Իմ սիրտը լեռներում է... Այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է

am en es ru
Im sirte lerhnerowm e... Aysor Vilyam Saroyani tsnndyan orn e_92211

«Մեծացավ Սարոյանը Արևմուտքի գրականության ջունգլիներում` խլելով բնությունից իրեն սահմանված փառքի մեծ բաժինը, հպարտ և տիրական, մեծաքանքար և կորովի անցավ աշխարհի սրտի միջով` մնալով միշտ մարդ, միշտ Վիլյամ, մնալով, մանավանդ, միշտ Սարոյան»

Գուրգեն Մահարի

 

Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը ծնվել է 1908թ․-ի օգոստոսի 31-ին Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆորնիա)։ Նրա ընտանիքը գաղթել էր պատմական Բիթլիսից, շատ չանցած՝ 1911թ․-ին հայրը՝ Արմենակ Սարոյանը մահացել է 37 տարեկան հասակում, և մայրը՝ Թագուհի Սարոյանը, ստիպված է եղել մանկատուն հանձնել երեխաներին՝ Վիլյամին, Հենրիին, Զաբելին և Կոզեթին։ Այս առթիվ Սարոյանը ասել է․

«Մանկատան ճանապարհին ես սկսեցի լաց լինել: Մայրս նախատեց ինձ` ասելով` դու արդեն տղամարդ ես, իսկ տղամարդը չի լալիս: Ես դադարեցի լաց լինել․․․»։

 

Գրողը հետագայում հաճախ է իր ստեղծագործություններում դրել մի տիկնիկի կերպար, որը տվել էր իր մայրը՝ մանկատուն տանելու ճանապարհն։ Այդ տիկնիկի անունը Coon Jiger էր և փարատում էր մոր բացակայությունը։

13 տարեկան հասակում ապագա գրողը վերադարձավ մանկատնից, սակայն, ինչպես ինքն է միշտ նշել, դա նման չէր վերադարձի դեպի կյանք։ Սարոյանն աշխատում էր հեռագրատանը, որով և օգնում հոգսաշատ մորը։ Ամբողջ օրն աշխատելով՝ նա չէր հասցնում կանոնավոր կերպով դպրոց հաճախել, իսկ հաճախելուց բավականին անկարգ էր իրեն պահում, որի հետևանքով էլ մի օր հեռացվեց դպրոցից։ Սկսած այդ օրերից՝ Վիլյամը զբաղվում էր ինքնակրթությամբ, կարդում ամերիկյան ու համաշխարհային գրականություն, միևնույն ժամանակ ուսումնասիրում հայկական մշակույթը, ավանդույթն ու սովորույթները։

Ապագա գրող Վիլյամ Սարոյանը նոր էր բոլորել իր 14 տարին, երբ մայրը հնաձնեց իրեն մի կապոց՝ լի թղթերով ու տետրերով։ Այդ ժամ նա իմանում է, որ իր հայրը եղել է բանաստեղծ, և հենց այս փաստը կողմորոշիչ նշանակություն է ունենում Սարոյանի հետագա մասնագիտացման համար։

18-19 տարեկան Վիլյամը Ֆրեզնոյում հասցրել էր աշխատել փոստատար, սևագործ բանվոր և Սան Հոակինի ֆերմաներում ու խաղողի այգիներում սեզոնային մշակ, Սան-Ֆրանցիսկոյում՝ հեռագրատան ծառայող, սպորտային ապրանքների խանութի վաճառող, պահեստի բանվոր։ Այս աշխատանքներին զուգահեռ նա սկսել է իր ստեղծագործական կարիերան, 1933թ․-ին Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում տպագրել է իր առաջին ստեղծագործությունը՝ Սիսակ Գորյան ստորագրությամբ։

Սարոյանին մեծ ճանաչում բերեց նրա առաջին գիրքը՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ», որը հրատարակվեց 1934թ․-ի հոկտեմբերի 15-ին և որի մասին իր կարծիքն է հայտնել ամերիկահայ հայտնի քննադատ Բ․ Ռասկոն․

«Ի՞նչն է հատկանաշական Սարոյանի համար որպես գրողի։ Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ...: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»։

 

Արդեն 1939թ․-ին Սարոյանը վայելում էր ժողովրդի մեծ համակրանքը, նրան ճանաչում և սիրում էին։ Այս թվականին նա 6 օրվա ընթացքում գրեց «Քո կյանքի ժամերը» ստեղծագործությունը, որի համար արժանացավ Պուլիցերի և նյույորքյան քննադատների հեղինակավոր գրական մրցանակներին, սակայն մեկ տարի անց հրաժարվեց իր առաջին մրցանակից, պատճառաբանելով, որ առևտուրը իրավունք չունի հովանավորել արվեստը։

Սկսած այս տարիներից Սարոյանը որոշակի անկախություն ձեռք բերեց, 1942թ․-ին կարողացավ հիմնել իր թատրոնը, սակայն այն երկար չգոյատևեց։ Նույն թվականին Հոիվուդում էկրանավորվեց նրա «Մարդկային կատակերգություն» ստեղծագործությունը (համանուն ֆիլմի սցենարի համար 1944 թ․-ին արժանացավ «Օսկար» մրցանակի), որը շրջադարձային նշանակություն ունեցավ գրողի հետագա գործունեության համար։ Նա սկսեց ճամփորդել, հանդիպել հայտնի գրող-հրապարակախոսների, դրամատուրգների, սցենարիստների հետ, որոնք բոլորն էլ հետագայում միայն հիացմունքով են խոսել նրա մասին։ Նույն թվականին Սարոյանը զորակոչվեց բանակ, որտեղ աշխատում էր զինվորական սցենարների ստեղծման վրա։

Պատերազմական ժամանակահատվածը շատ գրողների աշխատանքներում ունեցել է իր արտացոլանքը, Սարոյանի դեպքում դա մշտապես մոտալուտ աղետի զգացումն էր, որն ընկած է «Մարդկային կատակերգություն» վիպակի և «Վեսլի Ջեկսոնի արկածները» վեպի հիմքերում։

Սարոյանը հարուստ է դրամաներով ու պիեսներով, դրանցից հատկապես հայտնի են «Իմ սիրտը լեռներում է» , «Կոտորածն մանկանց», «Կյանքիդ ժամանակը», «Քարանձավի մարդիկ» գործերը։ Սկսած 1960թ․-ին ականավոր գրողը իրեն տվեց հուշագրական ժանրի տարերքին, հատկանշական են Բեռնարդ Շոուին, Չառլի Չապլինին, Եղիշե Չարենցին նվիրված էջերը։

 

 

Իր ողջ կյանքի ընթացքում Սարոյանը Հայաստան այցելել է ընդամենը 4 անգամ։ Առաջին անգամ հայրենիքում եղել է 1935թ․-ին, այնուհետև 1960թ․, 1975-76թ․, 1978թ․-ին։ Նա իր զավակներին մշտապես ծանոթացրել է հայ մշակույթի հետ,նրանց խնդրել է չկրկնել իր սխալը և հաճախ լինել Հայաստանում։

Սարոյանի անձնական կյանքը մշտապես կապված է եղել նույն կնոջ անվան հետ։ 1943թ․-ն էր, երբ ընկերական մի հանդիպման ժամանակ իր ընկերներից մեկն իրեն ծանոթացրեց մի շիկահեր գեղեցկուհու հետ։ Այդ 17-ամյա աղջիկը Քերոլ Մերկուսն էր, Սարոյանի ապագա կինը, ում ազգությամբ հրեա լինելը Սարոյանը բացահայտեց ամուսնությունից տարիներ անց։ 1943թ․-ին ծնվեց նրանց առաջնեկը, ում անվանեցին Արամ։1946թ․-ին ծնվեց իրենց դուստրը՝ Վիլյամի տատիկի պատվին անվանակոչված Լյուսին։ Ամուսնությունից 6 տարի անց, իմանալով կնոջ ազգության մասին, լքեց կնոջն ու երեխաներին, սակայն շատ չանցած նորից ամուսնացավ Քերոլի հետ։ Այս անգամ ևս նրանք զերծ չմնացին տարաձայնություններից և բաժանությունը եղավ անխուսափելի։ Երեխաները հոր հետ ոչ այդքան լավ հարաբերություններ ունեին, հազվադեպ էին տեսնվում։ Այն ժամանակ, երբ շնորհաշատ գրողին սկսեց քայքայել քաղցկեղը և նրան հաշված օրեր էին մնացել, դուստրը, ով 7 տարի չէր հանդիպել հորը, ճանապարհ ընկավ, հասավ հիվանդանոց և ներկա եղավ հոր կյանքի վերջին րոպեներին։ Որդուն հայրը չէր ցանկանում տեսնել, սակայն այն կայացավ։ Արամը հիշում է․

«Ես գրկեցի հորս և համբուրեցի նրա ճակատը, և հանկարծ լսեցի թույլ ձայնով արտասանած նրա այս խոսքերը. - Շնորհակալ եմ, Արա՛մ: Սա կյանքիս և արդեն մահվանս ամենաերջանիկ օրն է, - թույլ ձայնով շշնջաց հայրս»։

 

«Նա դարի ամենաթերագնահատված գրողներից է։ Նրա տեղն իրավամբ Հեմինգուեյի, Ստեյնբեկի և Ֆոլկների կողքին է»

Ստեֆըն Ֆրայ

 

Հայ մտքի հանճար Վիլյամ Սարոյանը իր մահկանացուն կնքեց 1981թ․-ի մայիսի 16-ին Ֆրեզնոյում։ Նրա կտակի համաձայն իր աճյունի մի հատվածը տեղափոխվեց Հայաստան և այժմ թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։

Նրա անունով է կոչվել Երևանի թիվ 138 հիմնական դպրոցը և համալսարանը, Ֆրեզնոյում գործում է Սարոյանի անունը կրող թատրոն։ ՀՀ Սփյուռքի նախարարությունը «Վիլյամ Սարոյան» մեդալ է շնորհում սփյուռքում հայ մշակույթի տարածման գործում մեծ համբավ ունեցած գործիչներին։

 

«… Գրող, որ կյանքից մեծ էր…» San Francisco Chronicle։

 

 

 

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ