Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Բարբարոսն իր դեմքը չի փոխում

am en ru
Barbarosn ir demk`e ch`i p`okhowm_44986

1988թ. փետրվարի 20-ի ԼՂ մարզխորհրդի նստաշրջանից ժամեր անց ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների մասին» հայտնի որոշումը, որին առանց ուշացնելու հավանություն տվեց ԼՂԻՄ կուսմարզկոմի բյուրոն: Քաղբյուրոյի հիշյալ որոշումը պիտի ողջունեին նաև կոմկուսի շրջանային կոմիտեները:

Ասկերանի կուսշրջկոմում ևս նախագիծ էր մշակվել, ըստ որի՝ հաջորդ օրը` փետրվարի 22-ին, շրջանային ակտիվը պիտի հավանություն տար Քաղբյորոյի որոշմանը: Սակայն ասկերանցիները նույն օրը շրջկոմի բակում կազմակերպեցին բազմամարդ հանրահավաք: «Հայաստան» և «Միացում» վանկարկումներն այնպիսի ուժգնությամբ էին հնչում շենքի շուրջ, որ ընդառաջելով բողոքավորների համառ կամքին` ձայների մեծամասնությամբ մերժվեց կուսակցական վերնախավին աջակցելու հրահանգը:

Մինչ դահլիճում շարունակվում էին քննարկումները, լուր բերեցին, որ ադրբեջանցիների բազմահազարանոց խաժամուժը Աղդամի կողմից գրոհում է Ասկերանի վրա: Տեղեկությունը հաստատվեց, երբ շրջխորհրդի գործկոմի նախագահ Վիլեն Քոչարյանն անձմամբ գնաց դա տեսնելու: Միաձայն որոշվեց թույլ չտալ ադրբեջանցիներին մտնել Ասկերան, այլապես արյունահեղությունն անխուսափելի կլիներ:

Ադրբեջանցիները գալիս էին` ճանապարհին ամեն ինչ հրկիզելով ու ջարդելով: Չխնայեցին անգամ այգիներում աշխատող և պատահաբար այդ տեղանքում հայտնված հայազգի քաղաքացիներին: Երկու տասնյակի չափ ասկերանցի երիտասարդների հաջողվեց դուրս մղել գարեջրի գործարան և կոմունալ ծառայությունների ձեռնարկություն ներխուժած ջարդարարերին, բայց պահը շարունակում էր մնալ սպառնալից: Հազիվ երկու հազար բնակիչ ունեցող փոքրիկ Ասկերանը միայնակ չէր կարողանա դիմագրավել թվաքանակով գերազանցող ազերիներին: Որոշ տվյալներով` հարձակվողների թիվը հասնում էր մինչև ութսուն հազարի, որոնք զինված էին սուր-կտրող գործիքներով ու հրազենով: Անհրաժեշտ էր շրջանի մյուս հայկական գյուղերի օգնությունը` ինչքան շուտ, այնքան լավ:

Պաշտպաններին միացել էին նաև շրջանի կուսակցական, խորհրդային, կոմերիտական կազմակերպությունների և իրավապահ մարմինների աշխատողները` շրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանի գլխավորությամբ:

Երկու կողմերն էլ սկսեցին քարեր շպրտել իրար վրա: Քիչ անց ադրբեջանցիների շարքերից անկանոն կրակոցներ լսվեցին, և այլևս պարզ դարձավ, որ նրանք վճռական են տրամադրված ըմբոստ հայերին «դաս տալու» հարցում:

Շուտով հարակից հայկական գյուղերից օգնության եկան:  Եվ դա ճիշտ ժամանակին էր, որովհետև Աղդամից հորդացող մարդկային հեղեղն այլևս դժվար էր պատնեշել. ադրբեջանցիները միանգամից անցան հարձակման: Հաշված րոպեներ, և զինված ազերական հրոսակախումբը կմխրճվեր դեմ-հանդիման կանգնած հայերի նոսր զանգվածի մեջ: Հապաղումը կարող էր ճակատագրական լինել: Ներքին ինքնապաշտպանական բնազդով, առանց որևէ մեկի հրահանգին անսալու, ասկերանցիները հասկացան պահի հրամայականն ու… որոտացին հրացանները` բառի բուն իմաստով ազերիներին սարսափի մատնելով: Հակառակորդը հայերից դիմադրություն չէր սպասում և զոհեր տալով` վախեցած հետ քաշվեց: Թևերում, ճիշտ է, որոշ փորձեր եղան այլ ուղղություններով էլ գրոհելու, մասնավորապես, դեպի Ղլիժբաղ և Խնապատ գյուղեր, սակայն նրանց առաջխաղացումը տեղացիների ուժերով նույնպես կասեցվեց:

Մոտ երեք ժամ հետո, երբ ազերիների գրոհները փաստացի հետ էին մղվել, մեկ «ԳԱԶ-66» ավտոմեքենա լիքը խորհրդային ՆԶ զինվորներ եկան` վահաններով ու ռետինե մահակներով զինված: Շատ չանցած, Ստեփանակերտից ընդհարման վայր ժամանեցին նաև զրահամեքենաներ: Զինվորականները ազերիներին ստիպեցին վերադառնալ ելման կետ ու իրավիճակի վերահսկողությունն իրենց ձեռքը վերցրին:

Անժխտելի է, որ ադրբեջանցիների կողմից 1988 թվականի փետրվարի 22-ի հարձակումը նախապես մշակված ու ծրագրավորված էր: Մինչ այդ, Աղդամի հանրահավաքներում կոչեր էին հնչում հայերի ջարդ կազմակերպելու մասին: Նախօրեին նույնիսկ ծանոթ մի հայի միջոցով Աղդամում սպառնացել էին, որ Ասկերանը ավերակների են վերածելու: Ոչ ոք չէր հավատում, սակայն, որ «ծաղկող ինտերնացիոնալիզմի» պայմաններում դրկից ազգերի միջև կարող է զանգվածային արյունահեղություն լինել:

Հայերի հավատն ավելի տատանվեց, երբ ԽՍՀՄ գլխավոր զինվորական դատախազ Ալեքսանդր Կատուսևը կենտրոնական հեռուստատեսությամբ հայտարարեց, թե իբր կողմերի միջև ընդհարումը եղել է Աղդամ-Ասկերան սահմանագծին` չեզոք գոտում: Խորհրդային հանրությունից թաքցնելով Բաքվի նախաձեռնած ագրեսիայի փաստը, ըստ էության, նա իրավական ինդուլգենցիա տվեց բարբարոսներին, որպեսզի օրեր անց Սումգայիթում հայերի նախճիր իրականացնեն:

Ասկերանյան արյունալի բախումը առաջին ադրբեջանական ահաբեկչությունն էր, որը շարունակվում է առ այսօր, և որին միջազգային համապատասխան կառույցները նույն «չեզոք» գնահատականն են տալիս:

Իսկ բարբարոսն իր դեմքը չի փոխում անգամ տասնամյակներ անց:

 

Ստեփանակերտ

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ