Այսօր ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան օրն է

en am ru
Aysor akanavor lezvaban  Hrach`ya Acharhyani tsnndyan orn e_47594

«Մարդու ուղեղը աշխատող գութանի խոփի նման է, որքան աշխատանում է, այնքան պայծառանում է»

Ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանը ծնվել է 1876թ․-ի մարտի 8-ին Կ․Պոլիս քաղաքի Սամաթիա թաղամասում՝ կոշկակար Հակոբի ընտանիքում։ 1 տարեկան հասակում խնդիրներ է ունեցել տեսողության հետ, շուտով վերականգնվել է միայն մեկ աչքի տեսողությունը։ Նախնական կրթությունն ստացել է Կ․Պոլսի Կեդրոնական վարժարանում, որն ավարտել է 1893թ․-ին և այդուհետ պաշտոնավարել Գատը գյուղի Արամյան դպրոցում, ապա նաև Կարինի Սանասարյան վարժարանում:

1895 թ.-ին Աճառյանը որոշել է ուսումը շարունակել արտասահմանում և մեկնել է Ֆրանսիա` Սորբոնի համալսարան, որտեղ աշակերտել է Անտուան Մեյեին: 1898թ.-ից Աճառյանն առանձին հոդվածներով քննել է մի շարք բարբառներ և իր ուշադրությունը սևեռել դրանց գիտական դասակարգմանը, որն էլ հիմք է ծառայել իր՝ Սորբոնի համալսարանում ներկակացված դեսերտացիայի համար։ Վերջինս վերամշակված կերպով լույս է տեսել Նոր Նախիջևանում «Հայ բարբառագիտութիւն» խորագրով:

«Հպարտ եմ, որ Աճառյանին երկար տարիներ ունեցել եմ իմ աշակերտների թվում»- Անտուան Մեյե

1897թ.-ին արդեն Աճառյանը կարողացել էր աչքի ընկնել իր գիտելիքների բարձր մակարդակով և շուտով, Փարիզի լեզվաբանական ընկերությանը ներկայացնելով լազերենի մասին իր իսկ կատարած ուսումնասիրությունը, ընտրվել է ընկերության անդամ: Մասնակցել է նաև Փարիզում տեղի ունեցած արևելագետների 13-րդ կոնգրեսին և ներկայացրել իր երկու զեկույցները հայերենի մասին: 1898 թ.-ին նա հրավեր է ստացել Հյուբշմանից և մեկնել Ստրասբուրգ, որտեղ մնացել է մեկ կիսամյակ։ Աճառյանը չի գայթակղվել եվրոպական միջավայրով և ուսումն ավարտելուց հետո՝ 1898թ․-ին վերադարձել է Անդրկովկաս ու գիտական բուռն գործունեություն ծավալել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Շուշիի, Նոր Բայազետի, Նոր Նախիջևանի, Թեհրանի, Թավրիզի բազմաթիվ դպրոցներում: Կարինում Աճառյանը կազմել է Սանասարյան վարժարանի ձեռագրերի ցուցակը։

Աճառյանի գործունեությունը Հայաստանում համընկնում է խորհրդային կարգերի հաստատման ժամանակաշրջանի հետ։ Արդեն 1923թ․-ին նա ԵՊՀ-ում աշխատանքի է անցնում որպես հայագիտական, լեզվաբանական և արևելագիտական առարկաների դասախոս, ապա՝ արևելյան լեզուների ամբիոնի վարիչ։ 1924թ.-ին Աճառյանը ստանում է բանասիրական գիտությունների պրոֆեսորի գիտական աստիճան, իսկ 1937թ.-ին ընտրվում է որպես Չեխոսլովակիայի արևելագիտական ինստիտուտի գիտական բաժնի թղթակից անդամ: 1935 թ․-ին Աճառյանին շնորհվել է գիտական վաստակավոր գործչի կոչում, իսկ արդեն 1943 թ․-ին նա ընտրվել է որպես Հայաստանի ԳԱԱ անդամ՝ հիմնադիր ակադեմիկոս։

Հրաչյա Աճառյանի ունեցած ավանդը մեծ է հայագիտության և հատկապես լեզվաբանության ոլորտում, նրա բազմաճյուղ ուսումնասիրությունների արդյունքում հրատարակվեցին այնպիսի կարևորության աշխատություններ, ինչպիսիք են «Հայերէն Գաւառական Բառարան», «Հայերէն Արմատական Բառարան», «Հայ բառագիտություն» , «Հայոց անձնանունների բառարան» և այլ գործեր, կյանքի վերջին տարիները Աճառյանը նվիրեց 12 հատորով «Լիակատար քերականություն հայոց լեզվի» աշխատության կազմմանը։ Այս և այլ շատ աճառյանական աշխատություններ մինչև օրս արդիական են լեզվաբանության ոլորտում և այսօր լեզվաբանի գրասեղանի համար մեկ հեղինակը Աճառյանն է։

Ինչ վերաբերում է Աճառյանի անձնական կյանքին, ապա հարկավոր է անդրադառնալ նաև Ստալինյան վարչակարգին, ապա նրա ամուսնություններին։ 1937թ․-ը անտարբեր չեղավ Աճառյանի նկատմամբ։ Նրան ձերբակալեցին, բռնագրավեցին նաև գրամեքենան։ Նա մեղադրվում էր իբրև թե անգլիացիների կողմից Ադրբեջանում նշանակված գործակալ լինելու և ԵՊՀ մի շարք դասախոսների հետ հակահեղափոխական խմբակի անդամ լինելու մեջ։ Նրան դատապարտում են 6 տարով, սակայն 2 տարի անց ազատ է արձակվում։

Աճառյան ամուսնացել է երկու անգամ, առաջին կինն էր Արուսյակը, երկրորդը՝ Սոֆիկը։

Հ. Աճառյանը մահացել է 1953 թվականի ապրիլի 16-ին Երևանում: Այսօր Աճառյանի բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է գիտնականի դերը համալսարանական գիտության զարգացման գործում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ