Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Այսօր հայ արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

am en es ru
Aysor hay ardzakagir  Hrant Mat`ewosyani tsnndyan orn e_43026

«Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մատթէոսյանն է: Որևէ ազգի մեջ իրմե լավ պատմություն գրող չկա: Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կուտան հայոց մասնակցությունը մարդկության պատմության: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մատթէոսյանի պես չի կրնար գրել: Ես կարդացած եմ իր գործերը թարգմանությամբ: Ինքը հայության մասին կգրե, և այդ հայությունը այնքան ճիշտ է, որ ես կզարմանամ, կուրախանամ և հպարտ կզգամ: Շատ գրողներ, բանաստեղծներ ունիք, բայց պետք է ներեք ինձի, եթե ըսեմ, որ ան ուժը, որ անհրաժեշտ է, հսկայակա՜ն, Հրանտ Մատթէոսյանի մեջ է: Եվ կուրախանամ, որովհետև ազգ մը, պիտի ընդունիք աս, աշխարհին կճանչցվի իր արվեստով: Եվ որ արվեստը այդքան ահագին ըլլա, օտարին միտքին մեջ ազգն ալ կմեծնա»

Վիլիամ Սարոյան

Հայտնի հայ արձակագիր Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935թ.-ի փետրվարի 12-ին Լոռիում, Ալավերդու շրջանի Ահնիձոր գյուղում՝ Իգնատի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է գյուղի դպրոցում, որից հետո ընդունվել և սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Շատ չանցած հաճախել է նաև Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներին։

Մաթևոսյանի գրական գործունեությունը սկսվել է 1960-ականներից։

Հրանտ Մաթևոսյանի գրողի առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր, որը մեծ աղմուկ բարձրացրեց և որտեղ հեղինակն անդրադառնում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակին։ Գյուղի թեմայով սկսելը, կարծես թե, ճակատագրական եղավ Հրանտ Մաթևոսյանի համար և այդուհետ նրա բոլոր գործերը կապված եղան գյուղի և գյուղական միջավայրի ու կենցաղի հետ։ Նա արձակ ստեղծագործության սիրահար էր և 1960-ականներից սկիզբ առած արձակի շարժման մեջ Մաթևոսյանը մեծ ներդրում ունեցավ։ Նա գրում էր համեմատաբար քիչ, բայց նրա վիպակներն ու պատմվածքները հասարակական լայն արձագանք էին ստանում ինչպես Հայաստանում, անպես էլ Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ այլ հանրապետություններում։

Հրանտ Մաթևոսյանի գրչին պատկանող արձակ ստեղծագործություններից է «Մենք ենք, մեր սարերը» վիպակը, որը աներևակայելի մեծ հասարակայնություն վայելեց։ Այս վիպակում նա պատկերում է գյուղի հովիվների առօրյան, նրանց դրական ու բացասական պատկերացումները տիրող իրավիճակի վերաբերյալ, իսկա «Աշնան արև» վիպակում այս հարցն ավելի արմատական ձև է ստանում։ Նրա ստեղծագործությունները հիմնականում էկրանավորվել են և մինչև օրս էլ վայելում են մեծ հանրայնություն։

Մաթևոսյանը շատ էր սիրում Հովհաննես Թումանյանին, բայց նրա հերոսները շատ տարբեր է Թումանյանի հերոսներից. նրա հերոսներն իսկապես 20–րդ դարի մարդիկ են՝ հիմնականում գյուղացի։ Նրա բերած ոճը նորություն էր հայ հասարակության լայ շերտերի համար, նրա գրածը կարդալ դժվար էր, բայց հասկանալ անչափ հեշտ ու հաճելի, քանի որ Մաթևոսյանի գրիչը խոսւոմ էր հասարակ գյուղացու բերանով՝ ներկայացնելով բոլոր թերի ու բաց կողմերը։ Այսօր, իսկապես, բացակայում են այդ տեսակ գործերը, իսկ կարիքը՝ գնալով մեծանում։

Հրանտ Մաթևոսյանը այն միակ հայ արձակագիրն էր, որ ստացավ նախկին ԽՍՀՄ-ի պետական մրցանակ․ 1984 թ․-ին Գրականության ԽՍՀՄ պետական և Հայաստանի նույնանուն մրցանակների դափնեկիր է, 1996 թ․-ին ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ: Ամուսնացած էր, ուներ դուստր և որդի։ Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թ․-ի դեկտեմբերի 19-ին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ