Այսօր Պողոս Նուբար Փաշայի ծննդյան օրն է

am en es ru
Aysor Poghos Nowbar P`ashayi tsnndyan orn e_83847

Պողոս Նուբար փաշան 20-րդ դարասկզբի հայ ազգային ականավոր գործիչներից մեկն է: Ապրելով հայրենիքից հեռու` նա իր գիտակցական ողջ կյանքը նվիրաբերեց հայրենի ժողովրդի բարօրությանը: Դարասկզբի ազգային, հասարակական ու քաղաքական գործիչների շարքում Պողոս Նուբարն ունեցավ իր ուրույն տեղն ու դերը, ժամանակակիցների շրջանում վաստակեց մեծ հեղինակություն, սերունդների հիշողության մեջ մնաց որպես մեծ բարերար ու անսահման հայրենասեր: Պողոս Նուբարը ծնվել է 1846թ․ օգոստոսի 2-ին Կոստանդնուպոլսում, Նուբարյանների ընտանիքում։ Կրթությունն ստացել է Եվրոպայում․ նախ ուսանել է Շվեյցարիայում, ապա՝ Փարիզի Կենտրոնական դպրոցում՝ ստանալով ճարտարագիտական կրթություն։ Սկզբնական շրջանում աշխատել է Ֆրանսիայում ՝ նախ հանքերում, ապա՝ երկաթուղում։ Տեղափոխվելով Եգիպտոս՝ նա զբաղեցրեց նախ Եգիպտոսի երկաթուղիների ընդհանուր տնօրենի, ապա Ալեքսանդրիայում գտնվող Անգլիական երկրագործական ընկերության տնօրենի պաշտոնները։

Պողոս Նուբարը նաև գյուտարար էր։ Դեռևս 1900թ․ նա Փարիզի միջազգային ցուցահանդեսում պարգևատրվեց ոսկե մեդալով և Ֆրանսիայի բարձրագույն՝ Պատվո լեգեոնի խաչով՝ իր ստեղծած մեխանիկական գութանի համար։ Հետագայում ևսմրցանակների է արժանացել․ 1906թ․ Միլանի ցուցահանդեսում ստացել է ոսկե մեդալ, այնուհետև տարբեր տարիներին պետական պարգևների է արժանացել Թուրքիայի, Եգիպտոսի, Բելգիայի կառավարությունների կողմից։ Սկսած այս տարիներից՝ Պողոս Նուբարը ակտիվ կերպով զբաղվում էր նաև բարեգործությամբ։

Դեռ երիտասարդ տարիքից Պողոս Նուբարը կարևոր դեր է խաղացել Եգիպտոսի հայ համայնքի ազգային կյանքում: Լինելով Ալեքսանդրիայի հայոց առաջնորդարանի խնամակալության հանձնաժողովի նախագահ` նա շոշափելի օգնություն կազմակերպեց և ցուցաբերեց համիդյան ջարդերից մազապուրծ Եգիպտոս ժամանող արևմտահայ գաղթականներին: Առհասարակ, Ալեքսանդրիայի (1888–1904 թթ.) և Կահիրեի (1905–1914 թթ.) հայ համայնքի ներքին կյանքը ղեկավարելու տարիներին Պողոս Նուբարը ծանրակշիռ ներդրում ունեցավ ազգային հիմնարկությունների շահույթների ավելացման, հայ բնակչությանն աշխատատեղերով ապահովելու, հայկական որբանոցների, դպրոցների և մշակույթի օջախների համար եկամուտների կայուն աղբյուրներ ստեղծելու ուղղությամբ: Ամենակարևոր դերը, որ Պողոս Նուբարը խաղացել էր արտերկրի հայոց ազգային կյանքում մինչ պատվիրակության նախագահ դառնալը, 1906 թվականին, Երվանդ Աղաթոնի առաջարկով «Հայ բարեգործական ընդհանուր միության» հիմնումն էր: Միության ֆինանսական միջոցները գոյանում էին անդամավճարներից, անձնական նվիրատվություններից ու հանգանակություններից: Միությունը ղեկավարում էր սկզբում Կահիրեում, իսկ 1922 թ. Փարիզում գտնվող կենտրոնական վարչությունը: Վարչության առաջին նախագահը Պողոս Նուբար փաշան էր: Միությունն իր առջև նպատակ էր դրել նյութապես օգնել աշխարհասփյուռ կարիքավոր բոլոր հայերին, նպաստել հայ երիտասարդության կրթադաստիարակչական համակարգի զարգացմանը, աջակցել արտերկրում հայապահպանության նպատակով իրագործվող բոլոր ձեռնարկներին, զորավիգ լինել հայրենիքի տնտեսական բարգավաճմանը և այլն: Մինչ Առաջին աշխարհամարտը Հայ բարեգործական ընդհանուր միությունը Պողոս Նուբարի եռանդուն ջանքերի շնորհիվ հաջողությամբ իրագործում էր իր առջև դրված բոլոր խնդիրները: Միությունն ուներ 150 մասնաճյուղ, որից միայն 70-ը` Օսմանյան կայսրությունում:

Պողոս Նուբար փաշայի համար շրջադարձային եղավ 1912 թվականը, երբ նա դարձավ Հայ ազգային պատվիրակության նախագահ և հնարավորություն ստացավ զբաղվել ոչ միայն բարեգործությամբ, այլև մայր հայրենիքի ապագայի քաղաքական հարցերի լուծմամբ: Ազգային պատվիրակության նախագահ դառնալը միանգամից հռչակավոր դարձրեց Պողոս Նուբարին։ Ահավասիկ «Մշակ» թերթի կարծիքը. «Կաթողիկոսը` խիստ նպատակահարմար ընտրություն մը ըրած էր Պողոս Նուբարի հանձնելով եվրոպական պետությանց մոտ դիմում կատարելու պաշտոնը: Պողոս փաշան ունի ընդարձակ հարաբերություններ և ծանոթություններ դիվանագիտական աշխարհին մեջ, ունի անսահման ծախսելու դյուրություն – ինչ որ մեծ ջիղ մըն է այս տեսակ գործերու մեջ և հմտություն դիվանագիտական ասպարեզին մեջ»։

Դառնալով ազգային պատվիրակության նախագահ` Պողոս Նուբար փաշան անհապաղ ձեռնամուխ եղավ նրա անդամների ընտրությանը: Նրա կարծիքով պատվիրակությունը պետք է կազմվեր միայն արևմտահայ գործիչներից, որպեսզի ինչպես թուրքական, այնպես էլ եվրոպական կառավարող շրջանները նրանց չվերաբերվեն որպես Ռուսաստանի կամ այլ երկրի դրածոների: Պողոս Նուբարի ցանկությամբ պատվիրակության կազմում ընդգրկվեցին Եվրոպայի հայոց հոգևոր թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Ութուճյանը, «Հայ բարեգործական ընդհանուր միության» փոխնախագահ, հայտնի արևելագետ Յաղուբ Արթին փաշան, Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանի նախկին տեսուչ, իրավաբան Հարություն Մոստիչյանը և նշանավոր մանկավարժ ու բանաստեղծ Մինաս Չերազը:

Ի տարբերություն մինչ այդ պատվիրակության ղեկավար հոգևորականների, նա հարցը ներկայացնում էր ոչ թե մարդասիրական,այլ շահադիտական տեսանկյունից։ Հետևանքը եղավ 1914թ. Թուրքիային բարենորոգումներ պարտադրող պայմանագիրը, որը, ցավոք, համաշխարհային պատերազմի պատճառով, մնաց անկատար։ 1919թ․ ապրիլին նա և ՀՀ պատվիրակության նախագահ Ավետիս Ահարոնյանը Ամերկոմի հետ համաձայնագիր ստորագրեցին և անկախ Հայաստան մեծ օգնություն եկավ ալյուրի և այլ սննդամթերքների տեսքով;Մի քանի ամսվա ընտաթցքում 1մլն․ 600.000 ֆրանկի օգնություն ուղղվեց արևմտահայերին։ 1919թ Պողոս Նուբարը՝ որպես արևմտահայերի պատվիրակության ղեկավար, ՀՀ պատվիրակության հետ միասին ներկայացավ Փարիզի կոնֆերանսում։ 1919թ հոկտեմբերի 29ին Պողոս Նուբարը Միացյալ կառավարություն ստեղծելու առաջարկով պատվիրակներ ուղարկեց Հայաստան,սակայն արդյունքի չհասան։

Առողջության վատթարացման պատճառով 1928 մայիսի 28ին հրաժարական տվեց, ՀԲԸՄ-ն ղեկավարեց Գալուստ Գյուլբենկյանը, իսկ Պողոս Նուբար փաշան հռչակվեց հավերժ նախագահ։

Պողոս Նուբարն իր ձեռնարկներով այնքան սիրելի էր հայ ժողովրդին, որ ժողովուրդը նրան մեծարեց <<փաշա>> անունով։ Նուբարի անունով կոչվեց իր կողմից հանգանակված գումարներով կառուցված գյուղը Երևանի շրջակայքում՝ Նուբարաշեն, որը 1937թ․ վերանվանվեց Սովետաշենի։

Մեծ բարերարը հոգին ավանդեց 1930թ․ հուլիսի 26-ին։ Ուներ 5 զավակ՝ 4 որդի և 1 դուստր։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ