Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գյումրու 150-ամյա թատրոնի ֆենոմենը

am
Gyowmrow 150-amya t`atroni fenomene_90111

Ինչո՞ւ է Գյումրին հայտնի որպես մշակութային մայրաքաղաք, ասում են՝ տեղաբնակներից է, այս քաղաքում մշակույթի՝ արվեստի, արհեստի գինը շատ լավ գիտեն՝ մեծ ու փոքր: Իսկ մշակութային օջախների նմատմամբ կա առանձնակի հարգանք:

   Գյումրու 150-ամյա դրամատիկական թատրոնը  քաղաքի մշակութային աշխույժ կյանքում կարևորագույն դերակատարներից է: Արտաքնապես լուռ, ծանրակշիռ և հնամենի շենքից ներս մտնելիս, անմիջապես տրամադրություններն այցելուի մոտ փոխվում են: Թատրոնական շունչն ու ակտիվությունն ամենուր է: Նախ, առաջարկում են բարձրանալ ամենավերև՝ տանիք, որտեղ օրերս բացվեց «Տանիքի տակ» նոր փորձասենյակը: Այստեղ կտեսնեք աճեմյանցիների գոհունակ ժպիտներն ու կլսեք նրանց հետաքրքիր զրույցները:

   Թատրոնի հնաբնակներից  ՀՀ  ժողովրդական արտիստ Խաչիկ Բադալյանն, ով 56 տարի է աճեմյանական բեմում է՝ 100-ից ավելի գլխավոր դերերով, նկատում է. «Մեր թատրոնը ջահելացել է, տնօրեն Տիգրան Վիրաբյանի և գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի թատրոն գալով այստեղ շատ բան փոխվեց: Մեր թատրոնի պես թատրոն, էն գլխից՝ 150 տարի առաջվանից, չի եղել, քանի որ դերասաններից սկսած թասիբով են: Աշխարհի տարբեր բեմերում խաղացել եմ, բայց մեր հանդիսատեսից էլ է շատ բան կախված: Մերոնք շատ ուրիշ են, շատ թասիբով են, շատ զգացմունքային են»:

Մեկ հարկ ներքև իջնելով փորձասենյակներից մեկում արդեն նոր ներկայացման փորձն է՝ «Բայ բայ Լեդի», գլխավոր դերերում են՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, Ռոզի Ավետիսովան, Արսեն Սաղաթելյանը, Մանե Մխոյանը: Ընդամենը երեք ամիս առաջ աճեմյանական թատրոնը ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Հարսանիք թիկունքում» ներկայացմամբ ոչ միայն Գյումրու, այլև ամբողջ հանրապետության ուշադրությունը հրավիրեց դեպի Գյումրու թատրոն: «Հարսանիք թիկունքումը» գրանցեց աննախադեպ հաջողություններ: Ներկայացման ցանկացած բեմադրությունից մեկ ամիս առաջ բոլոր տոմսերը թե՛ Գյումրիում, թե՛ Երևանում և  թե՛ մեկ այլ քաղաքներում արդեն վաճառված են եղել:

   Հիմա էլ Երևանում սեպտեմբերի 23-ին և 24-ին  կայանալիք ներկայացման տոմսերը սպառված են: Քառօրյա պատերազմի թեմային թատրոնում հաջորդում է այլ ժանրի ներկայացում:

 

Թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյան է մի փոքր  փակագծեր բացում. «Մենք միշտ էքսպերիմենտալ մոտեցում ենք ցուցաբերում, «Հարսանիք թիկունքումի» կողքին կարող ենք անել Գաբրիել Գարսիա Մարկես «Երկնագույն շան աչքերը» կամ Ջորջ Օրուել «Անասնաֆերման»:   Շատ կարևոր  է, թե ի՞նչ միտք է գալիս թատրոն: Մենք սկզբունք ունենք, որ կարծարտիպեր չպետք է լինեն թատրոնում: «Անասանֆերման» արել է ընդամենը  երրորդ կուրսի ուսանող, եթե մարդը միտք ունի, պիտի էդ միտքը իրականանա թատրոնում, չպետք է ասենք, սպասի երկու տարի հետո, եթե նույնիսկ ինքը այլ թատրոնից է ու լավ միտք կա, ապա թատրոնի դռները ստեղծագործական մտքի առջև պետք է բաց լինեն: Ես սկզբունքորեն տարբեր ռեժիսորներ եմ հրավիրում, պետք չէ լինել միանձնյա, մեկ գեղագիտությամբ:  Վերջին տարիների փորձը ապացուցում  է, որ ես ճիշտ եմ էդ հարցում: Թատրոնում  և՛ պիտի լինի «Լիր Արքա» և՛ պիտի լինի  «Հարսանիք թիկունքում» և՛ պիտի լինի «Բայ բայ Լեդի», որն ասեմ, որ ֆրանսիական, թեթև, ինչո՞ւ չէ համարձակ ներկայացում  է: Ո՞վ է ասել, որ մեր թատրոնում չպետք է լինեն այսպիսի ներկայացումներ: Ցանկացած ներկայացում ունի իր մեսիջը, այս ներկայացումը ևս՝ գունեղ, բաց և համարձակ լինելուց բացի ունի դաստիրակչական շատ կարևոր կողմ»:

Այս փորձասենյակից դուրս հանդիպում ենք  ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանի հետ, ով վայելում է ոչ միայն գյումրեցի հանդիսատեսի համակրանքը, այլ նաև ամբողջ երկրի: Իսկ գյումրեցի հանդիսատեսի ֆենոմենի մասին խոսելիս տիկին Քոչարյանը շեշտում է, որ այստեղ կհանդիպես շատ թատերասեր, օբյեկտիվ և անմիջական հանդիսատեսի. «Գիտեք, վերջին տարիներին քաղաքը դատարկվում էր, բայց այս պայմաններում մենք լիքը դահլիճներում ներկայացում ենք խաղում և բավականին շատ թվով ներկայացումներ, սա իսկապես ֆենոմենալ մի բան է, որ մտածում ես՝ քաղաքում մարդ չկա, բայց մենք անընդհատ խաղում ենք: Դերասանի համար ավելի ուրախալի բան չկա, երբ վարագույրը բացվում է և տեսնում ես լեփ-լեցուն դահլիճ: Իսկ գյումրեցի հանդիսատեսն ինձ համար անձնավորվել է մի շատ հարազատ, սրտացավ մարդու կերպարում, մի մարդ, առանց որի չեմ պատկերացնում իմ աշխատանքը»:

Վերջին տարիներին Գյումրու 150 ամյա դրամատիկական թատրոնի ներկայացումները ոչ միայն Շիրակի մարզում են հայտնի, այլ նաև ամբողջ երկրում և երկրից դուրս: Այս ամենի պատճառը ոչ միայն գեղարվեստական ճիշտ լուծումներով և թարմ մտքով ներկայացումներն են, այլ նաև պորդյուսերական հսկայական աշխատանքի արդյունք:

  Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը փաստում է. «Ներկայացումը պատրաստվում է երկու-երեք ամսում, ճիշտ այդքան էլ մենք պրոդյուսերական աշխատանքներ ենք անում: Մեր աշխատանքը վարորդի խնդիր է, թե դու որքա՞ն գիտես էն ճանապարհը,  որն անցնում ես քո մեքենայով, ինչքա՞ն ես տիրապետում ղեկին, ինպիսի՞ արագությամբ ես վարում և ավելի հաճելի ու հետաքրքիր դարձնում ճանապարհը, որքա՞ն սրտացավ ես քո մեքենայի նկատմամբ և արդյո՞ք գիտես այդ երկար ճանապարհը: Ցավոք, մեզ մոտ շատերն այսրոպեաբար են գործում, այսրոպեաբար ապրում: Իսկ մենք էն նախագծերը, որոնք  գծագրում ենք՝ երկարատև նախագծեր են, մանրակրկիտ քննարկված գործեր են: Տեսեք, այլ թատրոններում չկա այդ փորձը, բայց մենք ցանկացած ներկայացման վերաբերվում ենք որպես թատերական նախագիծ»:

Այն դիտարկմանը, թե մայրաքաղաքում շտապում են հակադարձել, թե Գյումրու դրամատիկականը մենաշնորհային դիրքում է, ուստի գրանցում է այօրինակ հաջողություններ, Տիգրան Վիրաբյանը փաստում է, որ Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը վաղուց միայն Գյումրու հանդիսատեսի համար չի ստեղծագործում, Երևանից հանդիսատեսը գալիս է Գյումրիում ներկայացում նայելու՝ առանց հաշվի առնելու երկար ճանապարհն ու գիշերակացը: Այսինքն, թատերասեր հասարակությունը փնտրում է որակյալ ներկայացումներ:

   Իսկ Գյումրու թատրոնի նոր թատերաշրջանը  կբացվի հոկտեմբերի 7-ին՝ «Բայ բայ Լեդիի»  պրեմիերայով:

Պատրաստեց՝ ԼԵՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

ՀԱՅ ՁԱՅՆ-ի Գյումրիի թղթակից

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ