Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:
Հովհաննես Թումանյան

Հայացքն Արցախին ուղղելու հարցում ոչ մի պատճառաբանություն չպետք է լինի. ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ

am
Hayats`k`n Arts`akhin owghghelow harts`owm och` mi patcharhabanowt`yown ch`petk` e lini. RhAK Geragowyn khorhrdi nakhagah_18689

«Հայ ձայնի» զրուցակիցն է ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանը (ԱՄՆ, Լոս Անջելես), ով զանազան առիթներով եղել է Արցախում, ծանոթացել Արցախի զարգացմանը եւ մեծ ապագա է տեսնում հայոց երկրորդ հանրապետության համար:

 

 

 

-Պարոն Նազիրյան, քանի՞ անգամ եք եղել Արցախում եւ ինչպիսի՞ տպավորություններ ունեք: Եթե եղել եք մի քանի անգամ, ապա ինչպիսի՞ փոփոխություններ եք նկատել:

-Նախ ուզում եմ շնորհավորել բոլոր արցախցիներին եւ համայն հայությանը՝ Արցախի անկախության առթիվ: 26 տարի առաջ, այդ դժվարին օրերին Անկախության հռչակագրի ընդունումը իրապես նվաճում էր հայոց նորօրյա պատմության մեջ:

Ես Արցախում եղել եմ մոտ հինգ անգամ: Ինչպես հայության ներկայով եւ խնդիրներով ապրող եւ մտահոգ յուրաքանչյուր հայ, ծանոթացել եմ Արցախի զարգացման ծրագրերին, հիացել արցախցու աշխատասիրությամբ, իր հողին կառչած մնալու կամքով եւ այն հեռանկարով, որ այդ ժողովուրդը կերտում է հինավուրց իր հողի վրա, անշուշտ՝ Մայր Հայրենիքի եւ Սփյուռքի զորակցությամբ:

 

-Հնարավո՞ր է, որ Արցախում արդեն հասցրել եք ինչ որ ծրագրերի իրականացմանը մասնակցել, եթե այո, պատմեք խնդրում եմ:

-Այո, ես մի ոչ մեծ նախագիծ եմ իրականացնում Արցախում. հող եմ գնել եւ այն հանձնել եմ մշակման՝ ստեղծելով աշխատանքի մի փոքր հնարավորություն: Մշակումից բացի այդ տարածքում գոմ եմ սարքել տվել, ծառեր ենք տնկել, ջրագիծ ենք անցկացրել… Նախագիծը փոքր է, բայց ընդլայնելու հեռանկար կա, քանի որ գյուղատնտեսական մեծ հնարավորություն եմ տեսնում եւ ուզում եմ իմ ներդրումն ունենալ այդ բնագավառում: Արցախի հողը բերրի է, արցախցին լավ գիտի այդ հողի լեզուն եւ իր աշխատասիրությամբ մեծ արդյունքների կարող է հասնել: Կցանկանայի, որ այս ուղղությամբ մտածեին բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ հնարավորություն ունեն եւ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում այդ հնարավորությունը ներդնեն Արցախում:

Այս ծրագրից զատ, նաեւ մոտ եմ Պարգեւ Սրբազանի հետ, թեմին շինարարական օժանդակություն եմ հատկացրել:

Մայիսին Շուշիի ազատագրման միջոցառումներին մասնակցեցի, եւ արցախցու ոգին այս օրերին ավելի շատ զգացի… Արցախցին գիտի ինչպես քաջորեն պատերազմել, այնպես էլ հպարտորեն տոնել իր հաղթանակները: Այդ ոգին վարակիչ է եւ փոխանցվում է յուրաքանչյուր հայրենասեր հայի:

Ամեն անգամ, երբ Արցախ եմ գնում, ավելի եմ խանդավառվում: Կարող եմ ասել, գալու է օր, որ Արցախը դառնալու է եվրոպական մակարդակի երկիր. Հյուրանոցների, ռեստորանների սպասարկումը ոչնչով չի զիջում, դրան գումարած՝ արցախցու հյուրասիրությունը, բարյացակամությունը՝ հայի թե օտարի հանդեպ, գրավում է ամեն մարդու: Հատկապես սա մեծ արժանիք է, որ փնտրված է աշխարհում:

 

-Նշեցիք, որ կայցելեք Արցախ: Ինչպիսի՞ ծրագրերով:

-Ցանկություն ունեմ ՌԱԿ գործունեությունը նաեւ Արցախում ակտիվացնել, եւ հաջորդ այցերիս նաեւ այդ ուղղությամբ պետք է աշխատեմ:

Իսկ ընդհանրապես, Արցախում միշտ էլ անելիք կա, Արցախն ինքն է իր գաղտնիքներով եւ գրավչությամբ ամեն անգամ հուշում, թե ինչ կարելի է անել: Հնարավորությունները շատ են: Եվ Ռամկավար Ազատական կուսակցությունը պետք է ուսումնասիրի, տեսնի, թե այդ հնարավորությունները ինչպես կարելի է օգտագործել:

 

 

-Ի՞նչ նշանակություն ունի Արցախի հանրապետության անկախության փաստը սփյուռքում ապրող հայի և անձամբ Ձեզ համար:

-Սփյուռքը տասնամյակներ շարունակ ապրել է Մայր Հայրենիքի անկախության երազով: Բայց նույն երազին մաս է կազմել նաեւ Արցախի անկախությունը: Ես փոքր էի, հիշում եմ, որ երբ ազգային-քաղաքական գործիչ Գերսամ Ահարոնյանը խոսում էր Արցախի անկախության մասին, դա հեռավոր մի բան էր թվում, բայց նա հավատում էր, որ գալու են Արցախի, ինչպես նաեւ՝ Նախիջեւանի անկախության օրերը: Եվ ահա այսօր մենք տեսնում է այդ երազի իրականացումը եւ Հայաստանի անկախության հետ միասին տեսնում եւ վայելում ենք նաեւ Արցախի անկախությունը: Մեզ համար այդ փոքրիկ հայկական պետության անկախությունը, ինքնորոշման որոշումը, ազատ եւ խաղաղ ապրելու կամքը շատ նվիրական է, փայփայանքի, գուրգուրանքի կարոտ մի գաղափար, որին ամեն մի սփյուռքահայ ակնածանքով պետք է մոտենա եւ իր հայացքն ուղղի դեպի Արցախ: Ոչ մի պատճառաբանություն չպետք է ունենա սփյուռքահայը, թե կարող է ձախողվել, թե վստահելի չեն այնտեղ եւ այլն… Դրանք ընդամենը պատճառաբանություններ են: Պետք է շարժվել տեղից եւ գործել: Հնարավորություններն իսկապես շատ են, եւ առիթներն էլ տրված են: Ես շատ եմ կարեւորում սփյուռքի մասնակցությունը Արցախի ծրագրերին, եւ կարծում եմ, որ Հայաստան-Սփյուռք հաջորդ համաժողովն էլ Արցախում պետք է անցկացվի՝ դրանով շեշտելով նաեւ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը:

Խոսելով անկախության մասին, ապա տեսնելով արցախցու պայքարը այդ անկախությունը պահելու համար, մենք առավել եւս լցվում ենք հավատով: Այս ժողովուրդը, որ անցել է պատերազմի դժվարին ճանապարհով եւ այսօր էլ դեռեւս չավարտված պատերազմի մեջ է, բազմիցս ապացուցել է իր հերոսականությունը: Հերոսների մասին մենք հայոց պատմության դասագրքերից գիտենք, բայց այսօր Արցախը, նրա համար կռվողները եւ թիկունքում երկիրը կառուցողները այդ հերոսության ուղին են բռնել:

Մենք, որպես կուսակցություն, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում աջակցել արցախցուն, ինչպես նաեւ մենք միշտ կագնած ենք այն ծրագրերի կողքին, որոնք իրականացնում է Արցախի կառավարությունը:

 

 

-Ձեր բարեմաղթանքներն Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ:

-Մաղթում եմ, որ արցախցին ոչ մի օր չկորցնի իր հավատը, հույսը: Երբեք չլքի իր հողը, ամրացնի այն եւ տեղ բացի բոլոր նրանց համար, ովքեր հավատում են Արցախի ապագային: Նա, ով մեկ անգամ եղել է Արցախում, անպայման վերադառնալու է:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ