Հ․ Շիրազ - Հին մանկություն

Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...

Կարդալ Ամբողջը

Համո Սահյանն՝ Ակսել Բակունցի մասին

am
Hamo Sahyann, Aksel Bakownts`i masin_70582

Այսօր Սև ցելերի սերմնացանի՝ հայ մեծանուն և տաղանդաշատ գրող Ակսել Բակունցի ծննդյան օրն է:

Իր գրչակից ընկերոջը Համո Սահյանն այսպիսի բանաստեղծություն է ձոնել.

 

 

Բասուտա գետն է լեռներից հոսում

Եվ ձորերի մեջ զիլ զրնգում է,

Աթա ապերն է ծոր տալով խոսում,

Եվ Մեղրաքերծը դեռ դրնգում է։

 

Մինան գետի մեջ գորգ է լվանում,

Ոտքերը բաց են մինչև ծնկները,

Ինքն իր վշտի հետ զրույց է անում,

Ջուրը տանում է արտասուքները։

 

Լորի հինավուրց բլրակի վրա

Մայրամուտի մեջ արձանացել է

Շիկնած հայացքն այն խոնարհ աղջկա,

Որ ամբողջ կյանքում քեզ ուղեկցել է։

 

Հնձան է մտնում ծեր Դիլան դային

Հոգում հեռավոր օրերի ցավը,

Եվ հուշերի մեջ թևին է տալիս

Իր ձեռքից թռած ոսկե միրհավը։

 

Հազրոն նստել է օջախի քարին,

Հիշում է կորած երկիրն ու հողը,

Տխուր նայում է Հայկական պարին

Եվ նվագում է ծիրանի փողը։

 

Ամեն մեկի մեջ մարմին է առած

Աշխարհի բարին ու բարությունը,

Եվ ես ամեն օր լսում եմ նրանց

Հավիտենական շնչառությունը։

 

Համո Սահյան

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ