Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Բարի գալուստ Հայաստան, պարոն Հենրիկ Մաթևոսյան

am
Bari galowst Hayastan, paron Henrik Mat`ewosyan_97851

  Մայիսի 9-ին, երբ աշխարհը տոնում էր ֆաշիզմի դեմ հաղթանակը, Կրասնոդարում ապրող Հենրիկ Մաթեւոսյանի կյանքում տեղի ունեցավ շատ կարեւոր բան: Անչափահաս երեխաների հայրը որոշեց, որ եկել է հայրենիք վերադառնալու ժամանակը, հավաքեց եղած-չեղածը, ընտանիքը եւ հենց նույն օրը՝ մայիսի 9-ին, եկավ Հայաստան: Պետք է ասեմ, որ Հենրիկն այս որոշումը հենց այնպես չկայացրեց. բանն այն է, որ նախորդ օրը՝ մայիսի 8-ին, ՀՀ ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին ընտրել էր Հայաստանի վարչապետ, Հենրիկն ամբողջ նիստը ուշադիր նայել էր, Փաշինյանին մանրակրկիտ լսել էր եւ հասկացել, որ նա հենց այն մարդն է, որը Հայաստանը դարձնելու է ծովափնյա ու բարեկեցիկ: Հենրիկին, հատկապես, տպավորել էր Փաշինյանի այն հայտարարությունը, որով վարչապետը կոչ էր անում բոլոր արտագաղթածներին վերադառնալ, շեշտելով, որ նոր կառավարությունը բոլորի խնդիրները լուծելու է:

Սակայն Հայաստան վերադառնալու ճանապարհին Հենրիկը չի մտածում, որ, ախր, հայրենիքում ինքը ոչ միայն գործ չունի, այլեւ տուն, նա միայն հիշում է նոր իշխանության խոսքերը՝ Հայաստանում իրավիճակ է փոխվել, էլ առաջվանը չէ, բոլորը կարող են նոր կյանք սկսել, իրենց  ամուր զգալ իրենց հարազատ հողում: Մի խոսքով՝ Հենրիկը վերադառնում է: Չի բացառվում, որ նաեւ այս վերադարձը տեղ է գտել կամ գտնելու կառավարության կազմած վիճակագրությունում, թե բա տեսեք՝ հեղափոխությունից հետո դրսում ապրող հայերը աննահանջ հավատ են սկսել տածել՝ առ իշխանություն ու մեկը՝ մյուսի հետեւից վերադառնում են տուն: Ինչեւէհայրենիքում հենց առաջին օրը Հենրիկը հիշում է, որ տուն չունի: Հավանաբար բարեկամների տներում  մի քանի օր գիշերելուց հետո, որոշում է գնալ կառավարություն ու ասել՝ Բարեւ Ձեզ, ես Հենրիկ Մաթեւոսյանն եմ, վերադարձել եմ հայրենիք՝ ձեր կոչով, խնդրում եմ ապահովել աշխատանքով եւ տնով: Կառավարության շենք մտնել, բնականաբար, Հենրիկին թույլ չեն տալիս: Հենրիկը հաջորդ օրն էլ փորձում, ապարդյուն, մյուս օրն էլ՝ կրկին առանց արդյունքիԻ վերջո կառավարությունից դուրս է գալիս մեկը ու խոստանում՝ ամեն ամիս Մաթեւոսյանները կստանան 50 հազար դրամ՝ որպես անապահով ընտանիք: Հենրիկը չի ասում՝ ստացե՞լ է արդյոք այդ օգնությունը, թե՞ ոչ, բայց հայտնում է՝ հանդիպել է վարչապետի օգնականներից Նաիրի Սարգսյանին, վերջինս էլ ասել է՝ գնա տուն, չորս օրից կգաս, գործդ արդեն եղած կլինի: Ինքն էլ ուրախ-ուրախ գնացել է տուն, չնայած ինչպես ինքն է ասում՝ տուն չունի եւ կառավարությունից խնդրում է, որ կամ նվիրեն կամ էլ գոնե օգնեն վարձը տալ:

4 օր անց Հենրիկը զանգահարում է կառավարություն՝ հետաքրքրվելու, թե տունն ու գործը ե՞րբ են տալու: Կառավարությունից նրան պատասխանում է ոմն Արփի: Ինչպես Հենրիկն է ասում՝ Արփին սկսում է իր հետ ոչ միայն վիճել, այլ նույնիսկ համարձակվում է դու-ով խոսելՎերջում էլ, ըստ Հենրիկի, կառավարության բարձր ներկայացուցիչ Արփին իրեն ասում է՝ «Ստեղ միլիոնները թափած չի քո համար, կարող ա՞ գիտես՝ տուն պիտի առնեմ՝ տամ»:

Հենրիկը անմիջապես գնում է կառավարություն ու նրան ասում են, որ իր գործը փակված է, քանի որ, ուշադրություն՝ Արփիի հետ լավ չի խոսել: Հիմա մարդը չի հասկանում, թե իր մեղքը ո՞րն է եւ տարբեր կառույցների է դիմում, որպեսզի տուն ու գործ ունենա:

Անկեղծ ասած, երբ ես լսեցի այս պատմությունը, ամենակարեւոր հարցը, որն ինձ հետաքրքրեց, հետեւյալն էր. տուն կտա՞, արդյոք, կառավարությունը Հենրիկին: Քանի որ, եթե տար, ապա ես անձամբ պատրաստվում էի գնալ գործադիրի շենքի դիմաց կանգնել ու խնդրել, որ մի տուն էլ ինձ տան: Հա՝ ի՞նչ, եթե կառավարությունը պարտավոր է Հայաստանի՝ տուն չունեցող քաղաքացիներին տուն տալ, ապաիմանանք էլի:

  Իրականում Արփին ճիշտ է ասել, կոպիտ է ասել, բայց ճիշտ է ասել: Կառավարությունը՝ սեւ լինի, սպիտակ, կարմիր, թե մոխրագույնի՝ 50 երանգներն ամփոփող, մեզ տուն չի տալու: Մեր փոխարեն ծառ չի տնկելու եւ որդի չի ունենալու: Ու Հայաստանում այս առումով ոչ մի հեղափոխություն էլ չի եղել ու իրավիճակ չի փոխվել, Հայաստանում՝ այսինքն, ոչ միայն Երեւանում ու Գյումրիում, այլեւ Կրասնոդարում ու Լոսում, Փարիզում եւ Սիդնեյում,…որտեղ հայ կա:

   Ի դեպ, թեկուզ միայն Հայաստանում քանի՞ մարդ կա, որ Հենրիկ Մաթեւոսյանի պես սպասում է, թե ե՞րբ են կառավարությունից զանգելու, հրավիրելու Հանրապետության հրապարակ ու հենց այնտեղ (ժամի տակ), իրենց հանձնելու բաղձալի բնակարանի բանալին

Բարի գալուստ Հայաստան, պարոն Հենրիկ Մաթեւոսյան:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հատուկ՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի համար

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ