Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Այսօր հայ մեծ պատմաբան Լեոյի ծննդյան օրն է

am en ru
Aysor hay mets patmaban Leoyi tsnndyan orn e_54887

«Մարդու հետաքրքիր օրինակ է Լեոն: Հազիվ թե այդպիսի երկրորդը գտնվի մեր մեջ, որի հետաքրքրությունների ոլորտը սահման չի ունեցել»

 

Ավետիք Իսահակյան

 

Հայ մեծ պատմաբան ու հրապարակախոս Լեոն, նույն ինքը՝ Առաքել Բաբախանյանը, ծնվել է 1860 թ․-ի ապրիլի 14-ին Արցախում՝ Գրիգորի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի թեմական և գավառական դպրոցներում, ապա Շուշիի քաղաքային վերակազմյալ դպրոցում, որն ավարտել է 1878թ․-ին, սակայն շուտով կորցրել է հորը և հնարավորություն չի ունեցել շարունակել կրթությունը։ Այնուհետև աշխատանքի է անցել Շուշիում, ապա՝ Բաքվում որպես նոտարական գրագիր ու հեռագրիչ։

Շուտով Լեոյին հաջողվում է դառնալ «Արոր» տպարանի կառավարիչ։ Լեոն իր գրական գործերը դեռ պատանեկան տարիքից հրատարակել է «Մշակ» թերթում, աշխատակցել «Արձագանք», «Արմենիա», «Մուրճ», «Հանդես ամսօրյա», «Տարազ», «Հորիզոն», «Համբավաբեր» և այլ պարբերականների, իսկ արդեն 1895-1906թթ․-ին Լեոն եղել է «Մշակ» -ի աշխատակիցն ու քարտուղարը։ Շուտով Լեոն դասավանդել է նաև Գևորգյան ճեմարանում, սակայն ժամանակը ցույց է տվել, որ նա ավելի արգասավոր գործունեություն կարող է ծավալել պատմագիտության ոլորտում։ Այդուհետ նա Թիֆլիսում էր և զբաղվում էր գիտական աշխատանքով։ Այս ընթացքում՝ 1924թ․-ին նրան հրավիրեցին Երևանից՝ դասավանդելու նորաստեղծ Երևանի պետական համալսարանում։ Նրա դասախոսությունները տպագրվել են և Հակոբ Մանանդյանի դասախոսությունների հետ միասին դարձել հայոց պատմության համալսարանական առաջին դասագրքերը։

 

«Ժամանակի ահռելի ծածկույթի մեջ նա իրեն զգում է ոչ թե որպես հյուր, այլ ամեն դիպվածի մասնակից: Այս է նրա շնչավոր գրքերի գաղտնիքներից մեկը»

Վիգեն Խեչումյան

 

 

Արդեն 1925 թ․-ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, ապա դարձել է ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի իսկական անդամ։

Լեոյի պատմագիտական հայացքներն ամբողջացել են նրա բազմաթիվ հրապարակախոսական աշխատանքներում, որոնք այսօր էլ շարունակում են արդիական լինել հայոց պատմությունն ուսումնասիրողի համար։ Նրա ողջ գիտական ժառանգության մեջ իր կարևոր տեղն ու դերն ունի «Հայոց պատմություն» եռահատոր մենագրությունը, որտեղ պատմաբանը մանրամասն ներկայացրել է հայ ժողովրդի պատմությունը նախապատմական ժամանակաշրջանից մինչև 18-րդ դարի վերջը՝ բացառությամբ 12-15-րդ դարերի պատմությունը։ Նրա աշխատության առանձնահատկությունն այն է, որ այն պարունակում է հայ և օտար պատմիչների, ժամանակագիրների բազմաթիվ վկայություններ, հնագիտական, լեզվագիտական հարուստ նյութեր, ճանապարհորդական նոթեր և այլն։

Արդեն 1920-30-ական թթ․-ին Լեոն պատմության նոր ըմբռնումով գրեց «Խոջայական կապիտալ», «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը», «Անցյալից» և այլ աշխատություններ։

Լեոն նաև եղել է Ռամկավար Ազատական կուսակցության ակտիվ անդամներից: Նա Լ․ Ղուլյանի, Ա․ Էնֆիաճյանի, Ք․ Վերմիշյանի և այլոց հետ միասին մասն է կազմել Հայ ժողովրդական կուսակցության։ Նրանք դարձան այն նվիրյալները, ովքեր ձևավորեցին սերունդների գաղափարական հայացքներն ու տեսակետները։ Խորհրդային Հայաստան այցելող յուրաքանչյուր ռամկավար ազատական գործչի համար ՀԺԿ-ի նվիրյալները հավերժ բարեկամ մնացին, նույնիսկ Խորհրդային շրջանի ստալինյան տարիներին։

 

Լեոն գրել է նաև բազմաթիվ գրական-գեղարվեստական գործեր։ Դրանց շարքում են «Վահան Մամիկոնյան», «Սպանված հայրը» , «Վերջին վերքեր» , «Թաթախման գիշերը» և այլ գործեր։ Նա նաև անդրադարձ է կատարել Սայաթ-Նովայի, Միքայել Նալբանդյանի, Սրբուհի Տյուսաբի, Մկրտիչ Խրիմյանի, Րաֆֆու, և այլոց դիմանկարներին և «Ռուսահայոց գրականությունն սկզբից մինչև մեր օրերը» և ուրիշ աշխատանքներում մեկնաբանել հայ գրական հարստությունները։

Լեոն կյանքից հեռացել է 1932 թ․-ի նոյեմբերի 14-ին Երևանում։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ