Այսօր մեծ պատմաբան Նիկողայոս Ադոնցի ծննդյան օրն է

ru am en
Aysor mets patmaban Nikoghayos Adonts`i  tsnndyan orn e_38643

«Երանի՜ թէ սա գետինը ճեղքուէր և գրքերովս, սեղանովս և աղօտ ճրագով ինձ առնէր իր մէջը, չլսէի այս բոլորը, կարողանայի աշխատիլ հանդարտ սրտով և վերջացնել ծրագրած գործերս»

ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑ

Նիկողայոս Ադոնցը՝ նույն ինքը Նիկոլայ Տեր-Ավետիքյանը, ծնվել է 1871 թ.-ի հունվարի 10-ին Հայաստանի Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում՝ ավանդապահ Գևորգի ու Դանայի տանը։ Նախնական կրթությունն ստացել է Տաթևի ծխական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որից հետո էլ՝ 1892-94 թթ.-ին Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։ Գիմնազիան ավարտելուց հետո մեկնում է Պետերբուրգ, ընդունվում է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների և պատմա-բանասիրական ֆակուլտետներ, որոնք 1899թ․-ին ավարտում է ոսկե մեդալով։

Մասնագիտական կարողությունները զարգացնելու նպատակով Ադոնցը մասնակցել է նաև Մյունխենի, Փարիզի, Օքսֆորդի համալսարանների բյուզանդագիտության դասընթացներին, 1899-1902թթ․-ին պարապել է Վենետիկի, Վիեննայի ու Էջմիածնի ձեռագրատներում։ Մառին աշակերտելու տարիներին մասնակցել է բազմաթիվ հնագիտական պեղումների Վանում, Մուշում, Էրզրումում։

1903թ․-ին Ադոնցը վերադարձել է Կովկաս, Թիֆլիսում ուսումնասիրել է վրացերեն, աշխատել է Էջմիածնի մատենադարանում: Սկսած այս շրջանից մինչև 1908թ․-ը Ադոնցը գրել է հայտնի «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» մագիստրոսական դիսերտացիան, որը պաշտպանելով դարձել է Պետերբուրգի համալսարանի դոցենտ: Արդեն 1916 թ․-ին «Դիոնիսիոս Թրակացին և հայ մեկնիչները» աշխատանքի համար արժանացել է բանասիրության դոկտորի աստիճանի և ստացել պրոֆեսորի կոչում:

1917թ.-ին Ադոնցն ընտրվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի պատվավոր հոգաբարձու և պրոֆեսոր: 1920թ-ին եղել է Լոնդոնում ու Փարիզում: Արդեն 1930թ․-ին նա դասավանդում էր Բրյուսելի համալսարանում։ Այս ընթացքում աշխատակցել է նաև պարբերական մամուլին՝ «Հանդես ամսօրյա», «Բազմավեպ», «Սիոն», «Մշակ», «Նոր դար»։

Նիկողայոս Ադոնցն իր ողջ գործունեության ընթացքում հավաքել և հետագա սերունդներին է թողել 100-ից ավելի աշխատություններ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն։ Նրա աշխատանքները ներառում էին այնպիսի հրատապ հարցեր, օրինակ կրոնին, ծիսակատարություներին, ազգային խնդիրներին ու հայագիտությանը վերաբերող։ Հայագիտական մտքի համար անգնահատելի արժեք ունի «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» և «Դիոնիսիոս Թրակացին և հայ մեկնիչները» գործերը։ Վերջինը հրատարակվել է 30 ձեռագրերի բաղդատման հիման վրա։

Հրատարակված չեն և ձեռագիր վիճակում են գտնվում Ադոնցի գործերից «Տօնացույց» և «Ճաշոց» ժողովածուները, «Պատկերների խնդիրը Հայոց եկեղեցու մեջ», «Ասորա-պարսկական քրիստոնեական եկեղեցու աստիճանակարգությունը» և այլն։ Սրանք բոլորը գտնվում են Բեյրութի Համազգային գրական պահոցում։

Նիկողայոս Ադոնցը մահացել է Բրյուսելում 1942թ․-ի հունվարի 27-ին 71 տարեկան հասակում։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ