Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Այսօր հայ ականավոր գրող Վահագն Դավթյանի ծննդյան օրն է

am
Aysor hay akanavornerits` Vahagn Davt`yani tsnndyan orn e_86911

  Բազմաշնորհ բանաստեղծ Վահագն Դավթյանը միակն էր իր տեսակի մեջ և այսօր էլ իր ուրույն տեղ է զբաղեցնում հայ գրական հարթակում։ Վահագն Դավթյանին հաճախ բնորոշել են որպես միջնադարից եկած, քանի որ շատերի՝ այդ թվում Ավետիք Իսահակյանի կարծիքով Դավթյանի բանաստեղծությունները հայ միջնադարյան երգերի խորությունն ու արևելահայ պոեզիայի շքեղությունն ունեին։ Իսկ Համո Սահյանը մի առթիվ նշել է, որ սիրում է 10-ից ավելի ժամանակակից բանաստեղծների, սակայն խանդում է միայն Վահագն Դավթյանին, քանի որ նա, ասելիքից բացի, ունի նաև պատմելիք և սեփական անհանգիստ միտքն անընդհատ կարգավորող խելք, որը, ըստ Սահյանի, մեծ տաղանդ է նշանակում։

  Վահագն Դավթյանը ծնվել է 1922թ․-ի օգոստոսի 15-ին Արաբկիրում՝ Արևմտյան Հայաստանում։ 4 տարին չբոլորած ընտանիքի հետ միասին նավով Տրապիզոնից գաղթել է Կրասնոդար, իսկ արդեն 1932թ․-ին, տեղեկանալով այն մասին, որ գաղթական արաբկիրցիները 1930-ական թթ․․ եկել և Երևանում հիմնել են Արաբկիր թաղամասը, ապագա բանաստեղծը ընտանիքի հետ միասին տեղափոխվել և հաստատվել է Երևանում։

  Վահագն Դավթյանը մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին, արժանացել «Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի» շքանշանի, իսկ 1948թ․-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Պատերազմն արթնացրեց գրողի սրտում կիսաքուն մտած Եղեռնի հուշը և սա է պատճառը, որ սկսած այս ժամանակերից նրա գործերը լի էին Եղեռնի մասին վերապրումներով։ Նա 1980-ական թթ․․ տված իր հարցազրույցներից մեկում նշել է, որ հայ գրականությունը մեծ պարտք ունի պատմությանը և ոչ միայն մեր պատմությանը, նա նկատի ուներ 1915թ․-ի հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական պատմություն ստեղծելը և նշում էր, որ այս պարտքը մասամբ հատուցեց ավստրիացի գրող ՖՎերֆելը, և հռետորապես հարցնում՝ իսկ մե՞նք...

 Պատերազմից հետո Դավթյանը նաև ձեռք բերեց թուլություն խմիչքի հանդեպ, որն իր ներդրումն ունեցավ գրողի ստեղծագործությունների էլ ավելի խորը ու կրքոտ  լինելու գործում։

  1945-54թթ․․ գրողն աշխատել է «Ավանգարդ» թերթում, 1954-62թթ․․ եղել է «Գրական թերթի» պատասխանատու քարտուղար, իսկ արդեն 1962-65թթ՝ գլխավոր խմբագիր։ Նա եղել է «Հայրենիքի ձայն» թերթի հիմնադիր-գլխավոր խմբագիրը 1965- 1967թթ., 1967-1981թթ՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ, 1981թ.-ից սկսած 10 տարի անընդմեջ  եղել է «Վերածնված Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիր։

  Վ Դավթյանը 1986թ-ից եղել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 1991-1994թթգլխավորել է Հայաստանի գրողների միությունը, իսկ 1996թ․-ից՝ ակադեմիկոս։ 

  Նրա ստեղծագործական գործունեությունն սկսվել է շատ ավելի վաղ, սակայն տպագրվել սկսել է 1935թ․-ից։ 1947թ․-ին լույս տեսավ «Առաջին սեր», 1950թ․-ին՝ «Աշխարհի առավոտը» ստեղծագործությունները, որոնցում հեղինակը ֆրոնտից բերած իր թարմ հիշողություններն է դրել, համապարփակ կերպով ներկայացրել է Մեծ Հայրենականի յուրաքանչյուր մասնակցին բնորոշ հոգեհուզական զգացմունքները։

  Դավթյանը ավելի քան 40 բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, եղել է նաև ակտիվ հրապարակախոս, իր հրապարակախոսական հոդվածներն ամփոփել է 2 գրքերի մեջ։ Գրել է գիրք՝ նվիրված Վիլիամ Սարոյանին։ Վերջինս կրում է «Բարի հսկան» անվանումը։ Բանաստեղծն անդրադարձ է կատարել նաև պատմությանը, մասնավորապես շարադրելով «Համառոտ պատմություն հայոց» աշխատությունը։ Նրա ստեղծագործությւնները մինչև օրս էլ հնչում են իր մտերիմ ընկեր ու հարազատ, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանի հնչեղ ձանյով։ Ինչպես մի առթիվ նշել է ՍՅուզբաշյանը՝ Վահանգն Դավթյանը վերջին երակն էր, որ կտրվեց, նա Արեւմտյան Հայաստանում ծնված վերջին պոետն էր...

  Մամուլում նա տպագրել է ավելի քան 1000 հոդվածներ, էսսեներ, գրախոսություններ։ Կատարել է նաև թարգմանչական աշխատանքներ, թարգմանել է ԱՊուշկինի, ԱԲլոկի, ՋԲայրոնի, ՇՊետեֆիի, ԱԿիրակոսյանի, Ռուդաքի և այլոց ստեղծագործությունները։

  Իր գոյության ողջ ընթացքում Վահագն Դավթյանը վայելել է ժողովրդի հարգանքը, մեծ պատիվների ու շնորհների է արժանացել։ Դավթյանը եղել է ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական մրցանակի կրկնակի և Չարենցի անվան մրցանակի դափնեկիր, արժանացել է «Աշխատանքային կարմիր դրոշի» և «Պատվո նշան» շքանշանների։

  Մեծանուն գրողը վախճանվել է 1996թ․-ի փետրվարի 21-ին Երևանում, այժմ հանգչում է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։ Այժմ Երևանում գործում է Վահագն Դավթյանի անվան համար 149 ավագ դպրոցը, նրա անունով է կոչվում նաև Արաբկիրի այգին, որտեղ և տեղադրված է բանաստեղծի հուշարձանը։ Դավթյանի անունով է կոչվում Արաբկիր համայնքի փողոցներից մեկը, իսկ 2012թ․-ին բացվել է նաև նրա պատվին կառուցված հուշատախտակը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ