Այսօր բազմաշնորհ բանաստեղծ Վահան Թեքեյանի ծննդյան օրն է

am en es ru
Aysor bazmashnorh banasteghts  Vahan T`ek`eyani tsnndyan orn e_40136

Կանձրևե, տղա՛ս… Աշունը թաց է,

Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն…

Պատուհանն ու դուռը գնա գոցե

Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն

Լռության մը մեջ…: Կանձրևե տղա՛ս…

Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ,

Կմըսի՞ սիրտըդ, և կդողդըղա՞ս`

Խորհելով պայծառ արևին անցյալ,

Դռան մը ներքև գո՜ց ճակատագրին…

 

1878 թ․-ի հունվարի 21-ին Կ․ Պոլսի Օրթագյուղ թաղամասում Թեքեյանների ընտանիքում ծնվեց Վահան Թեքեյանը, ով ապագայում դառնալու էր հայ գրական մտքի ականավոր ներկայացուցիչներից մեկը։

Թեքեյանի ծնողները բնիկ կեսարացի են եղել, իսկ նրա մանկությունն անցել է Կ․ Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում՝ Փեշտիմալճյան վարժարանում, հաճախել է Պերպերյան, Ներսիսյան ու Կեդրոնական վարժարանները։ 1894 թ․-ից մորեղբորը՝ Մանուկ Արզյանի միջնորդությամբ անվճար հիմունքներով աշխատանքի է անցնում «Նորթ Բրիթիշ» ապահովագրական ընկերությունում։ Մայիսին արդեն Թեքեյանը մեկնում է Լիվերպուլ և աշխատում է որպես առևտրական իր եղբոր առևտրական կազմակերպությունում։ Շատ չանցած մեկնում է Մարսել, հերթական անգամ որպես առևտրական։ Այս անգամ Վահան Թեքեյանը համագործակից է լինում իր հորեղբոր որդու՝ Միհրան Թեքեյանի հետ։

 

1902 թ․-ին Մարսելից Կ․ Պոլիս վերադառնալու ճանապարհին հանկարծակի ձերբակալվում է նավից իջնելու պահին․ ձերբկալության պատճառը անցագրի հետ կապված խնդիրներն էին։ Շուրջ 15 օր բանտում մնալուց հետո Թեքեյանը արտաքսվում է Պոլսից։ Արտաքսումից հետո նա վերադառնում է Մարսել, ապա մեկնում Գերմանիա՝ Համբուրգ։ Մի որոշ ժամանակ անց՝ 1904թ․-ին, Թեքեյանը բնակություն է հաստատում Եգիպտոսում՝ Ալեքսանդրիա քաղաքում։ Այս ընթացքում նա աշխատում է արևմտահայ մի քանի պարբերականներում, իսկ 1905թ․-ին մի քանի գրողների համախմբում է իր և Ս․ Կյուրճյանի կողմից ստեղծված «Շիրակ» պարբերականի շուրջ։ 1906 թ․-ին Թեքեյանը մեկնում է Կահիրե, դառնում է Մելքոնյան գործատան աշխատակից, ինչպես նաև Գալստյան ազգային վարժարանի հոգաբարձու, Լսարան-Ընթերցարան ընկերակցության հոգաբարձու և երկրորդ ատենադպիր, աշխատում է նաև Արտաշես Ճիվանյանի հետ։ Արդեն 1908թ․-ի օգոստոսի 9-ին, երբ արդեն հռչակվել էր Օսմանյան սահմանադրությունը, Թեքեյանը վերադառնում է ծննդավայր՝ Կ․ Պոլիս։ Իր հետ միասին Կ․ Պոլիս է գալիս նաև «Շիրակը»։

1908 թ․-ին Թեքեյանը բուռն գործունեություն սկսեց ծավալել հայ հասարակական-քաղաքական կյանքում։ Նա մտերիմ հարաբերությունների մեջ էր Միհրան Տամատյանի հետ, երբ վերջինս հիմնադրեց Հայ Սահմանադրական Ռամկավար Կուսակցությունը, որի մասնաճյուղը շուտով բացվում է Կ․ Պոլսում։ Այս տարիներից սկսեց վերահրատարակվել է «Շիրակ>-ը՝ Գրիգոր Զոհրապի երաշխավորությամբ։ Այս թերթը ապագայում պետք է դառնար Հայ Սահմանադրական Ռամկավար Կուսակցութան բերանախոսը, սակայն հասցրեց լույս տեսնել 26 համարով՝ Կիլիկիայի ջարդերի պատճառով։ Այդ շրջանից սկսած Թեքեյանը դարձավ կուսակցության խարիզմատիկ դեմքերից մեկը, նրա միջնորդությամբ կուսակցությանն անդամագրվեց Դավիթ Տեր-Մովսիսյանը, ում հետ Թեքեյանը համագործակցեց մինչև 1913թ․-ը և կուսակցության միջոցներով պաշտպանեց պատրիարքարանն ու տեղի կրթական հաստատությունները։ Արդեն 1909թ․-ին Վահան Թեքեյանն ընտրվեց Պոլսի Ազգային կենտրոնական վարժարանի խնամակալության ու Ազգային Երեսփոխանական ժողովի անդամ, որտեղ և վարեց Մայր դիվանի առաջին ատենադպրի պաշտոնը շուրջ երկու տարի։ 1910 թ․-ին վերընտրվում է այդ պաշտոնում, ինչպես նաև ստանձնում է կաթողիկոսի ընտրության համար Եգիպտոսի Հայոց պատգամավորի պաշտոնը։ 1914 թ․-ին, երբ Թեքեյանը գտնվում էր Կեսարիայում և վարում Սուրբ Կարապետ վանքի վարժարանի տեսուչի պաշտոնը, Կ․Պոլսի Ազգային Երեսփոխանական ժողովը նրան ընտրում է որպես ներկայացուցիչ Երուսաղեմի պատրիարքարանում։

 

ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ

 

Երկնի անթիվ աստղերեն մերն է միայն անիկա' ...

Ամեն գիշեր վերը, հո'ն, Արագածի գլխուն վրա

Ան կշողա առանձին, այնքան անջատ մյուսներեն,

Որ ուրիշ ձեռք մը կարծես զանի վառեց գաղտնորեն:

Զանի վառեց ու կախեց հո'ն, մեզ համար, հավիտյան...

Ան կանթեղն է՝ լույս առած Լուսավորչեն Հայության,

Անկե լցված, անոր ջինջ արտասուքեն՝ յուղի տեղ,

Պլպլացող քաղցրությամբ, պլպլալիք միշտ կանթեղ...

Այդպես հավտաց ու այդպես դեռ կհավտա հայ հոգին,

Որ միշտ դարձավ, նայեցավ և հառեցավ անձկագին

Առտուն ձյունոտ Մասիսին և գիշերներն ալ անոր...

Այդպես և ե'ս, ո'վ մեծ սուրբ, հավատարծարծ կանթեղիդ

Զգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտ

Եվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր...

 

 

Շուտով Թեքեյանը Օրմանյանի ու Կյուրեղյանի հետ միասին մեկնում է Երուսաղեմ, որտեղ մնում է մի քանի ամիս։ 1914 թ.-ին Թեքեյանը աշխատանքային այցով կրկին հայտնվում է Եգիպտոսում։ Սա համընկավ երիտթուրքական կառավարության՝ հայերի հանդեպ իրականացվող դաժան քաղաքականության և վերջինով թելադրված ջարդերի ժամանակաշրջանի հետ․ այս կերպ Թեքեյանին, փաստորեն, հաջողվեց զերծ մնալ Ցեղասպանության զոհը լինելուց, սակայն իր մտքով ու գրչով նա Կ․ Պոլսում էր՝ իր հայրենակից ժողովրդի կողքին։

1915թ․-ի մայիսին Թեքեյանը հիմնում է «Արև» երկօրյա թերթը։ Վերջինս հիմելլու համար նրան երաշխավորագիր էր տվել Պողոս Նուբար փաշան։ Թեքեյանն այսպիսով լծվեց լրագրական գործին և այդ ընթացքում տեղի ունեցած բանավեճերից մեկի ընթացքում էլ կռվի բռնվեց և արդյունքում կորցրեց մի աչքի տեսողությունը։ Երկու ամիս անց նա մասնակցեց միջկուսակցական առաջին Ազգային միությանը, որտեղ ընտրվեց որպես Նիկոսիայում Ազգային միության առաջին մասնայուղը հիմնադրող, ինչպես նաև գործուղղվեց Կիպրոս՝ քննելու ֆրանսիական դրոշի տակ գործող Արևելյան լեգեոնի վիճակը։ Այս գործուղումների ընթացքում Թեքեյանին հաջողվեց լինել նաև Փարիզում, որտեղ մնաց 8 ամիս, ապա մեկնեց Երուսաղեմ, որտեղից էլ՝ Կահիրե։

Շատ չանցած Թեքեյանը հերթական անգամ մեկնում է Փարիզ՝ Ազգային պատվիրակության գործունեությանը ծանոթանալու նպատակով, որտեղ և վարում է առաջին ատենադպրի պաշտոնը և վերընտրում Ազգային պատվիրակության անդամներին։

1920թ․-ին Թեքեյանը վերդառնում է Կ․ Պոլիս, որտեղ Ռամկավար կուսակցության Ընդհանուր Պատգամավորական ժողովի կողմից ընտրվում է Կենտրոնական վարչության անդամ։ Վահան Թեքեյանը մեծ դեր ունեցավ Ռամկավարների ու Ազատականների միավորման գործում՝ որպես Ռամկավար Ազատական կուսակցություն 1921թ․-ին։ Այս շրջանում սկսում է խմբագրել «Ժողովրդի ձայն» օրաթերթը, ընտրվում է Ազգային կենտրոնական վարժարանի տնօրենի պաշտոնում, իր օժանդակությունն է հայտնում Հայ Արվեստի տան հիմնադրմանը և ընտրվում է վերջինիս առաջին ատենապետը։ Արդեն 1922թ․-ին Թեքեյանն անցավ Բուլղարիա, Հունաստան, Եգիպտոս ու Սիրիա, ապա Ֆրանսիա՝ Փարիզ։ Հունաստանում այցելում է տեղի որբանոցներն ու հայ գաղթականների տները, Աթենքի եկեղեցիներից մեկում հիմնում է Որբերի պաշտպանության ընկերություն, արդեն Փարիզում հիմնվում է դրամական ֆոնդ, որը պետք է ֆինանսավորեր որբերի երկրորդական ու բարձրագույն կրթությունը։ 1924թ․-ին Թեքեյանը վերադառնում է Եգիպտոս, ստանձնում է «Արև» օրաթերթի խմբագրությունը։

Թեքեյանի հոդվածներից «Սիոն՛ի բեմեն» տես այստեղ :

 

Թեքեյանը իր ստեղծագործական բուռն գործունեության ընթացքում մանրամասն կերպով կարողացել է անդրադառնալ և՛ մարդկային հուզումներին ու ապրումներին, և՛ հայ հերոսական անցյալի փառավոր էջերին, և՛ Հայաստանին։ Նրա գրիչն աներևակայելի գեղեցկությամբ շարադրում էր սոնետներ։ Նա հայ գրականության մեջ սոնետի խոշորագույն վարպետներից է: Զբաղվել է նաև թարգմանչական գործունեությամբ, նրա գրչով են թարգմանվել Շեքսպիրի մի քանի սոնետները, Շ․Բոդլերի ու Պ․ Վեռլենի գործերից մի քանիսը։

 

Թեքեյանը երբևիցէ չլինելով Երևանում՝ 1938թ․-ին հայ գրողների կողմից հրավեր ստացավ գալ Երևան։ Սակայն նրա առողջական վատթար վիճակը թույլ չտվեց նրան իրականացնել վաղեմի երազանքը՝ գալ հայրենիք։ Թեքեյան Վահանը կյանքից հեռացավ 1945թ․-ի ապրիլի 4-ին Կահիրե քաղաքում։ Նրա աճյունն ամփոփվեց Մար Մինա գերեզմանատանը, ապա տեղափոխվեց Հելիոպոլիսի հայկական գերեզմանատանը՝ Միհրան Տամատյանի կողքին։

 

Թեքեյանի լավագույն բանաստեղծությունները կարդալիս ինձ միշտ թվացել է, թե կանգնել եմ մեր ճարտարապետական որևէ նշանավոր կոթողի դեմ՝ նույն խորհրդավոր խոհունությունը, ձևերի նույն ներդաշնակությունը, նույն անզարդ ու զուսպ վեհությունը․․

Վահագն Դավթյան

 

 

 

Թեքեյանի գրական ու հասարակական գործունեությունն ըստ արժանավույն գնահատելու քայլ էր սփյուռքի կարևորագույն մշակութային միությունը նրա անունով կոչելը։ Թեքեյան Մշակութային Միությունը հիմնադրվել է 1947 թ.-ին Բեյրութում։ Աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Հալեպում, Ամմանում, Լոնդոնում, Բոստոնում, Նյու Յորքում, Լոս- Անջելեսում, Մոնրեալում, Տորոնտոյում, Բուենոս-Այրեսում, Կորդոբայում ունեցած իր մասնաճյուղերով Միությունն օգնում է տարածել հայկական մշակույթը սփյուռքահայության մեջ։ Թեքեյանի անվան դպրոցներ են գործում Երևանում և Գյումրիում:

 

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ