Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Ի՞նչ ասել է բարեփոխել եկեղեցին

am
I?nch` asel e barep`okhel ekeghets`in_88651

 

Շարունակում ենք մեր ընթերցողին ներկայացնել ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի բացառիկ հարցազրույցը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ:

Հաշվի առնելով հարցազրույցի ծավալուն լինելը՝ այն ներկայացնում ենք մաս-մաս:

           

                              ՄԱՍ Գ

        -Որքան էլ, որ անընդունելի են արդեն իսկ հիշված խմբի գործելաոճն ու մոտեցումները, այսուհանդերձ ինչպե՞ս եք վերաբերվում նրանց այն դիտարկմանը, թե Եկեղեցին բարեկարգումների կարիք ունի:

      -Նախ հստակեցնենք «Եկեղեցու բարեկարգում» և «եկեղեցական բարեկարգում» հասկացությունները: Պետք է արձանագրել, որ Եկեղեցին ինքնին որևէ բարեկարգման չի կարող ենթարկվել: Ինչո՞ւ, որովհետև այն կրողն ու արտահայտողն է Քրիստոսին հավատացող հանրության հավատո հիմնադրույթների և դրանից բխող բարոյականության սկզբունքների: Պատկերացրեք, որ մենք, փորձելով տուրք տալ որոշ քաղաքագետների կամ սոցիոլոգների սպասումներին, ձեռնամուխ լինենք բարեկարգել նաև այս ոլորտը, ի՞նչ կստացվի: Կարծում եմ՝ կստացվի այն, որ մի օր «բարեկարգության ջղոտ պաշտպանների խանդավառության արդյունքում» մենք կարող ենք հայտնվել մի վիճակում, երբ թույլատրելի կլինի նաև քննարկել Քրիստոսին որպես Աստված ընդունելու նպատակահարմարությունը, կասկածի տակ կդրվի Հարության գաղափարը:

   Մի օր էլ կարող է ոմանց կողմից, բարեկարգումի անվան ներքո, Եկեղեցուն պահանջ ներկայացվի բազմակնության նվիրագործման գաղափարը՝ ժողովրդագրական ճգնաժամը հաղթահարելու համար, ինչպես հիմա փորձ է արվում իբրև նորմալ երևույթ ներկայացնել գունավոր սեռականությունը, որոնք անգամ հավակնություն ունեն աշխարհին ներկայանալու նույնասեռական քրիստոնյաների միություն: Սա մոտավորապես նույնն է, ինչ որ կրակե սառույցը: Դժվար չէ կռահել, թե ինչ կստացվի այսպիսի «հանճարեղ» բարեկարգումների արդյունքում: Իսկ կստացվի այն, ինչ-որ ժամանակին կրքոտությամբ շրջանառում էր աթեիզմի հավակնոտ հիմնադիրը, ըստ որի ոչ թե Աստված է իր «պատկերով ու նմանությամբ» ստեղծել մարդուն, այլ, ընդհակառակը, մարդն է իր պատկերով ու նմանությամբ ստեղծել Աստծուն: Հետևաբար, նորից եմ կրկնում, որ այս առումով չի կարող գոյություն ունենալ Եկեղեցու բարեկարգման խնդիր:

      Ինչ վերաբերում է եկեղեցական բարեկարգումներին, ապա այն զբաղեցրել է եկեղեցական իշխանությունների օրակարգը մշտապես, Եկեղեցու հիմնադրման իսկ օրվանից: Հիշենք Գործք Առաքելոցում նկարագրված Առաքելական Ժողովը, որի մեջ քննարկում էին վաղ Եկեղեցու կյանքում առաջացած խնդիրները (Տե՛ս Գործք գլխ. ԺԱ): Եկեղեցական կյանքի բարեկարգման այսպիսի խնդիրներ են քննարկվել նաև մեզանում՝ Հայաստանում, քրիստոնեության ընդունման վաղ շրջանից: Այնպես, ինչպես Աշտիշատի, Շահապիվանի և դրանց հաջորդող բազմաթիվ այլ տեղական ժողովները:

       Բնական է, որ ժամանակ առ ժամանակ հասարակական-քաղաքական զարգացումներին զուգընթաց համարժեք փոփոխություններ են իրականացվել նաև եկեղեցական կյանքում:

         Գալով վերջին ժամանակներին՝ նշենք, որ բարեկարգության հարցերն սկսել են վերստին ակտիվորեն քննարկվել են 19-րդ դարի վերջից 20-րդի սկզբից: Քննարկվել են հարցեր ինչպես եկեղեցականների պատրաստության, Եկեղեցու կառավարման մարմիններում աշխարհականների ընդգրկվածությունն ու դերակատարությունը մեծացնելու, կուսակրոնության հարցի վերաբերյալ, եկեղեցական ընդհանուր սահմանադրություն ունենալու, ծեսի, այնպես և պաշտոնական գրագրության լեզվի՝ գրաբարից աշխարհաբարի անցնելու, եկեղեցականների կենսապահովման և բազմաթիվ այլ խնդիրներ:

   Դժբախտաբար, վրա հասած Հայոց Ցեղասպանությունը և դրան հետևած սովետական կարգերի հաստատումը Հայաստանում, այլևս անհնար դարձրին այսպիսի բարեփոխումների իրականացումը: Եվ այսօր, ինչպես նախընթաց հարյուրավոր տարիների, այնպես և հետանկախության շրջանի մարտահրավերների ծանր ժառանգությունը վիճակվել է Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին և այժմյան եկեղեցականներին:

   Իհարկե, հնարավոր չէ բոլոր խնդիրներին լուծում տալ «հենց հիմա, հենց այստեղ» անիրատեսական պահանջատիրությամբ: Այսուհանդերձ, սակայն, ինչպե՞ս կարելի է չտեսնել այն առաջընթացը, որն արձանագրված է եկեղեցականների պատրաստության, քրիստոնեական քարոզչության ընդլայնման, եկեղեցավարչական կյանքի կազմակերպման, եկեղեցաշինության և տարբեր այլ ոլորտներում: Եկեղեցականներն իրենց ծառայությունն են բերում Ազգային Բանակում, կալանավայրերում, հանրակրթական դպրոցներում ներդրված է Հայ Եկեղեցու պատմություն առարկան, սոցիալական աջակցություն է տրվում սոցիալապես խոցելի անձանց:

       Կարող է հարց առաջանալ. բավարարվա՞ծ ենք մենք կատարված աշխատանքներով: Կպատասխանեմ՝ իհարկե, ո՛չ: Հնարավոր չէ բավարարված լինել մի աշխատանքով, որն ամենօրյա կտարելագործման և ընդարձակման կարիք ունի: Կատարելագործման ու առաջընթացի այս գաղափարն է դրված քրիստոնյայի կյանքի հիմքում, որ ձևակերպված է Պողոս առաքյալի պատգամում. «Նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որն ստեղծված է ըստ Աստծո՝ արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփես. Դ 23-25):

        -Չնայած Եկեղեցու կատարած գործերի ծանրակշիռ քանակությանը,  իրականում  մեր ժողովուրդն անհրաժեշտ չափով տեղեկացված չէ դրանց մասին, իսկ  անտեղյակությունից օգտվում են հակաեկեղեցական տարրերը: Որոշ  շրջանակների կողմից էլ Եկեղեցին քննադատվում է նաև այն պատճառով, որ բավարար չափով ակտիվ չէ հասարակական-քաղաքական խնդիրների վերաբերյալ դիրքորոշումներ արտահայտելու, գնահատականներ տալու հարցում:       

     - Սկսեմ հարցի վերջին հատվածից: Կարծում եմ, որ երբևէ չի կարող գոհացվել այն մարդկանց սպասումները, ովքեր Եկեղեցուց ակնկալում են հասարակական-քաղաքական բոլոր խնդիրների վերաբերյալ դիրքորոշումներ ու գնահատականներ: Եկեղեցին պետք չէ շփոթել ո՛չ պետական ու քաղաքացիական որևէ մարմնի ու հաստատության, ո՛չ քաղաքական կուսակցության, ո՛չ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ: Հասարակական-քաղաքական կյանքի խնդիրները շոշափում են կոնկրետ մարդկանց կամ մարդկային խմբերի հետաքրքրություններն ու շահերը, որոնք բախման մեջ են գտնվում այլ մարդկանց ու այլ խմբերի հետաքրքրությունների ու շահերի հետ: Հետևաբար՝ այնքան ժամանակ, քանի դեռ այդ իրադարձությունները չեն շոշափում հավատացյալների հոգևոր կյանքի խնդիրները, Եկեղեցին պետք չունի հրատապ արձագանքումներով միջամուխ լինել ծավալվող գործընթացներին ու զարգացումներին:

        Իհարկե, եկեղեցական բարեփոխումների հարցում պետք է հաշվի առնել համընդհանուր զարգացումներն ու միտումները, օգտվել արտաքին հայացքներից ու տեսակետներից, խնդիրներին նայել դրսի աչքերով: Հնարավորինս պետք է  բավարարել մարդկանց սպասելիքները: Բայց նաև մարդիկ չպետք է  ակնկալեն, որ Եկեղեցին իր գործունեությունը պետք է կառուցի միայն ու միայն իրենց սպասելիքների համաձայն: Եկեղեցու առաքելությունը մարդահաճությամբ զբաղվելը չէ: Առավել ևս, երբ այսօրվա մարդկանց ճնշող մեծամասնության հետաքրքրությունները սևեռված են հիմնականում զվարճալիքների, ժամանացային «արժեքների»  վրա: Ուրեմն, դժվար է ոչ միայն գործադրել, այլև անգամ պատկերացնել, թե Եկեղեցին ինչպե՛ս պիտի ներդաշնակեցնի իր առաքելությունը զվարճանքի տրամադրությունների հետ:  Պետք է հստակ գիտակցել, որ Եկեղեցին մի հաստատություն է, որն հիմնադրված է Աստծուց: Եկեղեցին մի հաստատություն է, որն իրականացնում է առաջնորդություն: Եկեղեցին մի հաստատություն է, որը չի կարող հարմարվել մարդկանց քմահաճույքներին և հոգևորությունից զուրկ սպասումներին:

      Ինչ վերաբերում է ձեր հարցի առաջին հատվածին, իհարկե, ընդունում եմ, որ մեր հանրության որոշ շրջանակներում հակաեկեղեցական տարրերի կողմից Եկեղեցու հանդեպ ոչ նպաստավոր տրամադրությունները հարուցվում են՝ օգտվելով հենց նույն այդ շրջանակների չտեղեկացվածությունից, որի մեջ մեղքի զգալի բաժին ունենք նաև ինքներս, քանի որ բավարար չափով և ձևով չեն լուսաբանում եկեղեցական կյանքի կարևորագույն իրադարձություններն ու խնդիրները:

 Սակայն այստեղ մեկ խնդիր կա. պետք է գտնել սրա ճիշտ չափաբաժինը, որպեսզի  Եկեղեցու գործունեության ներկայացումը հանկարծ չդիտվի որպես գովազդ, այլ լինի միայն կատարված աշխատանքները հավատացիալներին  լուսաբանելու գործողություն: Այստեղ որոշ դեր ունի նաև եկեղեցականների  ընկալումներում ամրացած այն ըմբռնումը, որ ծառայությունը պետք է իրականացվի որպես պարտքի հատուցում՝ առանց  տարփողումների ու շեփորահարումների. «Անպիտան ծառաներ ենք. Ինչ- որ պարտավոր էինք անել, այն արեցինք» (Ղուկ. ԺԷ 10)՝ ասում է Ավետարանը:

      Ինքնամատուցումը և ինքնաներկայացումը զերծ չէ փառասիրությունից, իսկ փառասիրությունը արգահատելի ու վտանգավոր է համարվում անգամ աշխարհիկ առողջ միջավայրի կողմից, այնպես, ինչպես ձևակերպել է այն աշխարհիկ բարքերի անվիճելի գիտակ, ֆրանսիացի հանրաճանաչ գրողը՝ ասելով, թե փառքը թույն է, որը պետք է ընդունել կաթիլ առ կաթիլ: Իսկ Սուրբ Գիրքը փառասիրությունը տեղավորում է բացառապես աստվածասիրության շատ որոշակի սահմանների մեջ. «Ով պարծենում է, թող պարծենա Հիսուս Քրիստոսով» (Ա Կորնթ. Ա 31): Անշուշտ, հստակորեն տարբերակելով ցուցադրականությունը և ինքնագովազդումը առարկայական լուսաբանումներից ու իրազեկումներից, պետք է գտնել ճանապարհը առավել հասանելի դարձնելու համար Եկեղեցու գործունեությունը տարբեր շրջանակի մարդկանց:

    -Սրբազան Հայր, որոշ շրջանակների կողմից ջանադրաբար ստեղծվում է հոգևորականի ոչ դրական կերպար, ակնհայտ է՝ միտում կա, բայց արդյո՞ք,  «ջրաղացին  ջուր չեն  լցնում» նաև որոշ հոգևորականներ՝ հոգևորականին ոչ վայել իրենց պահվածքով:

-Ես չեմ բացառում, որ կան մասնակի դրսևորումներ, երբ հոգևորականն իր ծառայությունը մատուցելիս ներկայնում է իր կոչմանն անհարիր, այլև հավատացյալի համար ոչ սպասված կերպարով: Կան դեպքեր, երբ եկեղեցականը վարում է եկեղեցականին ոչ վայել կենսակերպ, դրսևորում անվայել պահվածք: Որքան էլ, որ ցավալի և անընդունելի են այս երևույթները, այդուհանդերձ դրանք բնորոշ են ոչ միայն մեր ժամանակներին, այլև տեղ են գտել սկսած հենց առաքյալների շրջանից: Այլ հարց է, որ Եկեղեցին մշտապես հակազդել է այս երևույթներին՝ փորձելով հնարավորինս նվազագույնի հասցնել դրանց թիվը: Այսօր էլ Եկեղեցու կողմից անհանդուրժելի են նման դրսևորումները և դա է պատճառը վերջին տարիներին տեղի ունեցած կարգալուծությունների, որոնց համար հանիրավի մեղադրվում են ինչպես Ամենայն Հայոց Կաթողիկոսը, այնպես և բարձրաստիճան եկեղեցականները:

       Այսուհանդերձ, սակայն, չի կարելի մասնակի դրսևորումներն ընդհանրացնել: Այսօր որոշ մարդիկ հանգերգի նման շարունակաբար խոսում են եկեղեցականների շքեղ կյանքից ու ապրուստից, իրենց նեղություն չեն տալիս  անդրադառնալու նաև, որ կան բազմաթիվ եկեղեցականներ, ովքեր իրենց ծառայության մեջ բավարարվում են նվազագույն կենսապայմաններով՝ չունեն ոչ բավարար ֆինանասական միջոցներ, ոչ բուժսպասարկման հնարավորություններ, կանգնած են բազմաթիվ դժվարությունների առջև իրենց ընտանիքի առօրյա հոգսերը հոգալու համար: Իհարկե, սա Հայաստանում գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական դժվար վիճակի բնական ու անխուսափելի արձագանքն է ներեկեղեցական կյանքում, որի ուղղությամբ ևս կատարվել են և շարունակվում են կատարվել քայլեր:

 Շարունակելի 

Նախորդը՝  http://haydzayn.am/p/70227

Հարցազրույցը՝ ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԻ

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի խմբագիր

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ