Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Արցախում անթույլատրելի է հայաստանյան հեղափոխության սցենարի կրկնությունը. ԱՀ պատգամավոր

am es
Arts`akhowm ant`owylatreli e hayastanyan heghap`okhowt`yan sts`enari krknowt`yowne. AH patgamavor_64192

«Հայ Ձայն»-ի զրուցակիցն  է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության  պատգամավոր ՌՈՒԴԻԿ ՀՅՈՒՍՆՈՒՆՑԸ

 

 

 

- Պարոն Հյուսնունց, Երևանում կա անհանգստություն այն գործընթացների առնչությամբ, որ այժմ տեղի է ունենում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Կարո՞ղ եք ներկայացնել իրավիճակն այս պահին:

 

-Նախ ասեմ, որ որևէ արտառոց բան չկա: Կա հասարակական դժգոհություն, որն ի հայտ եկավ մի խումբ երիտասարդների վիճաբանության, նաև  ծեծկռտուքի արդյունքում. մի խումբը ծեծել է մեկին, մյուս խումբը՝ մյուսին: Լարվածությունը մասնավորաբար պայմանավորված է նրանով, որ խմբերից մեկում եղել են ԱԱԾ հատուկջոկատայիններ: Եվ հիմա ծեծի ենթարկվածների ընկերները հավաքվել ու պահանջներ են ներկայացնում, որպեսզի երկրի նախագահը աշխատանքից ազատի ուժային կառույցների մի քանի ղեկավարների: Բողոքողները նաև փակել են քաղաքի մի քանի փողոցները:  Կարծում եմ, որ այսօր կամ վաղը հարցը՝ դրական առումով, հանգուցալուծում կստանա:

 

-Մինչդեռ կա մտավախություն, որ այս ամենի հետևում քաղաքական ուժեր ու անձիք են, որոնք հնարավորն անում են միջադեպը քաղաքականացնելու համար, անգամ նպատակ ունեն  Արցախում կրկնել «թավշյա  հեղափոխության» սցենարը, որը մեկ ամիս առաջ տեղի ունեցավ Հայաստանում: Դուք նման ընթացք տեսնո՞ւմ եք:

 

-Այո, ճիշտ եք, բոլորիս մոտ կա նման մտավախություն: Միշտ լինում են «պղտոր ջրում ձուկ որսացողներ», բայց Արցախում կա ներքին քաղաքական միասնականություն: Այն մարդիկ, որոնք այսօր հավաքվել են Ստեփանակերտի հրապարակում, որևէ քաղաքական օրակարգ չեն առաջարկում, նման օրակար չկա,  նրանց պահանջները ոչ թե քաղաքական են, այլ վերաբերում են ուժայինների դրսևորած վարքին, նրանց կատարած գործողությունների հանդեպ մարդիկ իրենց դժգոհությունն են, ընդամենը, արտահայտում: Իսկ կան մարդիկ, որոնք,  իհարկե, ուզում են օգտվել իրավիճակից, նաև համեմատություն  են անում Հայաստանի հետ, գուցեև ուզում են տեսնել նույն սցենարը Արցախում: Դա անթույլատրելի է, քանի որ Արցախը պատերազմական իրավիճակում գտնվող երկիր է:

 

- Արցախյան  քաղաքական դաշտի ո՞ր ուժերն ու գործիչներ են, ըստ ձեզ, «պղտոր ջրում ձուկ բռնել» ցանկացողները, ովքե՞ ր են ուզում, որ  այս ամենը քաղաքական երանգ ստանա: Կարո՞ղ եք կոնկրետ անուններ տալ:

 

-Որևէ քաղաքական ուժ այսօր չի մասնակցում այս գործընթացներին: Միայն ներկա է պատգամավոր Հայկ Խանումյանը, որն ավելի շատ միջնորդի դեր է կատարում, որպեսզի ավելորդ լարումներ,  ցնցումներ չլինեն: Մասնակիցներից է նաև Վահան Բադասյանը, բայց ես նրան քաղաքական գործիչ չեմ համարում: Նա չունի կուսակցություն, չունի թիմ ու այսօր որպես անհատ է հանդես գալիս:

 

-Իսկ այս ամենը քաղաքականացնելու թիկունքում դուք տեսնում ե՞ք դրսից ֆինանսավորվող  կազմակերպությունների, թե՞ Արցախում, ի տարբերություն Հայաստանի, չկան այդպիսիք:

 

-Ոչ, ոչ, Արցախում չկան նման երևույթներ: Բայց կան որոշակի ուժեր, որոնք տարբեր հարցերի հետ կապված ունեն դժգոհություններ և այժմ ուզում են այս առիթն օգտագործել ավելի շատ աչքի ընկնելու համար: Ես հիմա շտապում եմ հանդիպման Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյան հետ: Ինչպես ասացի, համոզված եմ՝ ամեն ինչ շատ արագ կստանա հանգուցալուծում ու իրավիճակը կհանդարտվի:

 

Հիշեցնենք, որ հունիսի 1-ինԱրցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ԱԱԾ հատուկջոկատայինները ծեծի էին ենթարկել երկու քաղաքացիների: Տուժածների հարազատները բողոքի են դուրս եկել, փողոցներ են փակել՝  պահանջելով արդարադատությունԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, եւ մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով:

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ