Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:
Հովհաննես Թումանյան

Այսօր հայ քննադատ և հասարակական գործիչ Արշակ Չոպանյանի ծննդյան 145 ամյակն է

am
Aysor hay k`nnadat ew hasarakakan gortsich` Arshak Ch`opanyani tsnndyan 145-rd amyakn e_9670

Այսօր հայ քննադատ և հասարակական գործիչ Արշակ Չոպանյանի ծննդյան 145-րդ ամյակն է:

Արշակ Չոպանյանը ծնվել է 1872թ. հուլիսի 15-ին Կ.Պոլսում: Սկզբնական կրթությունը ստացել է Պեշիկթաշ թաղամասի Մաքրուհյաց դպրոցում, ապա 1887թ. սովորել է Կ.Պոլսի Կենտրոնական վարժարանում: Վարժարանի ուսանողները ազատ տիրապետում էին հայրերեն աշխարհաբարին և գրաբարին, ֆրանսերենին, ինչը թույլ էր տալիս Չոպանյանին ծանոթանալ հայ հին և նոր գրականությանը և համաշխարհային դասական հեղինակների գործերին: Արդյունքում, Արշակ Չոպանյանը թարգմանություններ է անում ֆրանսիական գրականությունից, որոնք լույս են տեսնում ‹‹Արևելք›› օրաթերթում (խմբագիր՝ Ա.Արփիարյան):

Կենտրոնական վարժարանը ավարտելուց հետո Չոպանյանը դասավանդում է դպրոցներում, միևնույն ժամանակ գրելով արձակ էջեր, ֆրանսիական գրականությանը ծանոթացնող հոդվածներ՝ Ա.Արփիարյանի ‹‹Հայրենիք›› օրաթերթի համար, դառնալով նրա հիմնական աշխատակիցը:

Արշակ Չոպանյանը 1891թ. հեղինակել է նաև ‹‹Արշալույսի ձայներ›› ժողովածուն, որը բաղկացած էր չափածո, արձակ և գրականագիտական ստեղծագործություններից: 1893թ. Արշակ Չոպանյանի ‹‹Մութ խավեր›› դրաման հաջողությամբ բեմադրվում է Պոլսի թաղամասերում:

1893թ. Արշակ Չոպանյանը մեկնում է Փարիզ՝ մեկ տարով, որտեղ ավարտին է հասցնում 1891թ. սկսած բանասիրական իր առաջին երկը՝ ‹‹Պետրոս Դուրյանի կյանքն ու գործը››:

1895թ. Ա.Չոպանյանը վերադառնում է Կ.Պոլիս, որտեղ հիմնադրում է ‹‹Ծաղիկ›› կիսամսյա հանդեսը, որտեղ տպագրվում են հոդվածներ  Գրիգոր Նարեկացու, Հակոբ Պարոնյանի, Պետրոս Ադամյանի, ինչպես նաև ֆրանսիահայ  գրողների մասին: Շատ կարևոր մի նախաձեռնություն էր, որը ընդհատվեց 1895թ. քաղաքական իրադարձությունների պատճառով: Վերջինս զանգվածային արտագաղթի պատճառ դարձավ և գրական շարժման ականավոր գործիչները սկսեցին արտագաղթել տարբեր եվրոպական երկրներ, շարունակելով այնտեղ իրենց գործունեությունը:

Այսպիսով, 1898թ. Արշակ Չոպանյանը Փարիզում  հիմնադրում է ‹‹Անահիտ›› գրական-գեղարվեստական հանդեսը, որի հետ նա կապում է իր հետագա կյանքը: Փարիզում նոր շունչ է ապրում Չոպանյանի գրականագիտական գործունեությունը՝ ազատված գրաքննությունից:

‹‹Անահիտ›› հանդեսը լույս է տեսնում երկու պարբերաշրջաններով՝ 1898-1911թթ. և 1929-1949թթ.: Արշակ Չոպանյանը իր հանդեսում եղել է և՛ խմբագիր, և՛ գրել է յուրաքանչյուր պարբերականի համարում հայ հասարակական, քաղաքական, մշակութային հոդվածներ, ինչպես նաև հանդեսի լրատվական բաժինը: ‹‹Անահիտ›› հանդեսի ծրագիրն էր՝ տպագրել ուսումնասիրություններ հայ ժողովրդի պատմության, գրականության, գեղարվեստի և լեզվի մասին, ուսումնասիրություններ գիտության մասին, վիպակներ, վեպեր, բանաստեղծություններ և արձակներ՝ թե՛ հայերեն և թե՛ օտարալեզու: Լրատվական բաժինը իրենից ներկայացնում էր հայ հասրակական և մտավոր կյանքի անգին մի տարեգրություն, որն ընդգրկում է գրական, գեղարվեստական, քաղաքական իրադարձություններից մինչև կյանքից հեռացած գործիչների մահախոսականներ: Իհարկե, հետագայում այս ծրագիրը համալրվեց և կատարելագործվեց:

Արշակ Չոպանյանը ‹‹Անահիտում›› տպագրել է անտիկ շրջանի և հետագա դարերի դասական գրականության շատ նմուշներ, արվեստի տարբեր ճյուղերին՝ նկարչությանը, քանդակագործությանը, երաժշտությանը, թատրոնին, ճարտարապետությանը նվիրված հոդվածներ: Հանդեսում տեղ են գտել Թորոս Թորոմանյանի արժեքավոր ուսումնասիրությունները հայ հին ճարտարապետության մասին, Գարեգին Հովսեփյանի հոդվածները՝ հայ մանրանկարչության վերաբերյալ: 

Չոպանյանի գեղագիտական հայացքների հիմքը ռեալիստական արվեստի սկզբունքներն են, որոնք համարել է կյանքին արձագանքելու և ժողովրդին ծառայելու լավագույն ուղի: Նա բարձր է գնահատել ռոմանտիզմի պատմական նշանակությունը, հաճախ առաջինն է արձագանքել գրական նոր երևույթներին, բնութագրել գրողների (Վահան Թեքեյան, Սիամանթո, Դանիել Վարուժան, Մատթեոս Զարիֆյան, Եղիշե Չարենց) ստեղծագործությունները: Չոպանյանը հոդվածներ է գրել նաև եվրոպացի (Վիկտոր Հյուգո, Օնորե դը Բալզակ, Էմիլ Զոլա, Հենրիկ Իբսեն, Էմիլ Վերհառն) և ռուս (Ալեքսանդր Պուշկին, Նիկոլայ Գոգոլ, Լև Տոլստոյ) գրողների մասին:
 
Չոպանյանը մեծ աշխատանք է կատարել հայ գրականությունը Եվրոպայում տարածելու և Հայ դատը պաշտպանելու համար: Անձնական և նամակագրական կապեր է ունեցել եվրոպացի գրողներից և հասարակական գործիչներից շատերի հետ: Ֆրանսերեն թարգմանել և հրատարակել է հին ու նոր շրջանի հայ բանաստեղծների բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք ամփոփել է «Վարդենիք Հայաստանի» (3 հատոր, 1918– 1929 թթ.) ժողովածուում:
Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ