելար դուն նորեն:

Աչքըդ լույսին կսևեռեր անդադար.
     Միտքըդ, խիզախ, նոր աշխարհին կդառնար.
     Ու դարերով համառեցար, առանձին, 
     Թումբ ձևանալ ասիական հեղեղին:

Մեծցավ հեղեղն ու զգետնեց քեզ մոլեգին
     Ու մարեց բոցըդ թափով իր ալիքին.
     Չվառական, խավարին մեջ, հողամած, 
     Միշտ կենդանի, դուն սպասեցիր գալարված:

Գիշեր ատեն, մերթ հին շիրմաց խաչերը
     Կերերային, ու Մասիսի քաջերը
     Մութին մեջեն կշողային բարկաճայթ, 
     Աչվըներեն արձկելով շառ ճառագայթ,

Օդին մեջ խուլ կթընդային թմբուկներ, 
     Դուն, դող ելած, կառնեիր պահ մ’ աչքըդ վեր, 
     Ու, վրդոված, կնայեիր լեռներուն, 
     Ոչի՜նչ՝ բայց մութը ծանր ու պաղ լռություն...

Օր մ’ ալ ցավի ցնցման մը մեջ անսահման՝
     Ցցվեցար մեծ ճիչով մ’ անձկոտ ընդվզման, 
     Աշխարհ ձայնիդ խուլ մնաց ու բիրտ ուժին
     Կույր գարշապարը ճզմեց ճիգըդ քուկին:

Բարկ հուրերու մեջ ճիվաղներ ցատկեցին, 
     Սիրտդ այրեցին ու աչվըներդ փորեցին, 
     Տունեդ վանված, հովերուն տակ մնացիր, 
     Մերկ տարածված - չորս դիդ արյուն ու մոխիր:

Հիմա նստեր ես, ցավագի՛ն ուրվական, 
     Ավերներուն պատկերին մեջ տխրական.
     Կխածկրտե վերքերըդ հովը սառուտ, 
     Արյուն կիյնա խեղճ ծիծերեդ կաս-կապուտ:

Դանդաղորեն կժաժես գլուխդ ու կուլաս, 
     Ու ցած անուշ ձայնով օրոր կկարդաս
     Զավկըներուդ, որ արյունին մեջ ինկան
     Եվ անոնց, որ չորս հովերուն ցրվեցան:

Օրո՛ր կանանչ արևներուն, լուսավետ
     Աչվըներուն, որ մարեցան առհավետ, 
     Եվ անոնց, որ դեռ կապրին ու կտանջվին
     Զնդաններուն մեջ ու մռայլ աքսորին:

Հերի՛ք, հերի՛ք... այդ օրորդ ողբ է մահու.
     Հերի՛ք... մենք նոր օրոր ունինք երգելու, 
     Պիտի երգինք օրորն հույսին ու վրեժին, 
     Ու մեռելներն պիտի հողին տակ սարսին...

Հերի՛ք, հերի՛ք... վեր առ գլուխդ ու մի՛ լար, 
     Ցավը սուրբ է, ցավը՝ մեծ ու փրկարար.
     Ոչինչ կա վեհ, քան խաչին տակ զոհն արի, 
     Գիշերին մեջ կհյուսվի այգը բարի:

Ժանտ դահիճներն ու քանդողները մթին
     Փոշիի պես պիտի անցնին ու ցնդին, 
     Ու մոխիրին մեջեն պիտի ելլես դուն, 
     Տառապանքեն նորոգված ու շողշողուն:

Մի՛ լար, մի՛ թույլ մազերդ հովուն տարտըղեր, 
     Մի՛ լար, մի՛ խեղճ գլուխըդ վար կործաներ.
     Ճանճցիր դուն քեզ, ժողվե՛ ավյունդ ցիրցան, 
     Հերի՛ք ուժերդ օտար տան սյուն կանգնեցան:

Հանգի՜ստ դժգույն եղբայրներուն, որ ինկան, 
     Ելի՛ր, օրհնե՛ մեզ, տարածե մեր վրան
     Թևերդ անհուն: Թող մեր արյունն ու հոգին
     Քու արևուդ մատաղ ըլլան ու ցամքին:

Մութին մեջեն պիտի ցցվիս հաղթական, 
     Աչքերդ աստղեր պիտի դառնան ու ցոլան.
     Վերքերդ վարդ պիտի ըլլան հոտավետ
     Ու լույս պիտի թափի ճերմակ մազերեդ:

Պիտի կանգնիս ճամփաներուն բերանը, 
     Պիտի քանդես Բռնության սև խորանը.
     Ոտքի՛ ելիր, ցավերդ երկունքն են հսկա, 
     Ով Մա՜յր, աշխա՛րհ մը ծոցիդ մեջ կխլըրտա: 
     
    

ԱՆՇԵՋ ՀՈՒՐԸ


     Արևը հրավառ մայրամուտք ունի, 
     Կսառի ամռան, շունչեն ձմեռվան. 
     Մեր համբույրն, ո՜վ սիրական, 
     Պիտի երբեք չպաղի:

Դեղնած կը թափին տերևներն աշնան, 
     Կթոշնին վարդեր, միգեր կփըտին. 
     Մեր սիրտերը տարփագին 
     Հավիտյան թարմ պիտի մնան:

Այտեր կթոռմին, կմարին աչքեր, 
     Ճակտին վրա անբիծ խորշոմք կփորվին. 
     Մեր սերն, ո՜վ լույս իմ սրտին, 
     Պիտի երբեք չըլլա ծեր:


     ՑԱՅԳԵՐԳ


     Գիշերն ահա իր բարեկամ 
     Կհոսե ստվերն աշխարհի վրա. 
     Եկուր նստինք սա ծառին տակ, 
     Հոս չկա ձայն, հոս մա՛րդ չկա:

Սեփ-սև է մեր շուրջն ամեն բան, 
     Չունի երկինքն աստղ ու լուսին. 
     Խաղաղությունն ահա անհուն. 
     Լուռ է թռչունն ու լուռ քամին:

Մոռնա՛նք, ամե՛ն բան հոս մոռնանք, 
     Մոռնա՛նք երեկն, այսօր ու վաղն, 
     Մոռնա՛նք ցավերն, անձկություններն 
     Եվ կյանքի տենդն ու մահվան պաղն:

Ճակատդ ի վար, իմ սիրելի՛ս, 
     Ձգե թափե՛ մազերդ առա՛տ, 
     Ու մի՛ խոսիր. գիշերին պես 
     Եղի՛ր լռին ու մռայլապատ:

Ես քու ոտքիդ տակ ծնրադրած, 
     Գլուխս ծոցիդ, աչքերըս փակ, 
     Մունջ ու անշարժ պիտ’ ունկնդրեմ 
     Սրտիդ տրոփին նվագն անուշակ:


     ԻՐԻԿՎԱՆ ԵՐԳԸ


     Իրիկվններն ինչո՞ւ հոգին 
     Կզգա թախիծ մ’անսահման, 
     Արդյոք սո՞ւգն է եղերական 
     Մահվանն անուշ արևին:

Խավարին հետ, որ երկնքեն 
     Կհեղեղե հորդառատ, 
     Սրտին մեջ ալ մառախլապատ 
     Տրտմություններ կ’անձրևեն:

Օրվան խոնջենքն ի հուշ կ’ածե 
     Սին հոգնությունը կյանքի. 
     Եվ աչքն, ուր քունը կհածի, 
     Մահվան պաղ քունը կ’ըգե:

Կմեռնի լույսն, ու կմարին 
     Ձայներն, աշխարհը կխոկա. 
     Եվ հոգույն մեջ, որ կմութնա, 
     Կտժգունի բոցն հույսին:

Կ’ամփոփվի մարդ, հուշք կ’արթննան, 
     Անցյալին հուշք չարագույն. 
     Ու վաղը, վա՛ղն, ո՜վ ձանձրություն, 
     Պետք է կրկնել միշտ նույն բան…


     ԲԱՐԵԿԵՆԴԱՆ


     Եկո՛ւր ծպտինք, սիրելի՛ս, 
     Փոխենք օրվան մը համար, 
     Երազի մը մեջ հիմար, 
     Դուն սիրտդ ու ես իմ հոգիս:

Ես չար ըլլամ, դուն բարի. 
     Դուն հեգնությունդ ծածկես, 
     Ու ես սրբեմ աչքերես 
     Արցունքներու ցողն աղի:

Պահ մ’էակն այն չըլլաս ցուրտ, 
     Որ զիս ա՜յնքան կ’չարչարե, 
     Ու հոգվույդ մեջ մարմարե 
     Իր դողն անուշ թափե գութ:

Եվ յուրացնեմ ես պեսպես 
     Քմահաճույքներն այլանդակ, 
     Որոնց ցանցով դըժընդակ 
     Զիս ամեն օր կտանջես:

Օ՛ր մը, գեթ օ՜ր մ’, հասկցա՞ր, 
     Կ’ուզեմ փոխենք դերերնիս, 
     Դուն զոհն ըլլաս, սիրելի՛ս, 
     Ես դահիճը սիրտով քար:

 

 

ԿԱՊՈՒՅՏ ՀՆՉՅԱԿ

 

Աստղերուն պես, որոնց շնորհն ավելի քաղցր է և սուրբ, 
     Որովհետև հեռավոր և անամատույց մեր ձեռքին, 
     Եվ որոնց ջինջ բիբերին ժպիտն աղու, գերանուրբ. 
     Աննյութ տենչով մը միայն կթրթռացնե մեր հոգին, 
     Աստղերուն պես, գողտր աղջիկ, մեկուսացի՛ր, հեռացի՛ր, 
     Թև առ ու վե՜ր բարձրացիր կրքերու թանձր աղբյուսեն. 
     Թույլ մի՛ տար, որ շրթներուդ դպչի համբույրը զազիր, 
     Թույլ մի՛ տար, որ ցանկությունք ծոցիդ վարդերը պղծեն: 
     Փաթթե մարմինդ ու հոգիդ քողերու մեջ սպիտակ. 
     Շուշա՛ն եղիր, տեսլացի՛ր, թող մեջդ կինն անհետի 
     Եվ երևան գա հրեշտակն, անբիծ, թեթև, լո՛ւյս համակ. 
     Եվ սերդ թող սրտիս խորն, ամենեն խորն հաստատվի, 
     Ինչպես պատկե՛րը Կույսին` մատուռին մեջ առանձին, 
     Որուն մարդիկ ծնրադիր, աղոթքներով կմերձին:


     ՍԻՐՈ ՃԻՉ

Օ՜հ, կայծակը, որ ամպերեն 
     Զիկզակելով կսլանա 
     Եվ որ, հսկա օձն հրեղեն, 
     Կաղնիներուն կսպառնա, 
     Կրնա՞ հանկարծ այրեին մեջ 
     Կասիլ, մնալ առկախյալ, 
     Կամ խոլ վազքին իր տալով վերջ` 
     Կրնա՞ երկինքը դառնալ… 
     Եվ սա հեղեղն ամեհի, 
     Որ դաշտերը կ’ողողե, 
     Որ ժայռերուն դեմ կկռվի, 
     Ընդերքն հողին կպեղե, 
     Կըրնա՞ միթե, փըրփրադեզ 
     Ահեղ սողունն այդ հեղուկ, 
     Կըրնա սանձել արծաթագես 
     Իր կոհակներն հեղհեղուկ… 
     Իմ սրտիս մեջ ալ ինկավ շանթ, 
     Հեղեղք հոգիս ողողեցին. 
     Մնա՜ք բարով, խինդ, հույս ու խանդ, 
     Զիս դըժոխքին մեջ թաղեցին…


     ՏԱՂ


     Անո՛ւշիկ աղջիկ, քեզ կգտնեմ ամեն տեղ. 
     Երբ գիշերանց հառեմ աչքերս աստղերուն, 
     Ա՛յնքան ջինջ են, ա՛յնպես քնքուշ ու անմեղ, 
     Որ կկարծեմ անոնց լույսին մեջ սիրուն 
     Տեսնել նայվածքդ բյուրեղ:

Ծառերու տակ երբ որ ելլեմ իրիկվան 
     Ման գալ անունդ հիմարաբար կրկնելով, 
     Այն փայփայիչ նվագն աղվոր խոլական, 
     Զոր ոստերուն մեջեն կ’երգե սյուքը զով, 
     Ինձ կթվի ձայնդ աննման:

Առավոտուն, երբ երկնքին մեջ վճիտ 
     Պատուհանես դիտեմ ծնունդն արեգին, 
     Զեփյուռը, շունչ Արշալույսին վարդաժպիտ, 
     Որ իմ մազերս կուգա շոյել մեղմագին, 
     Կուտա սարսուռն համբույրիդ:


     ՈՐԲՈՒԿԸ


     Այնպես մութ էր այն գիշերն, 
     Որ իրարու ականջեն 
     Կփոփոային հրեշտակներն` 
     "Ինչպես՞ իջնենք երկնքեն":

Այնպես ցուրտ էր այն գիշերն, 
     Որ սուր ձաղկին տակ հովուն 
     Կդողային մերկ ծառերն` 
     Արձըկելով ողբ մ’անհուն:

Երջանիկներն իրենց տան 
     Մեկ, շուրջ շողուն սեղանին, 
     Կաղանդին տոնն աննման 
     Կտոնեին ցնծագին:

Փողոցի մը մեջեն լայն 
     Որբ տղա մը, միս-մինակ, 
     Ստվերի մը պես անձայն, 
     Կ’անցներ, խոհուն, գլխահակ:

Ծանր թախիծ մ’իր դեմքին 
     Վրա, մռայլ, կփըռվեր. 
     Գիշերն աղվոր Կաղանդին 
     Իրեն մահվան էր գիշեր:

Վերցուց աչքերն ու տեսավ 
     Տուներուն մեջ լուսավառ 
     Զվարթություն այն անբավ, 
     Զոր Կաղանդն հոն կտեղար:

Եվ իր փոքրիկ խեղճ հոգին 
     Այնպես խորունկ հուզվեցավ, 
     Որ աչքն հառած երկնքին, 
     Լալով աղոթք մը ըրավ:

Հանկարծ թանձր մութին մեջ, 
     Շուշանի պես սպիտակ, 
     Բացած թևեր լայն ու պերճ 
     Երևցավ վեհ մեկ հրեշտակ:

Գութն էր, պաշտպան խեղճերուն, 
     Զոր կասեցնել չեն կարող 
     Ցուրտն ու հովն ու մթություն 
     Եվ Մա՛հն իսկ, Մա՛հը լափող:

"Ըսե՛ ինձ, ո՜վ հեք մանկիկ, 
     Որ դառնորեն կ’արտասվես, 
     Ի՞նչ կբաղձա քու սրտիկ, 
     Ըսե, կարող եմ տալ քեզ,

Աղվոր հագո՞ւստ կամ պատկեր, 
     Շաքա՞ր և կամ խաղալի՞ք, 
     Կ’ուզե՞ս անուշ խորտիկներ 
     Կամ հյութալից համեղ միրգ":

– Երբ իմ մայրիկս ողջ էր դեռ, – 
     Ըսավ որբուկն հրեշտակին, – 
     Զիս կգրկեր կպագներ, 
     Գիշերն երբ գար Կաղանդին:

Բարի՛ հրեշտակ, չեմ ուզեր 
     Խաղալիք կամ զգեստ մաքուր, 
     Չեմ ուզեր միրգ կամ պատկեր, 
     Մորս համբո՛ւյրն ինծի տուր:


     ԵՐԱԶ


     Հեռավոր ու ամայի 
     Ծովերու մեջտեղ 
     Ես ունենալ կուզեի 
     Պալատ մը բյուրեղ.

Եվ երթայինք միասին 
     Քեզ հետ, սիրական, 
     Թաղել մեր սերն այդ բույնին 
     Մեջ առանձնության:

Մեր շուրջը, գիծ բաժանման 
     Երկնի և ծովուն, 
     Խաժ հորիզոն մ’հեշտական 
     Բոլորեր անհուն:

Հոն պատմեինք իրարու, 
     Հառած աչք աչքի, 
     Մեր խոլ երազն օդաչու, 
     Մեր երազն ոսկի:

Ու մեզ միայն լսեին 
     Լուռ ժայռերն անշարժ, 
     Մեզ միմիայն տեսնեին 
     Ամպերը շղարշ:

Ծովուն շշունջն իր խորին 
     Երգով վեհափառ 
     Օրորեր սե՛րը մերին, 
     Մինչև մահը գար…

 

ԵՐԳ ՀԱՐՈՒԹՅԱՆ


     Ահա կտեսնեմ ողկույզներն ոսկի` արփվույն տակ զվարթ, 
     Տերևներուն կանանչին մեջ ծիծաղով մը լուսեղ 
     Ծաղկած բարի շոյանքին ներքև սյուքին խանդակաթ: 
     Ձեռքեր, ձեռքեր կու գան, բիրտ, կտրել գլուխներն այդ անմեղ 
     Եվ կտանին հնձանին մեջ նետել, դե՛զ ողբական, 
     Ու գարշապարն անողորմ դահիճներուն մոլեգին 
     Կջախջախե ողկույզնե՛րը լի հույզով սրբազան: 
     Բայց կտտամահ դիակեն կենսածորան պտուղին 
     Կվերածնի խաղողին հոգին, հզոր ավելի, 
     Գինիին մեջ հրաբորբոք: Ու կտեսնեմ` հեղապար 
     Ահա հովուն տակ կօրորվի օրհնանքով ու սիրով լի 
     Խարտիշագեղ հասկերուն վետվետուն ծովը պայծառ. 
     Կշողա սուր մանգաղին կապույտ փայլակը ցրտին, 
     Ու հասկերուն կթափին վառ գլուխներն անջատված, 
     Ու կալին մեջ կամնըված, երախին մեջ ջաղացքին 
     Փշրվելով կդառնան փոշի անշարժ ու մեռած: 
     Բայց մանրամաղ նշխարեն նահատակված հասկերուն 
     Կվերածնի ցորենին հոգին, վեհաձն ավելի, 
     Կենսապարգև Հացին մեջ: Ու հիմա քեզ, ո՜վ դժգույն 
     Անուշ Քրիստոս, կտեսնեմ խաչիդ վրա պաշտելի. 
     Քու մեծ հոգիդ անարատ, ինչպես ծաղիկ մ’անպատում, 
     Կկանգներ լույսն իր խաղաղ` պիղծ ճահիճին վրա կյանքին: 
     Ցցվեցավ ձեռքը քանդիչ` ճակտիդ վրա վեհ ու տրտում, 
     Բռնեց վզեդ ու քաշեց տարավ քեզ բկուրը մթին 
     Ու քեզ փայտին վրա գամեց: Բայց կենազրավ դու մարմնեդ 
     Ու փրկագործ, վերածնավ, կյանքով մը վառ ա՛լ հավետ, 
     Հոգիդ, գինին գերագույն, գերագույն Հա՛ցը մարդոց: 
     Այսպես և դուն, ա՛զգ Հաոց, նահատակմամբ մը վսեմ 
     Խորհրդավոր` մեծությամբ իր տարօրեն, սև թաթին 
     Ներքև Չարին, դարերե ի վեր, բախտով մը դժխեմ, 
     Բզիկ-բզիկ հոշոտված, կչարչարվիս ցավագին, 
     Ներբանին տակ Բռնության կճմլըվիս անխնա, 
     Կոգեվարիս համրորեն` գամված խաչի մը վայրագ… 
     Բայց մոտ է օրն հայության, քու բյուրախոց, արյունլվա, 
     Դառնակոշկոճ մարմինեդ, Արևելքին վրա համակ 
     Խավարապատ, փրկությանն համար զոհին ու դահճին, 
     Պիտի բխին նորոգիչ Ազատության գինին հուր, 
     Արդարության հացը սուրբ, և լուսափաղփ զերթ արփին` 
     Եղբայրության վեհանուշ ճաճանչն երիցըս մաքուր:

 

ԼԵՌԱՆ ԾԱՂԻԿ 
     ՀԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


     Հրանդին 
     Ա. 
     Հոն, ուր ամեն բնակություն կդադրի, 
     Հոն, որ մարդուն կվախնա ոտքն առնել քայլ, 
     Երկնադրացի այն բարձությանց վրա վայրի, 
     Ուր արևուն կիյնան շողեր նախափայլ, 
     Ծնավ Արուս: Իր մայրն, աղջիկ լեռներու, 
     Հողին, քարին, մացառին հետ միշտ ապրած, 
     Ընկեր հուժկու արծիվներուն օդասլաց, 
     Անվախ` ժայռեն գահավեժեն ահարկու, 
     Ամուրանոնց պես և անոնց պես մթին, 
     Լեռան մը սեպ կողին վրա ապալեր, 
     Բացվածքին մոտ ապառաժուտ անդունդին, 
     Այծյամներու քով զայն աշխարհ բերած էր: 
     Եվ հոն, այդ չոր ամայության մեջ մաքուր, 
     Մեծցած էր ան, կյանքով մը կարծր ու չարքաշ, 
     Կյանք մը զվարթ, խաղաղ, առողջ, անփրփուր, 
     Ինչպես կապրին վայրի վարդերը մատղաշ: 
     Լեռներուն վրա իր մանկությունն անցած էր, 
     Իր առաջին նայվածքն երկինքն է տեսած, 
     Երկինքն ազատ և անշղթա իր ամպեր, 
     Փայտե խեղդուկ ձեղուններու փոխան ցած: 
     Միշտ օդին մեջ, հողին վրա, ժայռին քով, 
     Աղվոր մանրիկ անասունի մը նման, 
     Կյանք մը վարած էր լի վազքով, խոնջենքով, 
     Ո՛չ խանձարուր ունեցած էր, ո՛չ օրրան, 
     Հովերն ահեղ, մռընչելով կատաղի 
     Օրրած էին իր նիրհումներն առաջին: 
     Միշտ կիսամերկ, անհո՛գ տաքի կամ պաղի, 
     Չէր ճանչցած իր մարմինը բանտն հագուստին, 
     Կենդանիի մորթով հազիվ սքողված: 
     Իր ոտվըներն, բոբիկ հողին, քարի վրա, 
     Խոտին, ցողին մեջ էին միշտ թաթխըված, 
     Ու միշտ արձակ թափած մազերն իր ոսկյա: 
     Եվ իր հոգվույն մեջ լեռնեն բան մ’էր մտեր, 
     Հողի կար համ մը իր մսին մեջ ամուր. 
     Արծվի նայվածք մը կվառեր իր բոցեր 
     Աչվըներուն մեջ. խոտի հոտ մ’հեշտաբույր 
     Իր մազերեն կարտաշնչվեր հորդառատ. 
     Այտին, բերնին վրա ու լանջքին մեջ ճերմակ` 
     Վայրի պտուղի ու ծաղկի հյութն անարատ, 
     Եվ հոգվույն մեջ հովերուն խենթ ու վայրագ 
     Անկախությունն ու խոյանքը մոլեգին: 
     Կճանչնային զինքը ժայռերն ու ծառեր, 
     Այդ ընկերներն իր մանկական հասակին. 
     Անոնց քույրն էր, անոնց փոքրիկ աղջիկն էր. 
     Եվ ամենքը կսիրեին զանիկա. 
     Ծառերն, երբ ան կանցներ, մրմունջ մը հեշտին 
     Կարձակեին, և առվակներն արծաթյա 
     Կերգեին քաղցր երբ զանիկա տեսնեին: 
     Խոտերն անոր ոտքին ներքև գգվանքի 
     Կփոխվեին, և ծաղիկները փափուկ 
     Կուղղեին միշտ անոր ժպիտ մը ոսկի: 
     Բ. 
     Շատ հեղ կերթար, գլուխն առած, միս-մինակ, 
     Թևը կողով մը ու ձեռքը ցուպ մը խոշոր, 
     Կերթար, կերթար, ուր որ ելլեր իր դիմաց, 
     Չվախնալով գազաններեն ահավոր. 
     Մերթ կմտներ անձավներ խոր, մթամած, 
     Որոնց խոնավ ալքերուն մեջ անվեհեր 
     Կմխրճվեր թնդացնելով երգ մը խրոխտ. 
     Եվ եթե օձ մ’այնտեղ իրեն դեմ ելլեր, 
     Չէր տատաներ, իր քաջությունն անհողդողդ, 
     Ցուպի հարված մը, և կանցներ ու կերթար: 
     Գ. 
     Երբեմըն մոտն անուշ մաքուր մեկ առվի, 
     Կանգ կառներ և նստած եզերքը ոտքերն 
     Երկարորեն կլվար, մերթ` վիթխարի 
     Ծառերն ի վեր կմագլցեր մեծ ճիգով, 
     Մինչև կատարն, հոն ուր երկինքն է մոտիկ, 
     Եվ այնտեղ լայն ճյուղի մը վրա` անվըրդով 
     Ընկողմանած, տերևներուն խաղաղիկ 
     Փսփսուքին մեջ հեշտօրոր կհանգչեր: 
     Դ. 
     Գիշերները շատ անգամ ժայռ մը կընտրեր 
     Իրեն բազմոց, և աստղերուն դալկահար 
     Հառած իր բուռն ու սայրասուր նայվածքներ, 
     Երկար ատեն կխորհեր լուռ, մութին մեջ, 
     Իրեն համար անոնք ոսկի, ադամանդ 
     Վառ ծաղիկներ էին, միշտ թարմ ու անշեջ, 
     Եվ իր փափագն էր անոնցմե գեթ մեկ հատ 
     Փրցնել դնել իր մազերուն մեջ ծփին: 
     Ու գիշեր մը սարը ելավ բարձրագույն, 
     Կարծելով թե աստղերն անոր կհպին, 
     Աստղերն ուր բան մը կժպտեր իր հոգվույն: 
     Ե. 
     Իր հայրենիքն, իր տիեզերքը համբուն` 
     Այդ ամայի լեռն էր, որմե դուրս ելած 
     Չուներ երբեք: Վարն, իր դիմացը, հեռուն, 
     Կնշմարվեր, մշուշի մեջ սքողված, 
     Լայն դաշտերն ու մարգերեն ալ անդին, 
     Շատ, շատ հեռուն, եռուզեռում մը շփոթ, 
     Դիզված, խռված բաներու կույտ մը մթին. 
     Եվ անհանգիստ, հետաքրքիր, վարանոտ, 
     Կուզերգիտնալ արդյոք ինչե՛ր կան այնտեղ, 
     Ի՛նչ գաղտնիքներ, ի՛նչ էակներ, ի՛նչ վայրեր: 
     Ու գլուխն առած իր ձեռքերու մեջ կարշնեղ, 
     Լեռան աղջիկն երկայն ատեն կերազեր: 
     Զ. 
     Օր մը, իշխան մը դեռատի և աղվոր 
     Լեռան վրա որսի ելած ըլլալով, 
     Հանդիպեցավ Արուսին այն պահուն որ 
     Կուգար, զվարթ, այտերը վառ, սիրտը զով, 
     Ոտքը բոբիկ, ուսերն ու լանջն ամբողջ բաց, 
     Մազերուն մեջ վարդեր կարմիր ու ճերմակ: 
     Երկուքն ալ պահ մը կանգ առին զարմացած. 
     Արուս, ապշած, կդիտեր այն գարգմանակն. 
     Որ կերևար անոր փայլուն ոսկեզօծ 
     Գլխարկին վրա, և զգեստներն երփնագեղ, 
     Ուր բյուր զարդեր կդիզվեին պերճ ու հոծ, 
     Եվ ամեն, ինչ որ անոր վրա կար շքեղ, 
     Ոսկե գոտին, սուսերը մեծ, շողշողուն, 
     Ոլոր պեխերն ու մորուքը սրածայր. 
     Եվ իր հոգվույն մեջ անորոշ ու անհուն 
     Հանկարծ հուզում մը պայթեցավ մրըրկազայր. 
     Իշխանը, նուրբ դեմքով, ազնիվ արյունով, 
     Պալատներու մեջ միշտ ապրած սեգ տոհմիկ, 
     Կդիտեր, սիրտը ցնցված ու վրդով, 
     Առույգ աղջիկն այդ վայրի ու գեղեցիկ, 
     Քաղքին մեջ դեռ էակ մ’այդ կերպ տեսած չէր, 
     Դեռ լոկ նրբին դժգույն կույսրե էր սիրած, 
     Թարմ ու կարմիր հյութազեղուն այդ այտեր, 
     Եվ այդ մազերն որ կիյնային հորդ, անսանձ, 
     Ուսերուն վրա ճերմակ, կլոր, մսավետ, 
     Եվ մութ կապուտ աչքերը մեծ ու խորին 
     Ու կիսամերկ մարմնույն գիծերը վետ-վետ, 
     Այդ բոլորն իր սիրտը մատաղ գերեցին: 
     Ու Արուս, իր միամտության մեջ անմեղ, 
     Զայն կարծեց նոր տեսակ էակ մ’անծանոթ, 
     Կենդանի մը ավելի վեհ ու շքեղ, 
     Քան ինչ որ ինք տեսած էր, և իր շիկնոտ 
     Այտերուն վրա ժպիտ մ’անուշ փթթեցավ: 
     Իսկ իշխանը զմայլած, հուզված, կխորհեր 
     Թե այդ աղջիկն հողեն ելած չէր հարկավ, 
     Թերևս ոգի մ’որ կպահեր այդ լեռներ 
     Կամ հրեշտակ մ’այդտեղ իջած ման գալու: 
     Եվ այնպիսի տարփանքով մը անսահման 
     Պաշարվեցավ, որ ուզեց այդ կույսն հուժկու 
     Տանիլ պալատն և իրեն կին ընել զայն: 
     Է. 
     Թավշե լայն բազմոցներու վրա փափուկ, 
     Ոսկեճամուկ հանդերձներով պաճուճված, 
     Արուս հիմա դշխո մըն էր վեհաշուք, 
     Իր լերկ ժայռերն և իր կյանքը լեռնահած, 
     Իրպայքարներն, իր արշավներն ու խաղեր, 
     Անասունի մորթն ու խոշո ցուպը բիրտ, 
     Ատոնք ամբողջ թողեր էր ու հետևեր 
     Այդ կտրիճին, որ կախարդեր էր իր սիրտ: 
     Եվ իշխանը, անձ շատ մեծ և շատ հզոր, 
     Տեր բազմաթիվ երկրներու, անվանի 
     Իր քաջությամբ և աչքերովն ալ աղվոր, 
     Կպաշտեր զայն իբր իր հրեշտակն ու հուրի: 
     Եվ երջանիկ եղավ Արուս, հետզհետե 
     Վարժըվեցավ այդ նոր կյանքին ու սիրեց, 
     Զվարճացավ դիտելով իր ածաթե 
     Զարդեն և իր գլխուն գոհար թագը մեծ: 
     Հիմա անթիվ ուներ հլու նաժիշտներ, 
     Որ իր կամքին ստրուկ էին անձնատուր. 
     Ոսկի խոշոր հայլիի մեջ կդիտեր 
     Իր այտերուն վարդն ու բերնին բացված նուռ. 
     Եվ երբ ըլլար որ ձանձրույթ մը գար վրան, 
     Իսկույն ճարտար երաժիշտներ կփութային 
     Իր ոտքին տակ հնչեցընել նվագարան, 
     Անուշ երգով վանել թախիծն իր սրտին: 
     Եվ ազնվազարմ օրիորդները ոստանիկ 
     Կկրծվեին իրենց սաստիկ նախանձեն 
     Երբ տեսնեին զայն իր էրկանը քովիկ 
     Ճո կառքին մեջ ընկողմանած պերճորեն, 
     Անցնելով խրոխտ իր հրապույրովն հաղթական 
     Ա՛լ իր լեռները մոռցած էր, ու վայրի 
     Այդ արարածը հիմա մեղկ փափկության 
     Մեջ թաթխըված` կթուլնար օր օրի: 
     Ը. 
     Ապարանքին ետևի մեկ սենյակեն` 
     Հեռուն, հեռուն, հորիզոնին վրա գորշ` 
     Լեռներու շարք մը կերևար մշշորեն, 
     Շարք մը երկայն, որ կգծվեր անորոշ` 
     Մուխի, խունկի, ամպի գույն ու երազի. 
     Իրիկուն մը, Արուս մտավ դիպվածով 
     Այդ սենյակը` այն պահուն, ուր կտատամսի 
     Լույսը կյանքի ու մահվան մեջ. կրակե ծով 
     Մը կվառեր հեռուն երկինքը կարմիր, 
     Ուր արևը կտատաներ ոգեվար. 
     Եվ արյունի այդ հորդության վրա հրալիր` 
     Սև ու հստակ շրջագծերով ուրվանկար 
     Կտարածվեր երկար շարքը լեռներուն: 
     Սրտեն Արուս զարնվեցավ կարեվեր. 
     Հո՜ն իր լեռներ, հո՜ն իր ամբողջ մանկություն, 
     Հո՜ն իր բնակավայրն, հո՜ն իր վիհերն ու ժայռեր 
     Հո՜ն քարայրներն, հո՜ն կատարները ձյունոտ, 
     Հո՜ն իր վազքերը մոլեգին ու հիմար` 
     Արհավիրքին, վտանգին մեջ անծանոթ, 
     Հո՜ն իր խոշոր ծաղիկները գունավառ, 
     Հո՜ն ճախրասլաց թռչունները մեծ ու սև, 
     Հո՜ն իր բոբիկ ոտքերն ու մորթն անասնի, 
     Հո՜ն իր աղվոր կյանքը, չարքաշ ու թեթև: 
     Ու զգաց հանկարծ զարթնումն ըմբոստ, վայրենի 
     Իր մանկության կրակներուն, խանդերուն. 
     Զգաց, որ հովն ու ժայռն ու վիհն և արծվին 
     Կբախեին իր մեջ իրենց թևն անհուն: 
     Ու երբ աչքերն դարձուց շուրջն ու ծանրագին 
     Տեսավ իրերն, առարկանեը փաղփուն, 
     Կակուղ թավիշն ու բեհեզները նրբին, 
     Լացավ Արուս լաց մը խորեն իր հոգվույն: 
     Թ. 
     Իշխանն հիմա կզարմանար, թե հանկարծ 
     Ի՛նչպես Արուս փոխված, ուրիշ էր եղած, 
     – Ա՛լ զինքը չէր սիրեր դուստրը լեռներուն, – 
     Եվ թե ինչո՛ւ անոր լեցուն երեսներ 
     Կհալեին` օրըստօրե դալկագույն, 
     Քիչ հետո ան հիվանդ ինկավ անկողին, 
     Անխոսուկ ու մռայլ, կհատներ համրորեն, 
     Մնալով խուլ իր ամուսնույն աղերսին, 
     Չհանելով բառ մ’իր դժգույն շրթներեն: 
     Միայն խնդրեց, որ իր մահիճը տանին 
     Այն խուցն, ուրկից լեռը հեռվանց կերևար, 
     Եվ հոն, գաղտնի ամենքեն, երբ առանձին 
     Մնար, կելլեր ու կհառեր իր աչքեր 
     Հեռուն այն մեղմ անրջային գիծերուն: 
     Եվ այդպես, միշտ անձայն, իր մեջ թաղելով 
     Այդ սև գաղտնիքն, որ կըներ զինքը դժգույն, 
     Պահելով միշտ դեմք մը հանդարտ, անվրդով, 
     Արյունոտած հոգիի մը սուտ դիմակ, , 
     Առանց լալու, առան ցիր քաղցր ամուսնին 
     Իսկ հայտնելու ի ցավն, անդունդ անհատակ, 
     Միշտ ինքը իր մեջ այրելով, փակ ու լռին, 
     Մեռավ առտու մ’աչքերն անթարթ սևեռած 
     Այն ստվերոտ տարտամ կապույտ լեռներուն, 
     Որ առտըվան կարմրության մեջ լուսամած 
     Կժպտեին իրենց ժպտով մը անհուն:

 


     ԵՐԱԶԸ


     Ա. 
     Երազ մըն էր դողդոջուն ու դալկահար, 
     Ոգի մ’կիսամեռ, 
     Զոր իրիկուն մը լուսնի շող մը նիհար 
     Սենյակս էր նետեր:

Կարծես երկայն թաքուն վըշտով մը մինակ 
     Տանջվելե խոնջած, 
     Եկեր ինկեր էր, ոգեսպառ, տխրունակ, 
     Թևերը փըրթած:

Գիրկ առի զայն ու շոյեցի ընդերկար 
     Մարմնիկը հատած, 
     Որուն մեջ լույսը հիմա, հիվանդ, կդողար 
     Զերթ կանթեղ մ’առկայծ:

Ես սիրեցի, ինչպես տխեղծ աղջիկներ 
     Կսիրենք գթոտ, 
     Սիրեցի զայն` որովհետև դժբախտ էր 
     Ցավով մ’անծանոթ:

Բ.

Շաբաթ մ’ամբողջ մեր խեղճ տարփանքը տևեց. 
     Բարձիս վրա պառկած, 
     Գլխուս մոտիկ երազն իր ողբը հըծծեց 
     Խուլ ձայնով մը ցած:

Կըսեր ինծի բոլոր իղձերը փշրած 
     Իր դառըն կյանքին, 
     Ու կպատմեր երկինքին մեջ լուսամած 
     Իր վի՛շտը մթին:

Եվ ես անոր կպատմեի մեր ցավերն 
     Աշխարհի վրան, 
     Ու կըսեի. "Ամեն տեղ, վարն ինչպես վերն, 
     Ցավն է տիրական":

Ու մեր եղբայր հոգիներուն մեջ գորով 
     Մը ծնավ անհուն, 
     Եվ սփոփանք պահ մը գտանք իրարմով 
     Մեր մորմոքներուն:

Գ.

Ինծի հաճախ երկնքին վրա կխոսեր 
     Մելամաղձորեն. 
     Կըսեր ինչպես հոն իրարու կուտան սեր 
     Աստղե՛րը հրեղեն:

"Հոգիներ են, – կըսեր, – որ ջինջ եթերին 
     Մեջ կապրեին կյանքով 
     Մը տենդագին, կյանքով մ’որ լի է խորին 
     Հույզով, տանջանքով:

Սերն է անոնց տենչն ու հրայրքն անհեղլի, 
     Սերը բռնավոր, 
     Սերը կույր, Սերն` անողորմ ու պաշտելի, 
     Սերն ամենազոր:

Երբոր ժպտի անոնց, անուշ ու պայծառ, 
     Հպարտ կվառին, 
     Ու երբ զրկվին անոր շողեն բարերար, 
     Թոշնած կմարին:

Դ.

Բայց խոցվածներն այդ մերթ կիջնեն երկնքեն 
     Ձեր երկրին վրա մութ, 
     Ամոքել հոս` սրտի մ’հպմամբ մարդկեղեն 
     Իրենց ցավն անգութ:

Եվ ատոնց էջքն է որ հոգվույն մեջ մարդոց 
     Կթափե տրտում 
     Անրջանքներն անասելի, քաղցրաբոց 
     Խանդերն անպատում:

Ես այդ դժբախտ հոգիներեն մեկն էի. 
     Անեծք մ’ահավոր 
     Խամրեց օրերս, զանոնք դարձուց ամայի 
     Անապատ մը չոր:

Բայց մեջս արդեն հուրը տակավ կմարի, 
     Կզգամ, վերջս է մոտ… 
     Եղբա՛յր, հիշե՛ զիս` պահերուդ մեջ ցավի` 
     Հուշով գորովոտ": 
     Ե. 
     Ու գիշեր մ’ան մեռավ. իզո՛ւր ջանացի, 
     Ժամերով երկայն, 
     Թափելով վրան հեղեղներ արցունքի, 
     Արթնցընել զայն:

Հետո, մինակ, կատարեցի ես, ավա՜ղ, 
     Սև հանդեսն անոր 
     Թաղմանը, ե՛ս քահանա, ե՛ս դիաթաղ, 
     Ե՛ս հուղարկավոր:

Իմ սուգիս մեջ փաթթեցի զայն, ու կերոն 
     Ըրի հառաչներս. 
     Եվ ընդերկար հեծկլտացի, լացի հոն, 
     Եղերամոր պես:

Հետո, բացի սիրտս ու այնտեղ թաղեցի 
     Երազն անկենդան. 
     Քովիկն այնքա՜ն մեռելներու սիրելի` 
     Որ հոն կքնանան: 
     
    

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ