Ռափայել Պատկանյան - Հայ և հայություն

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Կարդալ Ամբողջը

Այսօր ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկիի ծննդյան օրն է

am en ru es
Aysor amerikahay nkarich` Arshil Gorkii tsnndyan orn e_55039

«Խոսքեր չկան արտահայտելու այն, ինչ իր արվեստում արտացոլել է Արշիլ Գորկին։ Նրա փակած դռները բախում են նույնիսկ մահվանից հետո։ Բախում են, քանի որ չկա մեկը, ով կկարողանա բանալ դրանք։ Դռները կարող է բացել միայն մեկ այլ Գորկի, որը նրա պես անտարբեր կլինի ամենի հանդեպ, բացառությամբ գլխավոր զոհաբերության՝ գեղանկարչության...»

Ալեն Ջուֆրի

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին, նույն ինքը՝ Ոստանիկ Ադոյանը, ծնվել է 1904 թ․-ի ապրիլի 15-ին Օսմանյան կայսրությունում՝ Վանի նահանգի Խորգոմ գյուղում։ Նրա հայրը հողի սեփականատեր է եղել, մայրը սերել է քահանայի ընտանիքից։ 1908 թ․-ին, երբ Գորկին չորս տարեկան էր, հայրը ստիպված որոշում է թողնել ընտանիքը և գնալ Ամերիկա: 6 տարի անց Ադոյանների տունը ավերվում է թուրքական գրոհների արդյունքում, իսկ ընտանիքը ստիպված է լինում փախչել: Հայության համար դաժանություններով լի 1915 թ․-ին նա մոր և քույրերի հետ տեղափոխվում է Թիֆլիս, որտեղ ականատես է լինում սովից մահացող մոր տառապանքներին, ապա գաղթում Ամերիկա, որտեղ էլ և փոխում է անունը՝ դառնալով Արշիլ Գորկի։

1921 թ․-ին Գորկին ընդունվել է Բոսթոնի Գեղարվեստի և դիզայնի դպրոցը։ 1924 թ.-ին արդեն տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ընդունվել է Ազգային ակադեմիա, ապա՝ Արվեստի կենտրոնական դպրոց, որտեղ դասավանդել է գծանկար և գեղանկար։ Այս ընթացքում նա իր կտավները վաճառել է յուրաքանչյուր պատահածին բավականին ցածր գներով և ամեն անգամ կրկնել, որ մի օր դրանք բավականին արժեքավոր են լինելու։ Նրա հետագա գործունեության համար կարևոր նշանակություն ունեցավ հանդիպումը հայտնի գեղանկարիչ Ռոբերտո Մատտայի հետ: Այդուհետ Գորկին սկսեց հանրությանը ներկայացնել իր գործերը բազմաթիվ ցուցահանդեսներում։ Նրա առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել Մելլոնի պատկերասրահում 1931 թ․-ին: Այնուհետև մեկը մյուսի ետևից սկսել է կերտել այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Այգիներ Սոչիում», «Ջրվեժ», «Ծաղկավետ ջրաղացի ջրերը», «Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում», «Հոգեվարք», «Արորը և երգը» և այլն։ Սրանք և այլ բազմաթիվ կտավներ Գորկուն հասցրել են համաշխարհային հռչակի։

Նրա ողջ ժառանգության մեջ իր կարևորագույն տեղն ունի նրա մոր կտավը, որը և մեծ համբավ ու հռչակ է բերել նկարչին։ Դեռևս 1926 թ․-ին Գորկին իր քրոջից՝ Ագապիից վերցնում է իր և մոր լուսանկարը, որն էլ «աղբյուր» է ծառայում իր մտահաղացմանը: «Նկարիչը և նրա մայրը» կտավի առաջին տարբերակը գտնվում է Նյու Յորքի Ուիտնի թանգարանում, իսկ երկրորդը՝ Վաշինգտոնի ազգային պատկերասրահում։ Գորկու դիմանկարներում առհասարակ ակնհայտ է դեպի աբստրակցիա ուղղվածությունը, որպեսզի քողարկի այն, ինչի մասին «խոսելը» դժվար է նրա համար:

Արդեն մեծանուն նկարիչ Գորկին 1933 թ․-ին միանում է նկարիչների օգնության կառավարական ծրագրին և ստեղծում Նյու Յորքի օդանավակայանի որմնանկար պանոն։ 1935 թ.-ին նա ամուսնանում է Մարնի Ջորջի հետ, բայց մեկ տարուց ամուսնալուծվում։ Հերթական անգամ ամուսնանում է 1941 թ.-ին Ագնես Մակգրոդերի հետ։

1938 թ․-ին Արշիլ Գորկին Հայաստան է ուղարկում չորս կտավ։ 1945 թ.-ին նա տեղափոխվում է Ռոքբուրի Կոնեկտիկուտ, որտեղ և պատրաստվում է Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք ցուցահանդեսին, սակայն կյանքը նրա համար բավականին դառը անակնկալներ էր նախապատրաստել․ 1946 թ.-ին հրդեհվում է նրա արվեստանոցը, թվով 36 նկար և գրադարանը։ ապա նա տանում է քաղցկեղի վիրահատություն, երկու տարի անց ավտովթարից վնասվում է Գորկու ողնաշարը, որի հետևանքով աջ ձեռքը դառնում է անշարժ՝ բնականաբար զրկելով նկարչին նկարելու հնարավորությունից։ Այս օրերին նրա լքում է նաև կինը՝ երեխայի հետ միասին և, չդիմանալով վերջին տարիների դժվարություններին 1948 թ․-ի հուլիսի 21-ին Գորկին ինքնասպան է լինում։

1967թ.-ին արդեն ֆրանսիական մամուլը գրում է․

«Գորկին միակն է, ով կարողացավ ամերիկյան գեղանկարչությունը եվրոպական մակարդակի հասցնել»

Աշխարհում շատ քիչ են Արշիլ Գորկու կտավները, քանի որ նկարչի արվեստանոցում բռնկված հրդեհի պատճառով շատերն անհետացել են, եւ ԱՄՆ-ում Գորկու յուրաքանչյուր նկարը համարվում է ազգային արժեք եւ երկրի սահմաններից դուրս չի գալիս: Գորկու նկարները հնարավոր կլինեն Հայաստան տեղափոխել Գորկու քրոջ` Վարդուշի շնորհիվ, ով իր եղբոր նկարները կտակել է Հայ Առաքելական եկեղեցուն:

2004թ.-ից Երևանում գործում է «Արշիլ Գորկի» հիմնադրամը:

«Նա գերբնական բնազդ ուներ արվեստի բոլոր ձեւերի նկատմամբ… դա մի բացառիկ պարգեւ էր, որը թույլ էր տալիս խփել ճիշտ նշանակետին»

Ուիլեմ դը Քոնինգ

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ