Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Այսօր արձակագիր Վախթանգ Անանյանի ծննդյան օրն է

am en ru
Aysor mshakowyt`i vastakavor gortsich` Vakht`ang Ananyani tsnndyan orn e  _10468

«Վախթանգ Անանյանի երկերից փչում են մեր երկրի և հողի բույրերը: Նա չափել է անդունդների խորքը և զգացել է լեռների սլացքը, թեքվել է բոլոր ծաղիկների և բույսերի վրա: Մշտապես պահպանել է մոր ջերմության և անսահման սրտի զգացողությունը, հյուսել նրա սիրո երգը: Նա հասկանում էր բնության լեզուն և մարդու հոգին, անաղարտ հայացքով նայում մարդկանց և աշխարհին, ժողովրդական մեծ կյանքի ընթացքին»:

                                                                                                                             Հրանտ Թամրազյան

 

 

Այսօր անվանի արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Անանյանի ծննդյան օրն է:

Անանյանը ծնվել է 1905թ․ հուլիսի 26-ին (նոր տոմարով՝ օգոստոսի 8-ին)։ Մանկությունն անցել է ծննդավայրում՝ Դիլիջանի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում։ Նախնական կրթությունը ծննդավայրի դպրոցում  ստանալուց հետո 1915թ․ ընդունվել է Դիլիջանի ծխական դպրոց, սակայն ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով ապագա գրողը դուրս է մնացել դպրոցից։

  Շուտով Անանյանը տեղափոխվում է Երևան, սկսում աշխատել «Մաճկալ» (1930-31թթ․), ապա 1931-35թթ․․՝ «Սոցիալիստական գյուղատնտեսություն» թերթերի խմբագրություններում։ 1935թ․ եղել է «Կոլխոզնիկ» թերթի պատասխանատու խմբագիրը։

 

  1930-ական թվականներին ԽՍՀՄ-ում տիրում էր ստալինյան բռնաճնշումների սարսափը, սեփական կարծիքն արտահայտելու հետևանքով ժողովուրդը ենթարկվում էր բռնաճնշումների ու պարտադրված աքսորի։ Այդ ժամանակաշրջանում ապրող Վախթանգ Անանյանը ևս իր մաշկի վրա զգաց ստալինյան ճնշումների ողջ թափը․ 1937-39թթ․ Անանյանը գտնվել է ԽՍՀՄ բանտերում անազատության մեջ։ Բանտից դուրս գալուց հետո շարունակել է ստեղծագործել, իսկ արդեն 1941թ․-ից Անանյանը ակտիվորեն մասնակցել է  Հայրենական Մեծ պատերազմին, կռվել մինչև պատերազմի ավարտը։ 1945թ․-ին վերադառնալով պատերազմից՝ կրկին  ձեռքն է վերցրել բազմաչարչար գրիչը: 

   Գրականության ասպարեզում Վախթանգ Անանյանի առաջնեկը լույս աշխարհ է եկել 1927թ․-ին։ Այն «Չոլախ Թաքոն» ստեղծագործությունն էր, որը հրատարակվեց «Պիոներ» ամսագրում։ Առաջին վիպակը լույս տեսավ 1930 թ․-ին՝ «Կրակե օղակի մեջ»։

 

  Արդեն 1934թ․-ին լույս տեսավ առաջին պատմվածքների ժողովածուն, որը կրում է «Որս» անվանումը և հիմնականում ներառում է պատմություններ բնության, նրա երևույթների մասին, որտեղ հեղինակի ինքնատիպ ձեռագիրը թույլ է տալիս ընթերցողին ընկալել ու հասկանալ իր բնույթն ու հոգեվիճակը։

  1947-66թթ․ հրատարակվեցին  որսորդական պատմվածքների 6 պրակները, որոնց հիմքում ընկած է մայրական սիրո զգացումը։ Անանյանն առավել ճանաչվել է «Սևանի ափին» անունը կրող արկածային վիպակով, որը թարգմանվել է ավելի քան 10 լեզվով:  Անանյանի  հեղինակած լավագույն գործերից է նաև  «Հովազաձորի գերիները» վիպակը, որը «Սևանի ափին» վիպակի հետ միասին «Մանկական լավագույն գրքի համամիութենական մրցանակաբաշխությունում» արժանացել է «Լավագույն գիրք» մրցանակի:

 

                           

 

                            

 

  Վախթանգ Անանյանի ստեղծագործություններից  «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վիպակները նաև էկրանավորվել են։ Վերջիններիս  հիման վրա Հայֆիլմը 1954թ․-ին նկարահանել է «Լեռնային լճի գաղտնիքը» , իսկ 1957թ․-ին՝ «Հովազաձորի գերիները» կինոնկարները: 

 

 Վախթանգ Անանյանը մահացել է 1980թ․-ի մարտի 4-ին Երևանում։ 2006թ․-ին նրա ծննդյան հարյուրամյակին նվիրված «Վախթանգ Անանյան 1905-1980» նամականիշ է տպագրվել։ Այսօր Դիլիջանում գործում է Վախթանգ Անանյանի անվան միջնակարգ դպրոցը։

 

 

 

 


Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ