Արցախյան պատերազմ ու հաղթանակ

am en es ru
Arts`akhyan paterazm ow haght`anak_18071

Ղարաբաղյան ազատագրական պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի հետևանքով ծագած զինված հակամարտությունն է 1988–1994-ին։

1988-ից մինչև 1991-ի ապրիլի 30-ը կրել է հիմնականում տեղային բնույթ և դրսևորվել համապարփակ շրջափակման, պետական ու անհատական ունեցվածքի ավարառության, հայկական բնակավայրերի, մերձակա օժանդակ տնտեսությունների ու արտադրական ձեռնարկությունների վրա ավազակային հարձակումների և անօրինական այլ գործողությունների տեսքով։ Դրանց հաջորդել են կազմակերպված ու բացահայտ զինված ներխուժումները և տարածքներ զավթելու, հայ ազգաբնակչությանը բռնի տեղահանելու նպատակով իրականացված լայնածավալ ռազմական գործողությունները։

1990 թ-ի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ ԳԽ առաջին նստաշրջանն ընդունել է «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով հայտարարվել է Հայաստանում անկախ պետականության վերահաստատման գործընթացի սկիզբը: ՀՀ նորընտիր իշխանությունների գլխավոր խնդիրներից էր Արցախին պետականորեն համակողմանի զորակցելը: Հակառակ դրան՝ Լեռնային Ղարաբաղում ԽՍՀՄ ՆԳՆ զորքերը, որ ենթարկվում էին Հանրապետական կազմկոմիտեին, կատարել են պատժիչ գործողություններ: 1991 թ-ի ապրիլ-օգոստոսին ԽՍՀՄ ՆԳՆ զորքերը, ադրբեջանական հատուկ ջոկատայինների մասնակցությամբ, իրականացրել են «Օղակ» պատժիչ-ահաբեկչական գործողությունը. հայաթափել են Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի և ԼՂԻՄ-ի 24 գյուղ:

1991 թ-ի մայիս-հունիսից մարզում սկսվել է հայ-ադրբեջանական ազգամիջյան պատերազմ: Ղարաբաղյան պատերազմին մասնակցել են նաև խորհրդային բանակում հմտացած գեներալներ, Արցախի և Հայաստանի կամավորական ջոկատներն ու 5-րդ կամավորական զորամիավորումը:

1991 թ-ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ժողովրդական պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունել է «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Այն ամրապնդվել է նույն թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով. Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկել է անկախության օգտին:

1992 թ-ից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգայնացվել է:

1992 թ-ի մարտի 24-ին ԵԱՀԽ-ն ընդունել է որոշում Մինսկում կազմակերպվելիք խորհրդաժողովում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը քննարկելու մասին: Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ 4 բանաձև է ընդունել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, կոչ արել դադարեցնել պատերազմը: Ադրբեջանը, սակայն, ոչ միայն խափանել է հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԽ Մինսկի խմբի ջանքերը, այլև պաշտոնապես մերժել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և սաստկացրել ռազմական գործողությունները ողջ ռազմաճակատի երկարությամբ:

 

 

 

 

 

 

 

1992 թ-ի ձմեռանից ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը (ԻՊՈՒ) ձեռնարկել են թշնամու կրակակետերի ոչնչացումը: Փետրվարի վերջերին Խոջալուում վնասազերծվել են ադրբեջանական կրակակետերը: ԼՂՀ պաշտպանության նպատակով 1992 թ-ի մարտի 26-ին ստեղծվել է Ինքնապաշտպանության կոմիտե (ԻՊԿ)՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Մայիսի 8–9-ի ռազմական գործողության շնորհիվ ԻՊՈՒ-ի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ղեկավարությամբ ազատագրվել է Շուշին: Մայիսի 17–18-ին ազատագրվել են Բերդաձորի ենթաշրջանը, ապա՝ Լաչինը, և վերացվել է գրեթե հնգամյա շրջափակման օղակը: ՀՀ-ից սկսվել է սննդամթերքի, վառելանյութի և այլ անհրաժեշտ ապրանքների առաքումը Լեռնային Ղարաբաղ: 

Սակայն Ադրբեջանը 1992 թ-ի հունիսի 13–14-ին, որոշ արտաքին ռազմական աջակցությամբ, զավթել ու կողոպտել է Շահումյանի շրջանը, այնուհետև՝ Մարտակերտի շրջանի մեծ մասը: Ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով 1992 թ-ի օգոստոսի 15-ին ստեղծվել է Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ)՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ, որն իրականացրել է նաև գործադիր իշխանության գործառույթը: 1994 թ-ի դեկտեմբերին ԼՂՀ ԳԽ-ն Ռոբերտ Քոչարյանին ընտրել է հանրապետության նախագահ, իսկ 1996 թ-ի նոյեմբերին ընտրվել է համաժողովրդական ընտրությամբ:

1993 թ-ի գարնանը ԼՂՀ ազատամարտիկներն ազատագրել են Մարտակերտի շրջանի մեծ մասը,  ոչնչացրել են թշնամու ռազմահենակետերը Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլու, Կուբաթլուի, Ջաբրայիլի և Զանգելանի շրջաններում: 

Ադրբեջանը, մերժելով զինադադարի  Ռուսաստանի միջնորդությունը, 1993 թ-ի դեկտեմբերին ամբողջ ռազմաճակատով անցել է հարձակման: Նրանց բանակում կռվել են աֆղան վարձկաններ և ուրիշներ: 1994 թ-ի հունվար-մայիսին Պաշտպանության բանակի   հաջող գործողությունները ստիպել են Ադրբեջանի ղեկավարությանը միջոցներ ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու համար և 1994 թ-ի մայիսին Մոսկվայում Ադրբեջանը Ռուսաստանի առաջարկությամբ հարկադրված կնքել է զինադադար, որը պահպանվում է ցայսօր , բայց պարբերաբար խատվում է:

Պատերազմի ընթացքում ազատագրվել է 12,4 հզ. կմ2 տարածք, և ԼՂՀ-ի շուրջ ստեղծվել է անվտանգության գոտի, սակայն Ադրբեջանը ռազմակալել է Հյուսիսային Արցախը՝ ԼՂՀ Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու շրջանների արևելյան մասերը:

Արցախյան գոյամարտում գրանցած հաղթանակով  վերածնվել է հայոց անկախ պետականությունը:

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ