Աշխարհի հետ հաշտ ապրելու, ճիշտ հարաբերվելու հայկական բանաձևը. հարցազրույց Երվանդ Ազատյանի հետ (Մաս 3-րդ)

am es
Ashkharhi het hasht aprelow, chisht harabervelow haykakan banadzewe. harts`azrowyts` Ervand Azatyani het (Mas 3-rd)_105911

Ներկայացնում ենք ՀԱՅ ՁԱՅՆ-ի բացառիկ հարցազրույցը սփյուռքի հայտնի մտավորական, հայկական իրականության փայլուն գիտակ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆԻ հետ

 

Մաս 3-րդ (Մաս 2րդ)

ՏԵՍԱՆՔ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀՐԵՇՆԵՐԻ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ

 

-1991-ին Ռամկավար Ազատական կուսակցությունը պաշտոնապես վերահաստատեց իր ներկայությունը Անկախություն հռչակած Հայաստանում. վերադարձաք հայրենիքը շենացնելու հույսով, հավատով: Ո՞ւր ենք հասել այդ հույսի, հավատի ճանապարհին, արդարացե՞լ են ձեր սպասումները, ակնկալիքները:

-Անկախությունը դարերի մեր երազանքն է, գաղափար, որն ամեն մեկն իր մտքում իր ուզածի պես է պատկերացնում՝ գունավոր, գեղեցիկ: Բայց այն պահին, երբ անկախությունը դառնում է իրականություն, մեջտեղ են ելնում «փշերը»: Մենք էլ երբեմն իրապաշտ չենք եղել հայաստանյան իրողությունների գնահատման հարցում:

Սովետական մարդը, որի ձեռքը վարժվել էր կողոպտելուն, կարծեցինք, թե անկախացմամբ հրեշտակ պիտի դառնար: Ու չմտածեցինք՝ խորհրդային 70 տարիների ընթացքում գողության սովոր մարդն ինչպե՞ս կարող է կարճ ժամանակում հրեշտակ դառնալ: Եկանք մեծ հույսերով, բայց տեսանք ու համոզվեցինք՝ անկախացած հրեշտակը տակավին դեռ խորհրդային հրեշն էր:

Մենք մեր երկրի անկախացմամբ ոգևորված ՌԱԿ-ի անդամ հայտնի գործարարներին համոզեցինք գալ ու ներդրումներ անել՝ դրանով օգտակար լինել հայրենիքին, ժողովրդին, նաև լավ օրինակ ծառայել սփյուռքի ներդրողներին համար: Մանավանդ, երբ այդ ժամանակ տեսանք, թե մթի ու ցրտի մեջ ինչպե՞ս էր տառապում ժողովուրդը: Սկսեցինք իրականացնել բարեսիրական ծրագրեր, բայց բարեսիրությունն էլ իր սահմաններն ունի, հնարավոր չէ ողջ ժողովրդին անվերջ պահել բարեսիրությամբ: Ինչպես մեր Ռուբեն Թերզյանն է ասում՝ ժողովրդին հնարավոր չէ անվերջ ձկով կերակրել, ճիշտ ճանապարհը նրան ձկնորսություն սովորեցնելն է: Այդ սկզբունքով առաջնորդվելով՝ ռամկավարները 3,5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում արեցին, ու Երևանում հիմնվեց գործարան՝ 200 աշխատատեղով: Մինչդեռ ամեն ինչ վատ ավարտ ունեցավ: Մեծ երազներով ու հույսերով եկած մարդկանց ունեցվածքը կողոպտեցին, Հայաստանի առաջին իշխանությունները ուղղակի «կերան» գործարանը: 3,5 մլն դոլարը փոշիացավ: Այն գումարները, որ մենք ուղարկում էինք պատերազմի մեջ ծանր պայմաններում գտնվող մեր ժողովրդին՝ պաշտոնյաները յուրացրին: Եսայի Ստեփանյան անունով մի պաշտոնյա կար, միայն մի քանի հարյուր միլիոն դոլար նա յուրացրեց ու փախավ Հայաստանից: Ի՜նչ հայրենասիրության մասին կարող է խոսք լինել, ես նմաններին անվանեցի սովետական հրեշներ՝ անկախության հրեշտակի անվան տակ: Ներդրումներ արած գործարար մարդիկ այս ամենը տեսնելով՝ հուսահատվեցին ու հեռացան Հայաստանից:

-Այդպիսիններն էին, որ թալանեցին երկիրը, խարխլեցին ոչ միայն սփյուռքի, այլև սեփական ժողովրդի հավատն ու վստահությունը: Այդ թալանի հետևանքներն առ այսօր տեսնելի են. Սփյուռքի գործարարները դարձյալ զգուշավոր են, շատերն չեն ուզում գործնական քայլեր անել Հայրենիքում, չնայած իշխանությունների՝ հույս ներշնչող կոչերին ու հավաստիացումներին:

-Այդ վստահության պակասը դանակի հարված էր սփյուռքի սրտին: Վստահության պակասն ուժգին կերպով ցնցել է սփյուռքը, տրամադրությունների փոփոխման համար երկար ժամանակ է պահանջվելու: Իսկ միայն խոսքերով, թե եկեք, ներդրումներ արեք, լավ կլինի՝ չի կարող վերականգնվել այդ վստահությունը: Դրա համար լուրջ, գործնական քայլեր են պետք:

Անգամ լավագույն օրենքներն այսօր չեն կոտրում անվստահությունը, քանի որ ներդրողները մտածում են՝ օրենքը ևս կարող է շրջանցվել, ոտնահարվել: Ուրեմն, լավ օրենքների հետ մեկտեղ փաստեր, կոնկրետ հաջողված ներդրումների օրինակներ են պետք: Եվ սփյուռքը գործնական քայլեր տեսնելով՝ միայն կարող է վերագտնել իր կորսված հավատը:

-Ի դեպ, թավշյա հեղափոխության ընթացքում սփյուռքից շատ էին լսվում աջակցության կոչեր, թե գործող իշխանություններին հեռացնելու դեպքում պատրաստ են կանգնել Փաշինյանի կողքին, ներդրումներով շենացնել երկիրը: Բայց հեղափոխության հաղթանակից հետո, կարծես, խոստումները մոռացվեցին: Վարչապետին մեծ ոգևորությամբ են ընդունում դրսում, սակայն ամեն ինչ դրանով ավարտվում է: Ի՞նչ տրամադրություններ կան Սփյուռքում:

-Գիտեք, Հայաստանում ճիշտ չի ընկալվում Սփյուռք ասվածը, որը բազմաշերտ է: Այն հայտարարությունները, որ լսում էիք թավշյա հեղափոխության օրերին՝ առավելապես հնչում էին գլենդելյան սփյուռքից: Իսկ Գլենդելը չի ներկայացնում մեր ավանդական սփյուռքը, այնտեղ են հավաքվել հիմնականում Հայաստանից տարբեր տարիներին հեռացածներ: Մարսելում ևս նման մարդկանց տեսա, բոլորն էլ վերջին տարիներին Հայաստանից մեկնածներ էին: Իսկ այդ մարդկանց մեջ կան նախկին իշխանություններից ծայրահեղորեն հուսախաբվածներ: Հեղափոխության հանդեպ մեծ ոգևորությունը հե՛նց այդ մարդկանց շրջանում էր: Մինչդեռ ավանդական սփյուռքը, առավելապես, պահպանողական է, դրանով իսկ՝ կայունության կողմնակից ու հեղափոխություն բառից հեռու:

Այդուհանդերձ, սփյուռքում կա լավատեսություն, նաև պահպանողականներն են ուրախ են, որ նախկինները հեռացան: Սակայն դեռ կա անորոշություն, կա օդում կախված հարց՝ իսկ նորերն ինչպե՞ս են գործելու: Ներկա իշխանության հանդեպ հոռետեսություն չկա, բայց լավատեսությունն էլ բավականին զգուշավոր է: Ասեմ ավելին, նոր իշխանությունից չափից ավելի մեծ ակնկալիք կա Սփյուռքի մեջ, ինչը ես դարձյալ վտանգավոր եմ համարում: Ակնկալիքները պետք է չլինեն ավելին, քան կարող են թույլ տալ Հայաստանի պայմաններն ու հնարավորությունները, այսինքն՝ ակնկալիքները պետք է լինեն իրատեսական:

 

Հարցազրույցը վարեց ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԸ

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի գլխավոր խմբագիր

 

Շարունակելի

 

Մաս 1-ին՝ http://haydzayn.am/p/74112

Մաս 2-րդ՝ http://haydzayn.am/p/74240

 

 

 

 

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ