Այսօր Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակն է

am ru en es
Aysor Amenayn hayots` banasteghtsi tsnndyan orn e_44285

․․․Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Բանաստեղծ ոչ միայն գրչով, այլև իր անձով, իր կյանքով և կենցաղով: Անսպառ վեհանձնության տպավորություն մը կգործեր, որովհետև անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր: Բայց ոչ արդի սերունդը, որ գալիք սերունդները չեն մոռանար զինքը: Վերագնահատման ամենախիստ բովերեն Հովհաննես Թումանյանի անձը և երկը դուրս կուգան անեղծ և պայծառ: Անիկա իր էության ամենաբարձր արտահայություններով միշտ պիտի մնա ներկա և թերևս պիտի ըլլա միակ հաստատ օղակը, որ ապագան պիտի կապե անցյալին․․․

Զ. ԵՍԱՅԱՆ

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյան ծնվել է 1869 թ․-ի փետրվարի 19-ին, Լոռու Դսեղ գյուղում` հոգեւորական Թադևոսի ընտանիքում։ Ութ տարեկան հասակում մի խումբ գյուղացիների հետ նա գրել-կարդալ է սովորում հորեղբոր` Գրիշկայի նորաբաց «դպրոցում», որտեղ մատիտները արճիճից էին, իսկ թանաքը` կակաչ ծաղկից: Մի քանի ամիս հետո, Թումանյանն սկսում է հաճախել գյուղում բացված Սահակ վարժապետի դպրոցը։ 1879 թ.-ին հայրը որդուն տանում է Էջմիածին` Գևորգյան ճեմարանում ուսման տալու, սակայն չի հավանում և Հովհաննեսին ետ է բերում գյուղ, որից հետո Թումանյանը հաճախում է Ջալալօղլուի դպրոցը։ 1883 թ․-ից արդեն ուսանել է Թիֆլիսի Ներսիսյան ճեմարանում, սակայն նյութական խնդիրների իրավիճակի պատճառով թողել է դպրոցը եւ սկսել աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, ապա՝ Հայ Հրատարակչական միության գրասենյակում։ Արդեն 1888 թ․-ին 19 տարեկան հասակում, Թումանյանն ամուսնանում է 17 տարեկան Օլգա Մաճկալյանի հետ և ունեցել տասը երեխա:

1893 թ․-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերություններում: Գրել սկսել է 1880-ական թթ․-ից։ Նրան լայն ճանաչում է բերում «Բանաստեղծություններ» հավաքածուն, որից հետո գրում է «Մարոն», «Լոռեցի Սաքոն» , «Անուշ» և այլ գործեր։ Թումանյանի հիմնական ստեղծագործությունների հիմքում ժողովրդական բանահյուսությունն է։ 1899 թ․-ին Թումանյանը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ գրողներ ու բանաստեղծներ։

1886-1887 թթ.-ին հաճախել է գաղտնի ժողովների: Թումանյանի կինը՝ Օլգա Թումանյանը պատմում էր, որ Թումանյանը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել հայ ազատագրական շարժման գործիչներից Ալ. Գոլոշյանի հետ: 1890 թ.-ին ստեղծվում է Դաշնակցություն կուսակցությունը և որպես քաղաքական խմբակ Թումանյանի «Երիտասարդ Հայաստան»-ը մտնում է կուսակցության կազմի մեջ: 1893-1896 թթ.-ին բանաստեղծը միառժամանակ հարել է Հնչակյան կուսակցությանը

Թումանյանի հասարակական կյանքը 1890-ականներից չէր վրիպել Թիֆլիսի պահնորդական բաժնի գործակալների ուշադրությունից: 1899 թ.-ին Գոլիցինի հրամանով Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը լուծարքի է ենթարկվում, դառնալով միայն Թիֆլիսի բարեգործական կազմակերպություն։ Գործակալների աչքից չէր վրիպել նաև այն փաստը, որ Թումանյանը աշակերտական «Ծիածան» գաղտնի ընկերության իր բնակարանում պարապում էր հայ գրականություն: Այսպիսով, նրա անունը գրանցվել է Թիֆլիսի քաղաքական կասկածյալների ցուցակում:

1900 թ.-ին Թումանյանն անդամագրվում է նաև Երվանդ Լալայանի հիմնադրած Ազգագրական հրատարակչական ընկերությանը, որի անդամները հաճախ էին հավաքվում վերջինիս տանը և հենց այդ պատճառով էլ 1902 թ.-ին խուզարկվեցին անդամների բնակարանները, առգրավվեցին գրքեր, ձեռագրեր։ Շուտով Թումանյանի բնակարանում ևս խուզարկություն է կատարվել և իբրև իրեղեն ապացույց վերցվել է մի գիրք: Թումանյանը չի ձերբակալվել հիվանդության պատճառով: Չնայած խուզարկությունը արդյունք չտվեց, այնուամենայնիվ, բանաստեղծի անունը մնաց կասկածելիների ցուցակում: Այդ ցուցակում լինելը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ Թումանյանը ակտիվ կապեր ուներ քաղաքական գրեթե բոլոր կուսակցությունների ու խմբակների հետ։

1905 թ.-ի նոյեմբերի 22-ից ազգամիջյան սուր ընդհարումներ են սկսվում Թիֆլիսում, որից հետո Թումանյանն ընտանիքով տեղափոխվում է հայրենի Դսեղ։ Շուտով

Լոռիում սկսվում են ագրարային շարժումներ և քանի որ Թումանյանն արդեն վաղուց կասկածվում էր, պահնորդական բաժնում նրա անունը մտնում է «ահաբեկիչ հեղափոխականների» ցուցակի մեջ: Թումանյանը հետապնդվում էր «Ժոկեյ» կեղծանունով:

1908 թ.-ի դեկտեմբերին, Թիֆլիսում և հայաշատ այլ վայրերում սկսում են ձերբակալություններ ու սպանություններ, բոլորի մեղադրաքները հիմնականում մտնում էին «Դաշնակցության գործ»-ի մեջ: Թումանյանը որդու` Մուշեղի հետ բանտարկվում է 1908 թ.-ի դեկտեմբեր 23-ի լույս 24-ի գիշերը: Բանտարկյալ Թումանյանի առաջին հարցաքննությունը տեղի է ունեցել հունվարի 3-ին, սակայն շուտով անմեղ է ճանաչվում։ Բանտից ազատվելուց հետո Թումանյանի վրա ավելի խիստ հսկողություն է սահմանվում:

1909 թ.-ի օգոստոսի 16-ին Թումանյանին հրավիրել էին մասնակցելու «Գրականագետներին, գիտնականներին, մանկավարժներին օգնող հայոց ընկերություն» ստեղծող հիմնադիր ժողովին։ Արդեն ամռանը նա ստանձնում է «Հորիզոն» օրաթերթի խմբագրությունը, շարունակում է պատրաստել «Լուսաբեր» դասագրքերը և այլն։

Շուտով կրկնվում են ձերբակալությունները։ Այս անգամ Թումանյանին մեղադրում են իր տանը «Դաշնակցության գործին» վերաբերող փաստեր ու փաստաթղթեր պահելու մեջ։ 1911 թ.-ի հոկտեմբերի 31-ին նա ձերբակալվում է և տեղափոխվում Պետերբուրգ։ Բանաստեղծը, սակայն, կարողացավ ապացուցել իր անմեղությունը և 1912 թ.-ի մարտի 20-ին ազատ արձակվեց:

1912 թ.-ի ապրիլին Թումանյանի գլխավորությամբ հիմնադրվեց «Հայ գրողների կովկասյան ընկերությունը», 1914թ․-ին՝ «Պատերազմից վնասվածներին օգնող

կոմիտե», 1917-1918 թթ.-ին Թումանյանը գլխավորում է բազմաթիվ հասարակական կազմակերպություններ։

Հայաստանի խորհրդայնացման տարիներին անգնահատելի էր Թումանյանի կատարած դերը: 1921թ. Խորհրդային Հայաստանի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով, նա եկել է Երևան Հայաստանի օգնության կոմիտե հիմնադրելու համար: Թումանյանին առաջարկում են կոմիտեի նախագահի պաշտոնը, որից նա հրաժարվում է, սակայն շրջելով Երևանի փողոցներով, նա ակամայից մտափոխ է լինում և գլխավորում Հայաստանի օգնության կոմիտեն։

1921 թ. հոկտեմբեր-դեկտեմեր ամիսներին Թումանյանը մեկնեց Կ․ Պոլիս, որը եղավ բանաստեղծի հանրային քաղաքական գործունեության ամենանշանակալից փաստը Այս ուղևորությունը մեծապես նպաստեց ՀՕԿ-ի աշխատանքներին, մասնավորապես՝ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործին։ Հիմնադրում է այստեղ Հայ արվեստի տունը՝ Թիֆլիսի Հայարտան օրինակով։ Այստեղ նրա երկամսյա գործունեությունը ավարտվում է առաջ եկած անբուժելի հիվանդության պատճառով։ 1922 թ․-ին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը փփոքր ինչ լավանում է, սակայն շուտով հիվանդությունը դարձյալ գլուխ է բարձրացնում։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թ․-ի մարտի 23-ին 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։ Այժմ թաղված է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոնում։

Թումանյանի առաջին գործը գրվել է 12 տարեկան հասակում։ Նրա հիմնական ստեղծագործություններում գերիշխում է ժողովրդական ու հայրենասիրական հայացքների ու կենցաղի հետաքրքիր սինթեզը, հայդուկային շարժումը։ Նրա գործերն իրենց արդիականությունը պահպանում են մինչև օրս, յուրաքանչյուր տարիքի, սեռ, սոցիալական դիրքի անձի համար նրա գործերը մատչելի էին, բայց միևնույն ժամանակ բավականին խորը հուզական աշխարհով։ Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուրներ համարել է բանահյուսությունը՝ լեգենդները, առակներն ու ավանդությունները, հեքիաթները, որոնցից են «Աղավնու վանքը», «Չարի վերջը», «Գառնիկ ախպերը», «Մի կաթիլ մեղրը» , ինչպես նաև «Սասունցի Դավիթ», «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար» ու «Փարվանա» բալլադները։ Թումանյանը մշակել է 20-ից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ, որոնք մինչև օրս չեն կորցրել իրենց ժողովրդականությունը․ «Տերն ու ծառան», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն։

Այսօր Երևանում գործում է Թումանյանի տուն-թանգարանը, տիկնիկային թատրոնը, Վանաձորի պետական համալսարանը ևս կրում է Թումանյանի անունը։ Թումանյանի անունով հրապարակ ունի նաև Մոսկվան։

․․․Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն:...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը: Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը․․․

Ավետիք Իսահակյան

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ