Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Ազատ ու անկախ Արցախ․ Այսօր ԼՂՀ անկախության օրն է

am
Azat ow ankakh Arts`akh. Aysor LGhH ankakhowt`yan orn e_20603

Արցախյան ազատամարտն իր յուրօրինակ հետքն է թողել յուրաքանչյուր հայի սրտում, յուրաքանչյուր հայ իր սեփական մաշկի վրա է զգացել պատերազմի ցավը, սգացել իր և կողքինի հարազատի կորուստը, հրճվել ետ նվածված ամեն մետր հողի համար․․․Արցախի անկախացումը թվում էր անիրական երազանք, սակայն հայ ժողովրդի ամուր բազուկների շնորհիվ այսօր տոնում ենք ԼՂՀ անկախության 26-րդ տարելիցը։

 

Լեռնային Ղարաբաղի անկախացմանն ուղղված գործողությունները սկսվել են 1988թ.-ին, երբ ի պատասխան Արցախի բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության ջարդեր ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում: Արդեն 1991թ.-ի օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախության հռչակման մասին։ Օրեր անց՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որտեղ և ընդունվեց հայ ժողովրդի փափագած հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին։ Արդեն դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Արցախի անկախությունը։ Հանրաքվեին մասնակցեց ԼՂՀ բնակչության 80%-ը, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հանուն ազատ ու անկախ Արցախի։

 

1991թ.-ի դեկտեմբերին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություն, որի արդյունքում և ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը։ Շատ չանցած՝ 1992թ.-ի հունվարին տեղի ունեցավ հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն էլ ընդունեց ԼՂՀ-ի անկախության հռչակագիրը։ Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց մասնագիտությամբ պատմաբան Արթուր Մկրտչյանը։ Գերագույն խորհուրդը ընդունեց 22 կենսական նշանակություն ունեցող օրենք։ Խորհրդի անդամներից 11  հոգի զոհ գնացին ադրբեջանական յաթաղանին։ Նրանց շարքերում էին Բորիս Բաբայանը, Նորայր Դանիելյանը, Վաղարշակ Առուշանյանն ու այլք։

 

Ստեղծվեց ԼՂՀ նախարարների խորհուրդ, վարչապետ նշանակվեց մասնագիտությամբ տնտեսագետ Օլեգ Եսայանը։ Կարճ ժամանակում հանրապետությունն ունեցավ իր պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանն ու օրհներգը։ ԼՂՀ դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն, սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով։ Ազատագրական պայքարի արդյունքում ձևավորվեց նաև արցախյան բանակը։

 

Սեպտեմբերի 2-ը ինչպես հայրենիքում, այնպես էլ աշխարհի ամեն ծայրում ապրող հայի տոնն է, յուրաքանչյուր տարի աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են երթեր, համերգներ ու այլ միջոցառումներ ի պատիվ ԼՂՀ անկախության ու այն հերոս տղաների, որոնց արյան գնով ձեռք բերվեց փափագված անկախությունը։

Հռչակագիր

Պետական խորհրդանիշներ  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ