Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Գրիգոր Ղափանցյան

am
Grigor Ghap`ants`yan_46066

Գրիգոր Ղափանցյանը ծնվել է 1887թ․-ի փետրվարի 17-ին Աշտարակ քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի երկդասյա  դպրոցում։ 1899թ․-ին ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Սանկտ Պետերբուրգ և 1908թ․-ին ավարտել է տեղի արական գիմնազիան։ Արդեն 1913թ․-ին Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետի հայ-վրաց-պարսկական բաժնում աշակերտել է Նիկողայոս Մառին, Կ․ Զալամանին, Ի․ Պոտուեն դ՛Կուրտենեին, Ն․ Ադոնցին և Ի․ Ջավախաշվիլիին։

Վերադառնալով հայրենիք՝ Ղափանցյանը աշխատանքի է անցել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1914թ․-ին լույս է տեսել նրա առաջին գիտական աշխատանքը՝ «Լեզվաբանական դիսցիպլինաներ և լեզու»։ Այս տարիներին մասնակցել է նաև Նիկողայոս Մառի՝ Անիում անցկացրած պեղումներին։

Այս տարիներին Ղափանցյանը ծանոթացել է Ժողովրդական կուսակցության ղեկավարների հետ և անդամանգրվել նրանց շարքերին՝ ստանձնելով բազմաթիվ պարտավորություններ հատկապես կրթական ոլորտում։

1921թ․-ին Ղափանցյանը հրավիրվել է Երևանի պետական համալսարան և դարձել հիմնադիր դասախոսներից մեկը, 1921-1945թթ․-ին ղեկավարել է տեղի լեզվաբանության ամբիոնը, դասավանդել է ընդհանուր լեզվաբանություն, գրաբար և այլ առարկաներ։ 5 տարի շարունակ եղել է Հայաստանի ԳԱԱ հասարակական գիտությունների բաժնի ղեկավար, 1950-1956թթ․-ին՝ ՀԽՍՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն։

Ղափանցյանն ուսումնասիրել է հայագիտության բազմաթիվ հարցեր, լուծել է հայոց լեզվի պատմության ու հնագիտության կարևոր խնդիրներ։ Տիրապետել է փոքրասիական մի քանի մեռած լեզուների՝ խեթերեն, ուրարտերեն, խուռիերեն, պալայերեն, և դրանց օգնությամբ ուսումնասիրելով սեպագիր արձանագրությունները՝ փորձել է պարզել հայերի և հարևան ժողովուրդների միջև առկա տոհմացեղային կապերը, լեզվական փոխառություններն ու փոխազդեցությունները։ Այս տեսանկյունից ուշադրության է արժանի նրա «Chetto-armeniaca» մենագրությունը, որտեղ քննարկել է հայերենի և խեթերենի շուրջ 200 բառեր և ձևեր, լուսաբանել փոքրասիական մի քանի ժողովուրդների մշակույթի ու պատմության բարդ հարցեր։

Աշխատելով Ն․ Մառի հետ՝ Ղափանցյանն աստիճանաբար հեռացել էր քերականության ոլորտից և հարել Մառի սկզբունքներին, ինչի մասին խոսում է իր «Ընդհանուր Լեզվաբանություն» աշխատանքի մեջ։ Այս աշխատանքը ընդհանուր լեզվաբանության առաջին հայերեն ձեռնարկն է, որը պարունակում է փաստական հարուստ նյութ և ունի հստակ տրամաբանական կառուցվածք։ Ընդունելով Մառի որոշ սկզբունքներ՝ այնուամենայնիվ աշխատանքի մի քանի հատվածներում նա հեռացել է այդ սկզբուքներից։

Իր աշխատանքներից է նաև «Ուրարտուի պատմությունը», որը մանրազնին և բազմակողմանի ուսումնասիրություն է Ուրարտուի մշակույթի և ուրարտերենի մասին։ Իր «Լեզվական ընդհանուր տարրեր ուրարտական և խեթական լեզուների միջև», «Հին Հայաստանի տեղանունների պատմալեզվաբանական նշանակությունը», «Խեթական աստվածները հայերի մոտ», «Հայերենի խուռիտերեն բառերը», «Ածանցները և ածանցված բառերը հին Փոքր Ասիայի տեղանուններում» և այլ աշխատություններում Ղափանցյանը եղել է այն եզրակացությանը, որ փոքրասիական լեզուները իրենց հետքերը դրոշմել են հայերենի մեջ։

Ղափանցյանն անդրադարձել է նաև բառագիտական հարցերին, մասնավորապես ներկայացրել է Աշտարակի խոսվածքը (բարբառ)։

Ղափանցյանի վերջին աշխատությունը «Հայոց լեզվի պատմություն»-ն է, որտեղ քննարկել է հայ ժողովրդի և հայերենի կազմավորման հարցերը, ինչպես նաև հայոց լեզվի հնդեվրոպական նստվածքը։

1942թ․-ին նրան շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր գործչի կոչում, արդեն 1942թ․-ին՝ դարձյան բանասիրական գիտությունների դոկտորի կոչում։ 1930թ․-ին ստացել է պրոֆեսորի գիտական աստիճան։ Եղել է ՀԽՍՀ ԳԱԱ հիմնադիր կազմի անդամ և 1943թ․-ին դարձել ակադեմիկոս։

Մահացել է 1957թ․-ի մայիսի 3-ին՝ երկարատև և ծանր հիվանդությունից հետո։ Մայիսի 7-ին նրա հոգեհանգստի արարողությունն էր ԳԱԱ նիստերի դահլիճում և հարյուրավոր ուսանողներ, դպրոցականներ, գիտության, արվեստի ու գրականության գործիչներ, դասախոսներ ու ուսուցիչներ եկել էին նրան հրաժեշտ տալու։ Նրա մոտ պատվո պահակ կանգնեցին զանազան կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակադեմիկոսներ և բարեկամներ, նաև՝ պետական գործիչներ։ Հուղարկավորությունը կեղի ունեցավ Երևանի քաղաքային պանթեոնում, որտեղ իրենց սրտի խոսքն ասեցին Բ․ Մարտիրոսյանը, ԳԱԱ փոխնախագահ Մ․ Ներսիսյանը և Գևորգ Էմինը։Այսպիսի համազգային թաղման արժանացավ Ժողովրդական կուսակցությանը հավատարիմ մեր ընկերը։

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից                              

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ