Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
Դանիել Վարուժան

Այսօր հայ բեմի մեծ վարպետ Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է

am
Aysor hay bemi mets varpet  Khoren Abrahamyani tsnndyan orn e_52298

«Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում, ոչ թե, որովհետև կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում…»

Հայկական կինոարտադրության և թատերական արվեստի պատմության մեջ իր անդրդվելի տեղն ու դերն ունեցած Խորեն Աբրահամյանը ծնվել է 1930թ․-ի ապրիլի 1-ին Երևան քաղաքում՝ Բաբկեն Աբրահամյանի ընտանիքում։ Նրան անվանել են Խորեն՝ ի պատիվ պատերազմում զոհված իր Խորեն հորեղբոր։ Նախնական կրթությունն ստացել է Մաքսիմ Գորկու անվան դպրոցում, սովորել է այդտեղ 9 տարի, ապա մեկ տարի սովորել է խորեոգրաֆիկ դպրոցում։ Խորեն Աբրահամյանը զուգահեռ սովորել է նաև Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժնում: Արդեն 1946 թ.-ին ապագա դերասանն ընդունվել է Գեղարվեստաթատերական ինստիտուտի նախապատրաստական կուրս, ապա՝ ինստիտուտ:

Ինստիտուտն ավարտելուց հետո Խորեն Աբրահամյանը 5 տարի աշխատել է թատրոնում որպես գլխավոր ռեժիսոր , ապա՝ 1988–1995 թթ.-ին՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ նաև Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։

Խորեն Աբրահամյանը արդեն 1985–1988 թթ.-ին խաղում էր Գյումրու պետական թատրոնում՝ միաժամանակ լինելով վերջինիս գլխավոր ռեժիսորը։ Իր դերասանական վարպետության դասերը Աբրահամյանը 1980-1995թթ․-ին դասախոսության տեսքով մատուցում էր Երևանի գեղարվեստաթատերական իստիտուտի ամբիոնից։ 1989-1991թթ․-ին եղել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։

Խորեն Աբրահամյանը էկրաններին հայտնվել է 1949թ․-ից։ Առաջին ֆիլմը եղել է «Արարատյան դաշտի աղջիկը», որտեղ Աբրահամյանը մարմնավորել է գյուղացու դեր։ Այդուհետ նրա մասնակցությամբ ֆիլմերը հաջորդում էին մեկը մյուսին, յուրաքանչյուր տարի էկրաններին հայտնվում էր ևս մեկ արբահամյանական ֆիլմ։ «ՀայՖիլմ»-ից զատ նկարահանվել է նաև «ՄոսՖիլմ»-ի երեք կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»։ Նրա մասնակցությամբ ֆիլմերից «Առաջին սիրո երգը», «Սարոյան եղբայրները», «Մոր սիրտը», «Մենք ենք, մեր սարերը», «Երկունքը», «Նոյը» և այն բոլոր ֆիլմերը, որոնցում նկարահանվել է Աբրահամյանը, անշուշտ, չէին ունենա այն հաջողությունները, որոնք որ գրանցել են տվյալ պատական ժամանակաշրջանում ինչու ոչ, այսօր ևս։ Այսօր յուրաքանչյուր 18 տարեկան երիտասարդ հստակ կարող է նշել Աբրահամյանի կերտած ամենաքիչը երեք-չորս կերպարի անուն․․․Գևորգ, Ռուստամ, Ռոստոմ, Պավլե, Մյասնիկյան, Տեր Ավետիս, Արմեն․․․

Աբրահամյանը հանդես է եկել նաև բեմադրություններով։ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում նա բեմադրել է Նաիրի Զարյանի «Հացավան», Վիլիամ Շեքսպիրի «Ջոն արքա», Պերճ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», «Խոր Վիրապ» և այլ գործեր։ 1982թ․-ին Աբրահամյանը առաջին անգամ բեմադրեց Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, որ առաջին ու վերջին անգամ բարձրացավ բեմ։ Հայաստանի կուսակցական ղեկավարությունը դժգոհեց այդ բեմադրության կապակցությամբ և այդ դեպքերին հետևած անախորժությունները Աբրահամյանին տարան ԱՄՆ։ Նա Հայաստան վերադարձավ այն ժամանակ, երբ պատահական հեռախոսազանգ ստացավ Վազգեն Սարգսյանի կողմից, ով վերջինիս խնդրում էր վերադառնալ հայրենիք․․․ Եվ նա վերադարձավ։

Աբրահամյանը հայության շրջանում հայտնի է նաև որպես ասմունքող։ Նա ուրույն երանգ է հաղորդել այն ստեղծագործություններին, որոնք ասմունքվել են իր շուրթերից։

Ինչ վերաբերում է Խորեն Աբրահամյանի անձնական կյանքին, ապա պետք է նշել, որ նրա առաջին կինը եղել է դերասանուհի Լյուսիա Հովհաննիսյանը։ Այնուհետև բավականին մեծ տաիքում Խորեն Աբրահամյանն ամուսնացել է դերասանուհի Գոհար Գալստյանի հետ։ Նա չերս երեխաների հայր էր։Նրա փոքր որդին՝ Արամը ծնվեց այն ժամանակ երբ Աբրահամյանն արդեն վաղուց պապիկ էր՝ 60 տարեկան։

Աբրահամյանի արվեստը պետական մակարդակով գնահատվեց առաջին անգամ 1961թ.-ին, երբ արժանացավ ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը։ Դրան հաջորդեցին ՀԽՍՀ պետական մրցանակը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումն ու պետական մրցանակը։ Աբրահամյանը պարգևատրվեց նաև ՀՀ պետական մրցանակով, Սբ․ Մեսրոպ Մաշտոց շքանշանով, իսկ արդեն 2000թ․-ին դարձան Երևանի պատվավոր քաղաքացի։

«․․․Մի օրենք կա, որ չպետք է խախտել` ճշմարտությունը. եթե ճիշտ չէ, ոչինչ չի օգնի, չի փրկի: Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը: Իսկ ճշմարտանման սուտը էսօր շատ է: Բացարձակ ճշմարտությունն այն կլինի, երբ արվեստը ծառայի ու բացահայտի ճիշտը: Ժողովուրդը մի դաժան խոսք ունի` դերասանություն մի արա: Խոսքը վատ դերասանության մասին է, լավի մասին չեն ասում` դերասանություն: Իսկ լավը, վստահ եմ, կգա, որովհետև առանց մեծ թատրոնի կյանք գոյություն չունի: Խորապես ներողություն խնդրելով` մի խոստովանություն անեմ. միայն մի տեղ կա` որ սպանեն, սուտ չեմ անի` թատրոնն է․․․»

Խորեն Աբրահամյանը մահացել է 2004թ․-ին Երևանում՝ սրտի կաթվածից։ Այժմ թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ