Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Քույր քաղաքներ` այսօր և ընդմիշտ

ru am en
K`owyr k`aghak`ner` aysor ew endmisht_46934

Դեռևս 2014 թվականին Ֆրանսիայի Բուկ Բել Էր (Bouc-Bel-Air) և Արցախի Ասկերան քաղաքների միջև կնքվել էր բարեկամության հռչակագիր, որի նպատակն էր ամրապնդել երկու քաղաքների միջև բարեկամական կապերն ու համագործակցություն հաստատել տարբեր բնագավառներում: Այդ շրջանակում մարտի 2-ին քաղաքապետ Ռիշար Մալիենի ղեկավարած պատվիրակությունը ժամանել էր Ասկերան։

Հյուրերին ավանդական աղ ու հացով դիմավորեցին Ասկերանի բերդի մատույցներում: Շրջանի պատմա-երկրագիտական թանգարանի տնօրեն Վիգեն Գաբրիելյանը հետաքրքիր տեղեկություններ հաղորդեց ներկաներին ամրոցի կառուցման, նրա պաշտպանական դիրքի ու նշանակության մասին։ Իսկ Արցախյան շարժման ակտիվիստ Սլավիկ Առուշանյանը հյուրերի խնդրանքով պատմեց 1992 թվականի Խոջալուի դեպքերի մասին` ցույց տալով, թե որտեղով էր բացված հումանիտար միջանցքը խոջալուցի խաղաղ բնակիչների համար:

Այնուհետև հյուրերը եղան Ասկերանի հուշահամալիրում, որտեղ ծաղիկներ դրեցին Տանկ-հուշարձանի պատվանդանին: Ասկերանի քաղաքապետ, ղարաբաղյան պատերազմի մասնակից Սամվել Աղաջանյանը պատմական էքսկուրս կատարեց` ներկայացնելով, թե ինչ հանգամանքներում և ինչու է այստեղ կանգնեցվել տանկը ։

Պատվիրակության կազմում ընդգրկված էին քաղաքապետի` մարզական միջոցառումների և սոցիալական հարցերի գծով տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, գյուղատնտեսության բնագավառի ներկայցուցիչը, ինչպես նաև ավագանու մեկ անդամ։ Նրանք, ըստ քաղաքապետ Ռիշար Մալիենի, Արցախ էին եկել իրականացնելու այն բոլոր ծրագրերն ու խոստումները, որոնք ամրագրված են համատեղ ստորագրված հռչակագրում։ Մայիս ամսում Ֆրանսիայում կազմակերպվելու են Արցախյան օրեր, որի շրջանակներում ֆրանսիացիներին կներկայացվի արցախցիների մասին պատմող տեսաֆիլմ:

Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը կարևոր համարեց գյուղատնտեսության ու կրթության ոլորտին վերաբերող ծրագրերը, որովհետև դրանք գերակա ճյուղեր են համարվում շրջանում:

«Մենք էլ մեր հյուրերին զարմացնելու քիչ բան չունենք, թեկուզ արցախցու անտրտունջ տեսակով, արդարության համար մարտնչող անկոտրում կամքով: Շփվելով մեզ հետ՝ նրանք վերստին համոզվում են, որ Արցախն ազատատենչ, ժողովրդավարական երկիր է, և որ մենք արժանի ենք արյամբ նվաճված խաղաղության պայմաններում ապրելու»,- ասաց նա։

Հանդիպումը շարունակվեց Ասկերանի քաղաքապետարանում: Փոխքաղաքապետ Հայկ Շամիրյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ շրջկենտրոնի մասին։

Բուկ Բել Էրի քաղաքապետը հիացած էր Ասկերանի մասին ընդհանուր տեղեկություններ պարունակող հայ-ֆրանսերեն բուկլետով։

«Ասկերանը քույր քաղաք է ընտրվել նաև կարևորելով բնակավայրի՝ սահմանամերձ գոտում գտնվելու հանգամանքը։ Այսուհետ մենք միշտ կլինենք ձեր կողքին, կդառնանք ձեր աջակից-բարեկամները»,-ասաց Մալիենը։ Նա միաժամանակ տեղեկացրեց, որ իրենք քաջատեղյակ են հայոց պատմությանը, նրա ողբերգական էջերին, և ամեն տարի սրտի կսկիծով ու պարտքի խորը զգացում են մասնակցում Եղեռնի զոհերի հիշատակին կազմակերպվող միջոցառումներին, դատապարտում թուրքերի գործած ոճրագործությունը:

Ասկերանի քաղաքապետի և շրջվարչակազմի աշխատակազմի կրթության ու սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանի առաջնորդությամբ հյուրերն այցելեցին նաև շրջկենտրոնի միջնակարգ դպրոց, ՄՊՍ կենտրոն և արվեստի դպրոց, հիացան սաների ձեռքի աշխատանքներով, ստացան նրանց ձեռքով պատրաստած խորհրդանշական նվերներ ու իրենք էլ նվերներ հանձնեցին։

Հյուրերին ընդունեց նաև շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը: Վերջինիս հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, արվեցին գործնական առաջարկություններ: Այնուհետև Ս. Գրիգորյանի ուղեկցությամբ Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն եղավ շրջանի սոցիալ-տնտեսական մի շարք օբյեկտներում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ