Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Դիվանատուն ներխուժածները թմրանյութի ազդեցության տակ են եղել. «Հայոց Աշխարհ»

am
Divanatown nerkhowzhatsnere t`mranyowt`i azdets`owt`yan tak en eghel. <<Hayots` Ashkharh>>_76983

  «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության՝ օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք ներխուժած անդամները, հնարավոր է, եղել են թմրանյութի ազդեցության տակ: Այս մասին երեկ տեղեկացրել են ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից։ Ոստիկանությունը հաղորդում էր ստացել ակցիայի մասնակիցների մոտ թմրանյութի հնարավոր առկայության մասին: Որից հետո ոստիկանության առանձին խումբ է մեկնել դեպքի վայր, որտեղ էլ թմրանյութի նմանվող զանգված է հայտնաբերվել: Նյութի ծագումը պարզելու համար փորձաքննություն է նշանակվել, իսկ դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում։

 

   Նախքան ոստիկանության կողմից թմրանյութ հայտնաբերելը այդ մասին ահազանգել էին նաեւ ներխուժման օրը Դիվանատանը ներկա հոգեւորականները, որոնք ականատես էին եղել նախաձեռնության անդամների կասկածելի վարքին:

 

Գերաշնորհ ԳԵՎՈՐԳ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՐՈՅԱՆԸ այն տպավորությունն է ստացել, որ Դիվանատուն ներխուժած խմբի անդամները սթափ վիճակում չէին, թմրանյութ էին օգտագործել, եւ հորդորում է ոստիկաններին մինչեւ վերջ իրականացնել հետաքննությունն ու պատժել մեղավորներին:

 

 

   -Այն կարծիքին եմ, որ նրանցից ոմանք թմրանյութի ազդեցության տակ էին, քանի որ անհավասարակշիռ վարք էին դրսեւորում, խելամտության բոլոր սահմաններն անցել էին. բռնության կոչեր էին անում եւ իրենք էլ բռնություն էին հրահրում, ագրեսիա դրսեւորում, վիրավորում հոգեւորականներին՝ սպառնալով սափրել նրանց:

 

 

   -Շատ է խոսվում, թե նախաձեռնությունն ուղղորդված է այնպիսի ուժերի կողմից, որոնց նպատակը Հայ Առաքելական եկեղեցին կազմաքանդելն է: Կա՞ն ապացուցող փաստեր:

 

 

   -Օրերս որոշ փաստեր, անգամ տեսաֆիլմ հրապարակվեց, որտեղ համոզիչ կերպով ներկայացվում էր, որ նախաձեռնության որոշ անդամներ ասոցացվում են Compass կազմակերպության հետ, որը դրամաշնորհներ է ստացել «Բաց հասարակության ինստիտուտ» հիմնադրամից: Շատ հնարավոր է, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղորդում լինի Սորոսի հիմնադրամի կողմից: Իսկ թե ինչով է զբաղվում այդ հիմնադրամը, կարծում եմ՝ ոչ մեկիս համար գաղտնիք չէ:

 

  Այդ ակտիվիստների գործողությունները բացահայտ աղանդավորական տարրեր են պարունակում, որոնք արտահայտվում են թե՛ հռչակված գաղափարների, թե՛ գործելաոճի մեջ։ Օրինակ, Կորյուն աբեղան այնպիսի մտքեր է հայտնում, որ այլեւս կասկած չի մնում՝ այդ մարդն ակնհայտորեն բռնել է աղանդավորության ճանապարհը: Նրա վերջին հայտարարություններից մեկն էլ, թե Սուրբ Երրորդության Երրորդ դեմքը՝ Սուրբ Հոգին, որպես պատիժ սպանեց սպարապետ Վազգեն Սարգսյանին կաթողիկոսական ընտրություններին միջամտելու համար, դեմ է Սուրբ Հոգու դավանանքի՝ Եկեղեցու վարդապետությանը: Եկեղեցու դավանանքի համաձայն՝ Սուրբ Հոգին մխիթարիչ է, զորություն, շնորհներ պարգեւող է, ներշնչող է, կենդանարար է, ազատիչ եւ ոչ պատժող, ոչ բռնադատող:

   Զարմանալին այն է, որ այդ մարդն իրեն հոգեւորական համարելով՝ փորձում է եկեղեցական հարցերն աշխարհիկ ճանապարհով լուծել: Եկեղեցին պետական կառույց չէ, որ աշխարհիկ միջոցներով փորձեն եկեղեցու ներսի խնդիրները լուծել, այդ խնդիրները Եկեղեցու սահմանադրության եւ կանոնների համաձայն են որոշվում: 1700 տարի մեր եկեղեցին այդ իրավական նորմերով է առաջնորդվել: Իսկ Եկեղեցու սահմանադրությունն իրականացնելու, իրացնելու հստակ ճանապարհային քարտեզ կա, եւ եթե այդ մարդիկ ինչ-որ բանից դժգոհ են, ապա կարող են այդ ճանապարհով ներկայացնել իրենց բողոքները:

   Նրանք նաեւ վարկաբեկում են մեր վերջին երեք կաթողիկոսներին՝ պնդելով ու ստահոդ լուրեր տարածելով, թե նրանք ՊԱԿ-ի դրածոներ են եղել: Կաթողիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը, այդ ընտրություններին մասնակցում է համայն հայությունը, եւ փաստորեն նման հերյուրանքներով նրանք նաեւ ժողովրդին ու Ազգային եկեղեցական ժողովն են անարգում:

 

   -Նախաձեռնող խումբը գործում է հավատավորների, հանրության անունից եւ հայտարարում, թե իբր իրենց նպատակը կաթողիկոսի հրաժարականն է: Բայց արդեն փաստ է, որ նրանց թիրախում Հայ Առաքելական եկեղեցին է հայտնվել: Սա արդեն պետական անվտանգության խնդիր չե՞ք համարում:

   -Արդյոք կարելի՞ է այդ տեսակի մարդկանց, որոնք սուտ են տարածում, հայհոյում ու զազրախոսում են, վարկաբեկում եկեղեցու հետ կապված ամեն բան, մոլորեցնում հասարակությանը, եկեղեցու բարեկարգության մասին մտածողներ համարել, ինչպես իրենք ներկայանում են: Եվ արդեն վաղուց նրանց նետը կաթողիկոսից ուղղվել է ընդհանրապես եկեղեցու դեմ:

   Հուսադրող է, որ եկեղեցու հավատավորները չեն գնում այդ մարդկանց հետեւից, նրանց հետեւորդները հիմնականում Կորյունի ազդեցության տակ գտնվող իր խոստովանազավակներն են:

   Ակտիվիստների գործողություններում տեսանելի է նաեւ վրեժխնդրության տարր: Նախաձեռնության համակարգողներից Կարեն Պետրոսյանը երկար տարիներ աշխատել է Մայր Աթոռի կառույցներից մեկում եւ դժգոհ է մնացել Մայր Աթոռից, ինչի մասին քանիցս հայտնել է հավաքների եւ հարցազրույցների ընթացքում: Իր կարծիքով՝ Մայր Աթոռն իր հանդեպ խտրական վերաբերմունք է ցուցաբերել:

 

   Անգամ եթե իր հանդեպ անարդար են վարվել, ինչպես ինքն է կարծում, ապա դա կարելի էր պարզել ու հարթել երկխոսության ճանապարհով, այլ ոչ թե առաջնորդվելով սեփական վիրավորանքով? նման շարժում նախաձեռնել եկեղեցու դեմ եւ իր հետեւորդներին օգտագոծել սեփական շահերի համար:

   -Սրբազան հայր, չե՞ք կարծում, որ աշխարհիկ իշխանությունը պարտավոր է միջամտել դեպքերին, քանի որ զարգացումներն այնպիսի բնութ են ստանում, որ վտանգվում է մեր հավատքը, պետականությունը:

 

   -Այո, իսկապես կարծում եմ, որ մենք արդեն գործ ունենք ազգային անվտանգությանը սպառնացող երեւույթի հետ, որը հարկավոր է շատ արագ կանխել: Այնպես է ստացվել, որ այս պայքարի առաջնագծում հոգեւորականներն են հայտնվել, բայց խնդիրը համապետական է արդեն, մենք հատել ենք ազգային անվտանգության սահմանը, եւ ապշած եմ, որ այդ խումբը դեռ շարունակում է գործել, եւ սաստող չկա: Ուզում եմ հասկանալ՝ իրենցով զբաղվելո՞ւ են, թե՞ ոչ, որքան է շարունակվելու եկեղեցու դեմ նախաձեռնված այս պայքարը, որը բոլորիս է ալեկոծում։ Հավատացյալների ներսում խռովություն կա, եւ հազիվ ենք կարողանում հանդարտեցնել, որ նրանք ծայրահեղ քայլերի չգնան, բախումներ չլինեն:

 

   Պետությունը պետք է իր դիրքորոշումն ունենա այս խնդրի վերաբերյալ, մենակ չթողնի եկեղեցուն, քանի որ սա պետական խնդիր է: Ճիշտ է, եկեղեցին սրան էլ կդիմակայի, տարբեր ժամանակ այն դիմակայել է տարբեր հարձակումների, այդ թվում՝ խորհրդային իշխանություններին վերապրեց: Բայց ամեն դեպքում իշխանությունը պետք է համապատասխան եզրակացություն անի: Խնդիրն արդեն դուրս է եկել հոգեւոր իշխանության տիրույթից, դարձել է համապետական: Ոչ ոք չի կարող ինձ կամ որեւէ մեկին համոզել, որ ազգի միասնությունը պառակտող գործողությունների թիրախ է միայն կաթողիկոսը:

 

   Ես պարզապես չեմ կարող հասկանալ՝ ինչպես է պատահում, որ Էլթոն Ջոնի ուղղությամբ ձու նետած անձը հրավիրվում է ոստիկանություն, որի վերաբերյալ մամուլով բազում հրապարակումներ եղան, մինչդեռ Ամենայն Հայոց կաթողիկոսին սատանա անվանող, հայ հոգեւորականներին եւ հավատացյալներին վիրավորող խմբավորման անդամներին իրավապահ մարմինները կարգի չեն հրավիրում:

 

Թագուհի Ասլանյան

 

«Հայոց Աշխարհ»

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ