Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Այսօր հայտնի ազգային գործիչ Մկրտիչ Ավետիսյանի ծննդյան օրն է

am ru es
Aysor haytni azgayin gortsich` Mkrtich` Avetisyani tsnndyan orn e_54411

1885թ․-ին իր համախոհների հետ միասին հորական տան այգում հենց հիմնեց Արմենական կուսակցությունը, որը դարձավ առաջին գաղափարական ու հեղափոխական կուսակցությունը հայ իրականության մեջ։

 

 

Մկրտիչ Ավետիսյանը ծնվել է 1861թ․-ի ապրիլի 12-ին Վան քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Յանկույսների ծխական դպրոցում, ապա 1879թ․-ին Վանում Արարատյան Ընկերության կողմից հիմնադրված Վարժապետանոցում, որի տեսուչը Մկրտիչ Փորթուգալյանն էր։ Մեկ տարի հետո վերջինս Խրիմյան Հայրիկի հետ միասին հիմնում է Հայկազյան-Կեդրոնական վարժարանը, որտեղ և շարունակում է իր ուսումը Մկրտիչ Ավետիսյանը։ Վարժարանը նա ավարտում է գերազանցությամբ, տիրապետում է թուրքերեն, հայերեն, և ֆրանսերեն լեզուներին։

Շուտով նա աշխատանքի է անցնում Հայկազյան-Կեդրոնական վարժարանում որպես հայերենի, թուրքերենի, ֆրանսերենի, ինչպես նաև ընդհանուր պատմության և աշխարհագրության ուսուցիչ։ Նա դարձավ ինչպես իր հասակակիցների, այնպես էլ աշակերտների սիրելին, սկսեց պայքար ծավալել մի կողմից՝ կղերականների, մյուս կողմից՝ վերնախավի կամայականությունների դեմ։

Շուտով թուրքական իշխանությունները Վանից հեռացրեցին Խրիմյանին և Փորթուգալյանին։ Ավետիսյանը, կամ ինչպես արդեն նրան դիմում էին, Թերլեմեզյանը Վանում շարունակեց ազգային-ազատագրական գործը։ 1885թ․-ին իր համախոհների հետ միասին հորական տան այգում հենց հիմնեց Արմենական կուսակցությունը, որը դարձավ առաջին գաղափարական ու հեղափոխական կուսակցությունը հայ իրականության մեջ։

1886թ․-ից բացահայտ պայքար է սկսել Վանի առաջորդ Պողոս եպիսկոպոսի դեմ, ում պատճառով էլ Խրիմյանը հեռացավ Վանից։ Պայքարը ծավալվում էր Պողոսականներ և Ապողոսականների միջև։ Շուտով պոլսահայ մամուլում մի հոդված տպագրեց Մկրտիչը, որտեղ կոչ էր անում պայքարել Պողոսականների դեմ, և շուտով ձերբակալվեց թուրքական իշխանությունների կողմից։

Ձերբակալությունից ազատվելուց հետո Թերլեմեզյանն անցավ Սալմաստ, որտեղ սալմաստահայությունը նրան մեծ ոգևորությամբ ընդունեց։ Նրա ջանքերով Սալմաստի 12 հայաբնակ գյուղերում բացվեցին դպրոցներ։ Շուտով նա մեկնեց Կովկաս, ապա՝ Ռուսաստան, որից հետո՝ 1888թ․-ին գնաց Կ․ Պոլիս, որտեղ արդեն ընդունվեց որպես հեղափոխական գործիչ։

Այս օրերին «Արմենիա» թերթում հրատարակում է մի հոդված Մշո Գյուլիզարի առևանգման մասին, որից հետո ձերբակալվում է և տարվում Յըլդըզ բանտ, այս անգամ Կարապետ Նաթանյանի, Գալուստ Ասլանյանի և Գարեգին Իսագուլյանի հետ միասին։ Քննությունից հետո Ավետիսյանն ու Իսագուլյանը աքսորվում են Տրիպոլիս քաղաք։ Շուտով այստեղ Ավետիսյանը պատահաբար մի շոգենավ է նկատում և, նետվելով դեպի այն, տեղափոխվում է Մարսել։

Շուտով՝ 1890թ․-ին Մարսելում Մկրտիչ Փորթուգալյանի հրատարակությամբ «Արմենիա» տպարանում լույս է տեսնում Թերլեմեզյանի «Թուրքիայի հայերը և նրանց դրացիները» գրքուկը, որը ստորագրվեց Մկրտիչ Ավետիսյան։ Ավետիսյան և Թերլեմեզյան ազգանունների օգտագործումը կապված էր թուրքական իշխանությունների ոտնձգություններից ու հետապնդումներից խուսափելու համար․ Ավետիսյանը Մկրտիչի հոր ազգանունն էր։

Շատ չանցած Ավետիսյանին տեսնում ենք Եվրոպայում, ապա Ամերիկայում, որտեղ Նյու Յորքում հիմնում է առաջին հայկական գրադարանը։ Արդեն 1893թ․-ին, երբ Խրիմյանը Երուսաղեմից անցնում էր Էջմիածին, նրա շքախմբին միացավ նաև Ավետիսյանը։ Խրիմյանի խորհրդով նա անցավ Սալմաստ, որտեղ հերթական անգամ լծվեց դպրոցներ հիմնելու հայանպաստ գործին։ Այստեղ՝ Սալմաստի Հավթյան գյուղում Ավետիսյանը հիմնում է հեղափոխական-մարտական խմբեր, որոնք գործում էին Արմենականների դրոշի տակ։ Շուտով Ատրպատականի հայոց առաջնորդ Սուքիաս եպիսկոպոս Պարզյանցի խնդրանքով Ավետիսյանը դառնում է Սալմաստի, Ուրմիայի և Խոյի հայկական դպրոցների շրջանային տեսուչը։ Տեսչության տարիներին մտերմանում է Գրիգոր Պեոզիկյանի և Արմենակ Եկարյանի հետ, ովքեր զբաղվում էին Վասպուրականին զենքի մատակարարմամբ։

1895թ․-ին համիդյան ջարդերի լուրը լսելով՝ նա թողնում է կրթական գործը և Սալմաստում մարտական խումբ կազմելով շարժվում դեպի Վան, որտեղ ստանձնում է Վանի ինքնապաշտպանության ղեկավարությունը։ Իրեն այդ գործում աջակցում էին դաշնակցական Պետոն և հնչակյան Մարտիկը։

 

1896թ․-ի հունիսի 3-ին թուրքական խուժանը հարձակվում է Վանի թաղամասերի վրա և 2 օրվա ընթացքում հայկական թաղերն ամբողջությամբ զոհ են գնում թուրքական յաթաղանին։ Այս օրերին Արմենականանները, Դաշնակցականներն ու Հնչակյանները կազմում են միջկուսակցական համախմբում և ստանձնում ժողովրդական ինքնապաշտպանության ղեկավարությունը։ Զինվորական խորհուրդը Արմենակ Եկարյանին, Շիկահերին ու Տըրպէին հանձնարարում է անցնել Պարսկաստան և զենք հավաքել։ Այս ծրագիրը ձախողվում է, քանի որ վերջիններս ձերբակալվում են պարսկական իշխանությունների կողմից։

Սակայն հայերի հաջող դիմադրությւոնը հարուցում էր ինչպես օսմանյան իշխանությունների, այնպես էլ անգլաիական հյուպատոս Ուիլիամսի անհանգստությունը։ Անգլիական կողմը վախենում էր, որ հայերի դիմադրությունն ու ինքնապաշտպանական մարտերը կարող են պատճառ հանդիսանալ, որ Ռուսաստանը հարձակվի Թուրքիայի վրա։ Անգլիական դվանագիտությունը ընտրեց իր համար ճիշտ պահը, և, հաշվի առնելով, որ հայերն ունեն զենքի պակաս, նրանց առաջարկվեց թողնել Վանը և անցնլ Պարսկաստան՝ խոստումով, որ չեն հետևելու վանեցիներին։ Սակայն բավական էր, որ վանեցիները հասնեին Վարագա լեռը, որտեղ նրանց դիմաց դուրս եկան և կոտորեցին մոտ 1000 մարտիկի։ Մոտ 600արմենականներ Ավետիսյանի ղեկավարությամբ ծրագրեցին Չուխի և Բաշ Գալեի ճանապարհով գնալ ու Սբ․ Բարդուղիմեոս վանքի վրայով անցնել Պարսկաստան։ Հասնելով վանքին՝ արմենականները փորձում են ապաստանել այնտեղ, սակայն տարածքն արդեն պաշաված էր թշնամու կողմից և արմենականները զոհ գնացին դավադրությանը։

Այսպիսով, Մկրտիչ Ավետիսյանը իր ընկերների հետ զոհվեց Սբ․ Բարդուղիմեոսի տարածքում, որը նրանց գերեզմանը եղավ։ Մոտ 50 տարկ առաջ այն ծառայում էր որպես ուղտատեղի այդտեղով անցնողի համար, այսօր միայն ամայություն է․․․ այդ բլուրների վրա սավառնում է միայն նրանց՝ հային կարոտած հոգիները։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ