Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:
Հովհաննես Թումանյան

Հայաստանի անկախությունն ու Միջազգային խաղաղությունը․ Սեպտեմբերի 21

am en ru
Hayastani ankakhowt`yownn ow Mijazgayin khaghaghowt`yowne. Septemberi 21_22520

1991թ․-ի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ հանրաքվե Հայաստանի Հանրապետության անկախության համար։ Նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ գարնանից, ընթանում էր ակտիվ քարոզչական գործընթաց։ Հիմնական նպատակը ԽՍՀՄ-ից անկախանալն էր, հայոց անկախ պետականությունը վերականգնելը։

Ինչևէ, նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո արդեն սեպտեմբերի սկզբին հանրաքվեին «Այո» պատասխանելու քարոզարշավի ամենաթունդ օրերն էին: Հօգուտ անկախության կոչեր հրապարակեցին ՀՀ Գերագույն խորհուրդը, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ը, ՀՀՇ 3-րդ արտահերթ համագումարը, մտավորականության ներկայացուցչական հավաքը, Մշակույթի աշխատողների միությունը, Գրողների միությունը, հայրենակցական և այլ միություններ: Հօգուտ անկախության քվեարկելու կոչ արեցին հայտնի մտավորականներ, արվեստի ու մշակույթի գործիչներ՝ Հրանտ Մաթևոսյանը, Սերո Խանզադյանը, Հրաչիկ Սիմոնյանը, Խաչիկ Սաֆարյանը, Աղասի Այվազյանը, Վարդգես Պետրոսյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Գոհար Գասպարյանը, Օհան Դուրյանը, Տիգրան Լևոնյանը, , Հովհաննես Չեքիջյանը, Լևոն Թոքմաջյանը, Էդուարդ Միրզոյանը, Մարո Մարգարյանը, Հովհաննես Զարդարյանը, Տիգրան Մանսուրյանը, Խորեն Աբրահամյանը, Վիկտոր Համբարձումյանը և ուրիշներ:

Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն, ԽՍՀՄ կազմից դուրս»

 

1991 թ․-ի սեպտեմբերի 21-ին հանրաքվեն կայացավ։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը), «այո» ասաց հայոց պետականթյան անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս սեպտեմբերի 21-ին Հանրապետությունը մեծ շուքով նշում է անկախության 26-րդ տարելիցը։

 

1981 թ․-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակեց Խաղաղության օր, որը պետք է նշվեր հենց ասամբլեայի նստաշրջանի բացման օրը: Սկզբնական շրջանում որոշվեց նշել սեպտեմբերի երրորդ երեքշաբթի օրը , իսկ արդեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի

55-րդ նստաշրջանում՝ 2001 թ․-ի սեպտեմբերի 28-ին տոնը ամրագրվեց սեպտեմբերի 21-ին՝ որպես հրադադար հաստատելու եւ բռնությունը մերժելու օր:

Տոնն առաջին անգամ նշվեց 1982թ․-ին, և սկսած այդ օրից ամեն տարի ամբողջ աշխարհում նշվում է խաղաղության միջազգային օրը։ Յուրաքանչյուր տարի այս օրն ունենում է իր ուրույն խորհուրդը, մասնավորապես նախորդ տարի՝ 2016թ․-ի սեպտեմբերի 21-ի խորհուրդն էր «Կայուն զարգացման նպատակները խաղաղության բաղադրիչ տարրերն են» նախադասությունը։

Տոնի մեկնարկը տալու համար ՄԱԿ-ը խփում է իր՝ Նյու Յորքում գտնվող կենտրոնակայանի խաղաղության զանգը: Զանգը պատրաստված է աշխարհի բոլոր աշխարհամասերի (բացի Աֆրիկայի) երեխաների նվիրաբերած մետաղադրամներից, այն նվիրել է Ճապոնիայի Միավորված ազգերի միությունը՝ որպես «պատերազմի մարդկային կորուստները հիշելու» խորհրդանիշ: Զանգի վրա կա մի գրություն՝ «Երկար կյանք աշխարհում բացարձակ խաղաղությանը»։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ