Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Աշխարհի հետ հաշտ ապրելու, ճիշտ հարաբերվելու հայկական բանաձևը. հարցազրույց Երվանդ Ազատյանի հետ (Մաս 2-րդ)

am es
Ashkharhi het hasht aprelow, chisht harabervelow haykakan banadzewe. harts`azrowyts` Ervand Azatyani het (Mas 2-rd)_104337

Օրերս տեղի ունեցավ գրող, հրապարակախոս, գրականագետ, Հայաստանի գրողներիմիության անդամ, Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, ԱՄՆ և Կանադայի Թեքեյան Մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ, ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ Երվանդ Ազատյանի «Ժամանակի եւ ժամանակիցներու հետ» գրքի շնորհանդեսը:

ՀԱՅ ՁԱՅՆ-ը բացառիկ հարցազրույց ունեցավ սփյուռքի հայտնի մտավորական, հայկական իրականության փայլուն գիտակ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆԻ հետ

Մաս 2-րդ (Մաս 1-ին)

ԻՆՉՊԵ՞Ս ԽՈՒՍԱՓԵԼ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄԻՑ

Ճանապարհը՝ ոսկե միջինն է

 

- Աշխարհն այսօր ուժն է գնահատում՝ ուժեղ չես, անկախ չես, կախյալ ես ու, ընդհանրապես, որպես ազգ, հավաքականություն կարող ես դադարել գոյություն ունենալ: Իսկ գլոբալացող աշխարհում օտար միջավայրերի ազդեցությունն առավել ուժգին է, կարող ես կորցնել ինքնությունդ: Ի՞նչ է ձեզ համար անկախությունը:

-Անկախությունը սահմանվում է երկու չափանիշով. առաջինն այն է, երբ իբրև ազգ ինքդ ես սահմանում քո անկախությունը: Երկրորդ՝ երբ աշխարհն է քեզ համար սահմանում քո անկախությունը: Այս երկու չափանիշների համադրմամբ պետք է հասնել իրապաշտ անկախության հաստատման:

Մենք երբեմն հայտարարում ենք բացարձակ անկախության մասին, բայց մեր անկախության սահմանները մենք պետք է դիտարկենք աշխարհի պրիզմայով, մենք չենք կարող աշխարհից կտրված լինել, որի մի մասնիկն ենք, որտեղ ապրում ենք: Մենք չենք կարող մեր անկախությունն աշխարհից դուրս դնել ու միայն մեր ուզածով սահմանել: Լինելով իրապաշտ՝ գիտակցում ենք, որ մեր ճշմարտության դիմաց կա նաև համաշխարհային ճշմարտությունը: Պետք է կարողանանք համադրել մերն ու համաշխարհայինը և իրական անկախության սահմանը հե՛նց այդտեղ էլ գծել:

-Այսինքն՝ հարկավոր է գտնել ոսկե միջինը՝ աշխարհի հետ հաշտ ապրելու բանաձևը, որպեսզի քեզնից ինչ-որ բան զիջելու դեպքում էլ կարողանաս պահպանել քոնը ու չկորցնես սեփական դեմքդ, արժեքներդ:

-Իհարկե. բերեմ եվրոպական երկրների օրինակը, բոլորն էլ բացարձակ անկախ էին: Սակայն իրենց անկախությունից կամավոր հրաժարվեցին՝ հանուն համաեվրոպական անկախության: Նույնիսկ իրենց արտաքին քաղաքականության մեջ գնացին զիջումների: Բայց միաժամանակ հնարավորն արեցին իրենց ներքին, մասնավորաբար, տնտեսական անկախությունն ամբողջապես պահպանելու համար: Այսինքն, և՛ միավորվեցին, և՛ պահպանեցին իրենց ինքնուրույնությունը, դրանով իսկ՝ ինքնությունը: Մենք ևս պետք է կարողանանք հասնել այդ իրապաշտ անկախությանը:

Մինչդեռ, 1991-ին, երբ Հայաստանն անկախացավ, եղան մարդիկ, որոնց՝ անկախության մասին պատկերացումները միայն թղթի վրա ուրվագծվեցին, ու այդպես էլ մնացին թղթի վրա: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից իրականացվեց երրորդ ուժի բացառման քաղաքականությունը և մենք վճարեցինք ղարաբաղյան պատերազմով:

Մեր անցյալը մեզ համար պետք է դաս լինի

Անկախությունը հայ ժողովրդի համար մեծագույն արժեք է և ունի կենսական կարևոր նշանակություն: Սակայն կա նաև մեկ այլ, առավել կարևոր հանգամանք, արդյոք, մենք ունե՞նք այն հստակ գիտակցումը, թե ինչի՞ կարող ենք հասնել՝ շնորհիվ մեր մեծագույն ձեռքբեման, մեր Անկախության: Կարո՞ղ ենք, արդյոք, անհրաժեշտորեն օգտագործել Անկախության ընձեռած հնարավորությունները: Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ հայտարարվեց սիրո ու համերաշխության մթնոլորտի ստեղծման մասին: Այժմ պետք է հասկանանք՝ կարո՞ղ ենք իրապես այդ մթնոլորտը ստեղծել Հայոց աշխարհում ու պահպանել այն, ունե՞նք հնարավորություն մեր երազանքները կյանքի կոչելու: Եթե ունենք, ապա անկախությունը մեզ համար իսկապես մեծ նշանակություն կունենա, եթե՝ ոչ, ապա այն ընդամենը կհնչի իբրև լոզունգ: Այդ դեպքում մենք կարժեզրկենք մեր անկախության գաղափարը:

Անկախությունն ապրում են:

Անկախությունն իմաստություն է:

Անկախությունը ճշմարտության վրա հիմնված իրականություն է

- Մեր երկիրը հզորների աշխարհաքաղաքական շահերի բախման խաչմերուկում է, նախորդ իշխանությունները փորձեցին գտնել աշխահի հետ հարաբերվելու հայկական բանաձևն ու սահմանեցին կոմպլեմենտարիմը՝ որպես քաղաքականություն, որ մեր փոքր հողի վրա Արևմուտքն ու Արևելքը ոչ թե բախվեն, այլ համագործակցեն, իսկ Հայաստանը դառնա կամուրջ՝ երկու հզոր բևեռների միջև: Արևմուտք -Ռուսաստան չափազանց սրված հարաբերություններում, արդյոք, այդ քաղաքականությունը չի դառնո՞ւմ դժվար կիրառելի:

-Այդ քաղաքականությունը, իհարկե, ճիշտ է, քանի որ սուր հակասությունները մեր նման փոքր երկրների համար չեն: Հզոր պետությունը միայն կարող է իր ցանկացած չափանիշով հարաբերվել աշխարհի հզորների հետ: Աշխարհի երկու թևերի մեջ որտե՞ղ է մեր տեղ՝ սա պետք է մենք գիտակցենք:

Ռուսաստանի հետ մենք կապված ենք պատմական ժառանգությամբ, նաև աշխարհագրորեն, ուրեմն, այդ սահմաններում պետք է աշխատի Հայաստանի քաղաքական միտքը:

Ի դեպ, մեզանում կա սխալ մտայնություն, հնուց եկած կարծրատիպ, որը հաճախ խանգարում է մեզ հայ-ռուսական հարաբերություններում սթափ քաղաքականության իրականցմանը:

Ռուսաստանը մեզ երբևէ չի ասել՝ Հայաստա՛ն, ես պետք է պաշտպանեմ քեզ, դա մե՛նք՝ հայերս ենք հայտարարել դեռևս անցած դարասկզբից, մենք ենք որոշել, որ մեր պաշտպանը Ռուսաստանն է: Եվ սա դարձրել ենք մեզ համար աֆորիզմ: Մինչդեռ, ռուսական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չափվում է հետևյալով՝ ի՞նչ կարևորություն ունի Հայաստանն իր համար, ի՞նչ կարող է տալ Հայաստանը Ռուսաստանին՝ համաշխարհային քաղաքականության մեջ: Սրանով է չափվում Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ մեր տեղը: Բայց մենք անտեսում ենք այս կարևոր հանգամանքն ու հայտարարում՝ Ռուսաստանը մեր պաշտպանն է, և վերջ: Բայց այդպես չի կարող լինել, պատմության մեջ էլ եղել են իրավիճակներ, երբ ռուսները բոլորովին չեն եղել մեր պաշտպանը: Ի վերջո, պետք է սթափ գնահատենք իրողությունները ու Ռուսաստանի հետ հարաբերություններում չառաջնորդվենք անհիմն կարծրատիպերով, այլ հստակ ճշգրտենք մեր դիրքորոշումները:

Դառնամ Արևմուտքի. վերջինիս համար Հայաստանի նշանակությունը չափազանց լուսանցքային է: Արևմուտքի հետաքրքրությունների սահմանն այլ է, Հայաստանը Արևմուտքի համար մեկ դեր ունի միայն, թե ինչպե՞ս Հայաստանի միջոցով հնարավորինս վնասել Ռուսաստանին: Եվ այսօր, Արևմուտքը մտմտում է՝ որքանո՞վ կարող է Հայաստանի նոր կառավարությանն օգտագործել Ռուսաստանի դեմ: Եթե մենք այդ դերը խաղանք՝ Արևմուտք մեզ որոշակի ֆինանսական օժանդակություն ցույց կտա:

-Բայց պե՞տք է, որ մենք այդ դերը ստանձնենք, դա խիստ թանկ գին չի՞ լինի մեզ համար:

-Անշուշտ, Վրաստանը մտավ այդ դերի մեջ ու անդամահատվեց՝ կորցրեց տարածքներ: Հայաստանն անդամահատվելու տեղ չունի…

Հայաստանի հանդեպ Արևմուտքի հետաքրքրության սահմանը Ռուսաստանին վնասելն է, հիշեք, Արևմուտքի հետաքրքությունների մեջ Հայաստանի ժողովրդի բարեկեցությունը չկա, դա առաջնային է միայն հնչող հայտարարություններում, որտեղ խոսում են ժողովրդին օգնելու մասին, ու թե ինչքան է իրենց սիրտը ցավում, թե ժողովուրդը սոցիալական վատ վիճակում է կամ է բանտերում: Բայց սրանք խոսքեր են, որից այն կողմ՝ ոչինչ չկա:

-Արևմտյան կեղծավոր քաղաքականությունն է, որի կործանարար հետևանքները հայ ժողովուրդն իր վրա զգացել է՝ դեռևս անցած դարասկզբից:

-Այո, այսօր տեղի ունեցող դեպքերի մեջ ևս հիշելու բան կա, հիշենք, Մերձավոր Արևելքում՝ Լիբիայում կատարվածը: Այնտեղ ժողովուրդն ապրում էր երջանիկ, հանգիստ, փոքր բնակչություն ունեցող այդ երկիրն ուներ հսկայական հարստություն: Եվ ի՜նչ արեց Արևմուտքը. պետական մակարդակով հայտարարում էին՝ վա՜յ, ժողովուրդը տառապում է, քաղցած է, բանտերում մեռնում է, ՆԱՏՕ-ն իր հրթիռներով պետք է գնա և օգնի ժողովրդին: Եվ գնաց օգնելու… ու բազմաթիվ մարդիկ սպանվեցին, երկիրը քայքայվեց: Մերձավորարևելյան օրինակները մենք պետք է մեր մտքում ունենանք, ու գիտակցենք՝ ո՛չ Արևմուտքում, ո՛չ Արևելքում մեր ժողովրդի մասին հոգ չեն տանելու:

-Նկատե՞լ եք, Հայստանում այսօր առավել հաճախ են հնչում Ռուսաստանից հեռանալու, ՆԱՏՕ-ին միանալու կոչերը

-Նկատել եմ, որ Արևմուտքի հանդեպ Հայաստանում կա փոքր-ինչ չափազանցված վստահություն, պետք է մտածել՝ ո՞ւր կարող է այն մեզ տանել: Ինքս բնակվում եմ Արևմուտքում, գիտեմ ինչ է Արևմուտքը, ու ամեն անգամ գրում եմ իմ հոդվածներում, եթե Հայաստանը ձգտում է հասնել արևմտյան բարիքներին, ապա այդ ձգտման մեջ պետք է լինի իրատես, երբեք չկորցնի իրականության զգոցողությունը:

Այո, մարդիկ կան, որ հայտարարում են՝ մենք պետք է դառնանք ՆԱՏՕ-ի անդամ: Բայց չկարծեք, որ այդ դաշինքին անդամակցելով՝ այն բարիքները, որ ունեն ՆԱՏՕ-ի անդամ երկրները, հոսելու են Հայաստան: Ամենևին: Մի բան պետք է գիտակցենք՝ ՆԱՏՕ-ն գործում է հետևյալ սկզբունքով՝ ինչ կտաս՝ կստանաս: Իսկ ՆԱՏՕ-ն ուժ է ուզում, ուրեմն, ուժ կտաս՝ ուժ կստանաս: Այլ ակնկալիքներ պետք չէ ունենալ:

Երկրորդ, տեսեք, ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ինչ վիճակում են գտնվում. Հունաստանը տնտեսապես շատ ծանր վիճակում է՝ ուղղակի տնտեսությունը քայքայված է, իսկ իր տարածքը՝ Կիպրոսը, գրավված է հենց ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի կողմից: Եթե մենք լինենք ՆԱՏՕ-ի անդամ՝ Հունաստանից ավելի լավ վերաբերմունքի պետք է արժանանա՞նք: Իհարկե՝ ոչ: Այս ամենը հաշվի առնելով, մենք պետք է ընթանանք իրատեսական ճանապարհով:

Ինչ վերաբերում է Հայաստանի կամրջող դերին, աա այն պետք է լինի հաստատուն, որպեսզի և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը կարողանան վստահել այդ կամուրջին:

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հզոր երկրներ են, ԱՄՆ-ն, ի դեպ, ունի շատ բարդ քաղաքականություն: Բայց հզոր երկրներն ավելի հեշտ է կառավարելը, քան մեր փոքր երկիրը, որը գտնվում է հզորների խաչմերուկում: Մեր հարցերը մեր երկրի սահմաններից անդին են, մեր խնդիրների լուծումը մեր քաղաքականության կարողություններից վեր է, այնպես է, ու դա պետք է գիտակցենք, և այդ գիտակման վրա կառուցենք մեր՝ հայակենտրոն քաղաքականությունը:

-Իսկ Հայաստանի իշխանության արտաքին քաղաքականության մասին ի՞նչ կասեք, ընթացքը ճի՞շտ է:

-Ճիշտն ասած, ես դեռ որոշակիություն չեմ տեսնում: Հստակություն չկա: Ինչպես ռուսներն են ասում՝ խոսքերը գործերին դեռ չեն համապատասխանում:

 

Հարցազրույցը վարեց ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԸ

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի գլխավոր խմբագիր

 

Շարունակելի

 

 

 

 

 

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ