Ազգային եկեղեցին կարիք ունի պաշտպանության. Հակոբ Ավետիքյան

Ոչ միայն մեկնաբանման, այլեւ օրենքի ներկայացման առումով անճիշտ էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի քանի անգամ կրկնած հայտարարությունները վերջին շաբաթներին Մայր աթոռում եւ այլուր Վեհափառ հայրապետի դեմ կատարված հակաօրինական եւ հակականոնական ցույցերի ու գործողությունների առթիվ: Ճիշտ է, որ Հայաստանում «Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից», ինչպես արձանագրված է Սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ կետում, սակայն հենց հաջորդՙ 18-րդ հոդվածում, առանձնացնելով Հայ եկեղեցին «Կրոնական կազմակերպություններից», Սահմանադրությունը շատ հստակ կերպով «ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուՙ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությանը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում»: (Ընդգծումները իմն են: Հ.Ա.): Հետեւաբար, օրենքի կամայական եւ խիստ մասնակի մեկնաբանություն է վարչապետի պնդումը, թե պետությանը չի վերաբերում սահմանազանց ցուցարարությունը վեհարանի դիմաց եւ դիվանատան ներսում:
Ձեռքերը լվանալու այդ կեցվածքը ունի իր անունը կրոնական գրականության մեջ, որը ես չեմ ուզում այստեղ նշել, սակայն ցանկանում եմ ընդգծել մեկ այլՙ շատ ավելի կարեւոր եւ համամարդկային իրավունք, որին ե՛ւ մեր Սահմանադրությունը, ե՛ւ Հայաստանի Հանրապետության ստորագրած միջազգային պայմանագրերը անդրադառնում են անընդհատՙ մարդու իրավունքներ, որոնք բնականաբար վերաբերում են նաեւ Վեհափառ Հայրապետին: Այդ իրավունքներից առաջինը, ըստ մեր Սահմանադրության, «Մարդու արժանապատվությունն անխախտելի է» սկզբունքն է (հոդ. 23): Իսկ հիշենք, թե անցնող օրերին արժանապատվության քանի՜ ոտնահարումներ կատարվեցին Վեհափառի դեմ, հրապարակային զրպարտությունների, վարկաբեկիչ արտահայտությունների, հայհոյանքների, անվանարկությունների ինչպիսի՜ հեղեղ թափվեց նրա դեմ, փորձելով նսեմացնել ոչ միայն անձին, այս պարագայումՙ Հայ եկեղեցու պետին, այլ նույնինքն Հայ եկեղեցուն, միշտ հօգուտ այս օրերին ոգեւորության վերելք ապրող աղանդավորական կազմակերպությունների:
Այս առնչությամբ, մարդու իրավունքների հարցով, կարելի չէ չմատնանշել նաեւ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանիՙ գոնե առերեւույթ չեզոք կեցվածքը, ազդու միջամտության բացակայությունը նրա կողմից: Մինչդեռ նա է հանդիսանում Սահմանադրության գլխավոր պահապանը: Էլ չեմ խոսում մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական գործառույթների չկատարման մասին. ինչ անենք, որ Վեհափառը բողոք չէր ներկայացրել նրա գրասենյակին. նրա՛ պարտականությունն էր բարոյական պաշտպանության տակ առնել Վեհափառին, ինչպես յուրաքանչյուր քաղաքացու:
Իսկ ինչ վերաբերում է ֆիզիկական պաշտպանությանը, ապա այդ օրերին երեւի ոչ ոք չհիշեց, որ Վեհափառը ունի, ինչպես պետական բարձրաստիճան մի քանի անձնավորություններ, անձեռնմխելիության իրավունք եւ պետք է պաշտպանված լինի ԱԱԾ-ի կողմից: Պարտականություն, որը վերջինս կատարեց միայն վերջինՙ ծայրահեղ լարված պահին:
Օրենքի հաջորդ ոտնահարումն ուղղված էր սեփականության իրավունքին: Մայր աթոռի ու նրա ունեցած կալվածքների սեփականատերը անշուշտ Վեհափառը չէ, բայց նա՛ է ավանդապահը, հետեւաբարՙ իրավաբանական տերը դրանց: Մինչդեռ ցուցարարները իրավաբանական տիրոջ կամքին հակառակ համարձակվեցին մուտք գործել Մայր աթոռՙ վեհարան ու դիվանատուն, որոնք պաշտպանված պետք է լինեին օրենքովՙ որպես մասնավոր տարածք: Թող որ Մայր տաճարի շրջաբակը, որը համարվում է հանրային տարածք, նույնպես ունի առանձին կարգավիճակՙ աղոթասացության, ծիսական արարողությունների եւ եկեղեցական տոնախմբությունների վայր:
Մի քանի ամիս առաջ գրել էի, որ ժամանակն է Պետություն-Մայր աթոռ երկկողմ հարաբերությունները հստակեցնող պայմանագիր կամ պրոտոկոլ ստորագրել, որը կլինի հիմքը փոխադարձ պարտականությունների եւ հարաբերությունների կարգավորման, որից կշահեն ե՛ւ պետությունը, ե՛ւ Հայոց եկեղեցին, եւ ոչ մի պետական պաշտոնյա ու ոչ մի եկեղեցական, անկախ իրենց դիրքից ու հանգամանքից, այնուհետեւ չեն կարող խուսափել պատասխանատվությունից: Այժմ կրկնում են նույնը:
Ի հավելումն այս բոլորի պետք է համաձայնվել վարչապետի հետ, որ, իրոք, խնդիրներ կան նաեւ եկեղեցականների միջեւ, ներսում: Բայց այդ խնդիրները նոր չեն, ունեն տասնամյակների հնություն, բայց ոչ միայն ներսում, այլեւ մեր շրջապատում եւ հատկապես ներկա դարի զարգացումների պայմաններում: Հայ եկեղեցին նույնպես կարիք ունի խորքային բարեփոխումների: Բայց այս մասինՙ ավելի ուշ, ավելի հանդարտ պայմաններում:
- Տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքներում 2019թ. ընթացքում կստեղծվեն նոր աշխատատեղեր
- Մարտավարական պարապմունքներ ՀՀ ԶՈՒ-ում
- «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրաբերել
- Մեր եկեղեցին բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ ծրագրեր ունի, հսկայական անելիք. ՀՀ նախագահ
- Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը կարևորել է Թեքեյան մշակութային միության գործունեությունը՝ ի շահ աշխարհասփյուռ հայության և Հայաստանի
- 19 տարի սայլակին գամված Արտաշեսը ոտքի է կանգնել
- «Ստաժային» խնդիրներ Շիրակի պետհամալսարանի ռեկտորի պաշտոնի շուրջ
- Մարիա Զախարովան ընդհատել է ադրբեջանցի լրագրողին
- Օպերային երգիչ Հավհաննես Կարապետյանը Ստեփանակերտում հանդես է եկել մենահամերգով
- Հրապարակվել է ՀՀ-ում անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության վերաբերյալ
- ԱԱԾ-ն կաշառք ստանալու նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)
- Այս խոսակցությունը կարևոր է մեր երկրի, մեր ժողովրդի ապագայի համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- Էմմա Հովսեփյան. Իմ իսկական երջանկություն Էմմա տատը
- Բենզինը թանկացել է
- Անգլերենի ակումբ՝ Բերդ քաղաքի ավագ դպրոցում
- «Շախմատ» առարկայի դասավանդման կողմանակից եմ. Արայիկ Հարությունյան
- Մասիսի քաղաքապետի և մյուսների գործը դատախազությունը հետ է ուղարկել քննչական կոմիտե
- «Զվարթնոց» օդանավակայանում բազավորվեց «Շտապ բուժօգնության» 3-րդ ուղղաթիռը
- Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է 5-ով
- Կլոր սեղան-քննարկում` նվիրված բժշկական ապահովագրությանը
- Ոստիկանները գողության համար հետախուզվողին հայտնաբերեցին Աշտարակի խճուղում
- Հունաստանի ՌԱԿ Կենտրոնական վարչության հաղորդագրությունը
- «Լուսե տանիք»-ը մեկնարկեց Մարտունի քաղաքում
- ԱԱԾ-ի նոր բացահայտումը (տեսանյութ)
- Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը