Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Բաս քո սրտի դավթարումն էլ վունչինչ չկա գրա՞ծ. այսօր Գաբրիել Սունդուկյանի ծննդյան օրն է

am en ru
Bas k`o srti davt`arowmn el vownch`inch` ch`ka gra?ts. aysor Gabriel Sowndowkyani tsnndyan orn e_76387

«Աշխարհիս մեջ քիչ գրագետ կա, որ Սունդուկյանին չափ զուտ անխառն, իրապաշտ եղած ըլլա. իր մեջ ոչ մեկ հետք ռոմանտիզմի, ոչ մեկ ջանք իրականությունը շտկռտելու, ոսկեզօծելու, ոչ մեկ փափագ տարօրինակ, խորհրդավոր կացություններ ու էակներ ստեղծելու: Սունդուկյանը նստած է կյանքին դիմացը ... զայն դիտած ու տեսած է ինչպես որ է ան, և վերարտադրած է իր գործին մեջ»

Արշակ Չոպանյան

 

Գաբրիել Սունդուկյանը ծնվել է 1825 թ. հուլիսի 11-ին Անչիսխատ թաղամասում, Էջմիածնի վանքի ճորտությունից փախած, վաճառական Մկրտումի ընտանիքում։ Հայրը վաղ մահացել է՝ ընտանիքին թողնելով նշանակալից կարողություն, որից հետո մայրը՝ տիկին Թինաթինան ամեն ինչ արել է իր երեք երեխաներին լավ կրթություն տալու համար։ Արդեն 1832-1837 թթ.-ին Սունդուկյանը ուսանում է Շահան Ջրպետի և նրա ֆրանսուհի տիկնոջ մոտ, ապա՝ 1838-1840 թթ.ին՝ Արզանյան եղբայրների պանսիոնում, միաժամանակ ուսումնասիրում է նաև լեզուներ՝ սովորում վրացերեն, ռուսերեն, լատիներեն, ֆրանսերեն:

1840-1846 թթ.-ին Սունդուկյանը ուսանել է Թիֆլիսի ազնվականական գիմնազիայում, որից հետո նա մեկնել է Սանկտ Պետերբուրգ և ընդունվել տեղի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի արևելյան բանասիրության բաժին,որտեղ ևս ուսումնասիրել է լեզուներ, մասնավորապես՝ վրացերեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն: Այնուհետև վերադարձել է Թիֆլիս, որոշակի ժամանակ աշխատել է Ներսիսյան դպրոցում, որից հետո նրան աշխատանք է առաջարկվել Կովկասի փոխարքայի դիվանատանը․նա տիրապետում էմի քանի լեզուների և աշխատանքի անցավ որպես թարգմանիչ:

 

Արդեն 1853թ․-ին գեղեցկադեմ Սունդուկյանը մեղադրվեց բարձրաստիճան պաշտոնյաների կանանց ու աղջիկների հետ սիրային հարաբերություներ ունենալու մեջ և շուտով ուղարկվեց Դերբենտ՝ որպես քաղաքապետի առանձնակի հանձնարարությունները կատարող պաշտոնյա: Սունդուկյանը զբաղվում էր նաև ճարտարագիտությամբ, նրա նախագծով կառուցվեցին Դերբենդի քաղաքային աշտարակ-ժամացույցը, ռուսական և հայկական եկեղեցիները:

Դերբենտում 5 տարի աշխատելուց հետո՝ 1858 թ․-ին նա վերադարձավ Թիֆլիս և աշխատանքի անցավ այս անգամ ճանապարհային հաղորդակցության վարչությունում, որտեղ ծառայեց 50 տարի ևարժանացավ քաղաքացիական գեներալի աստիճանի, պարգևատրվեց բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով։ Սունդուկյանը ակտիվ հասարակական գործիչ էր: Նա մասնակցեց Թիֆլիսում բռնկված համքարական շարժմանը: 1896 թ․-ին Սունդուկյանը անցավ թոշակի, որից հետո մեծ թափով սկսեց ստեղծագործել։

 

«...Ու անվերջ էն Մեծ Պեպոն, կյանքի բեմի վրա մաքուր, հաղթական, Զիմզիմովի դեմը կանգնած՝ իր հալալ աշխատողի կոշտ ձեռքը կզարկի մուրհակին ու Թիֆլիսի բարբառով կորոտա.– Բաս քու սրտի դավթարումն ի՞նչ ի գրած... Ու կվարի իր ազնիվ կռիվը ոչ թե մուրհակի համար, այլ ճշմարտության համար, արդարության համար»

Հովհաննես Թումանյան

 

Իր աոաջին թատերախաղերը Սունդուկյանը գրել է մոտ 40 տարեկանում: Նրա անունը անխզելիորեն կապված է Չմշկյան-Ամրիկյան թատերական խմբի գործունեության հետ, որը կարևոր նշանակություն է ունեցել հայ թատրոնի կազմավորման ու զարգացման գործում: Այդ թատերախմբի շնորհիվ Սունդուկյանի պիեսները մեծ ժողովրդականություն են վայելում, պիեսների ներկայացումներն իրենց հերթին նպաստում են, որ հասարակության մեջ էլ ավելի բարձրանա թատերախմբի հեղինակությունը: Այդ տարիներին Սունդուկյանի գրիչը բավականին բեղուն է եղել, նա գրել է «Գիշերւան սաբրը խէր է», «Խաթաբալա», «Օսկան Պետրօվիչը էն կինքումը», «Էլի մէկ զոհ», «Պէպօ», «Քանդած օջախ», «Ամուսիններ», «Կտակ» պիեսները, որոնք մինչ օրս մեծ ժողովրդականություն են վայելում, «Համմալի մասլահաթները» ֆելիետոնների ժողովածու: Ի դեպ՝ 1872-1876 թթ․-ին «Մշակ»–ում տպագրվել է «Համալի մասլահաթնիրը», իսկ 1882-86 թթ․-ին, «Արձագանք»–ում՝ «Հադիդի մասլահաթնիրը»։

 

Նրա պիեսները թարգմանվել են վրացերեն և ռուսերեն լեզուներով, հանրահայտ «Պէպօ»-ն` նաև ֆրանսերեն, իսկ «Քանդած օջախ»-ը` անգլերեն լեզվով տպագրվել է Նյու Յորքում հրատարակվող «Armenia» ամսագրում: Սունդուկյանը բավականին առատաձեռն է եղել իր «Համմալի մասլահաթները» ժողովածուի վաճառքից ստացված ամբողջ գումարը հատկացրել է «Մշակ»-ի զարգացման հիմնադրամին, իսկ բոլորիս սիրելի «Պէպօ»-ի եկամուտը` Կովկասի հայոց բարեգործական ընկերությանը, որի հիմնադիր-անդամներից էր նա։

Գաբրիել Սունդուկյանը վախճանվել է 1912 թ․-ի մարտի 29-ին՝ 86 տարեկան հասակում և թաղվել Թիֆլիսի Խոջիվանքի պանթեոնում։ Այսօր նրա անվանադրությամբ գործում է ազգային ակադեմիական թատրոնը: 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ