Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Կապրենք, կտեսնենք... Նաիր Յան

am
Kaprenk`, ktesnenk`... Nair Yan_2104

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը սկսել է, իր խոսքով, թատրոնների առողջացման գործընթաց. վերականգնում է գեղարվեստական ղեկավարի պաշտոնները: Հրավիրյալ ռեժիսորների ճանապարհը ոչ ոք չի փակում, բայց թատրոններին պետք է մի ձեռք, որը կկարգավորի ստեղծագործական, բեմական, խաղացանկային կյանքը: Այս նկատառումներից ելնելովՙ մշակույթի նախարարությունում սկսել են կարեւորել թատրոնների գեղարվեստական ղեկավարի դերը:
Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնը երկար տարիների ընդմիջումից հետո գեղարվեստական ղեկավար ունի: Թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավարը Սոս Սարգսյանն էր, նրանից հետո այդ տեղը թափուր է մնացել: Համազգայինի տնօրեն Վարդան Մկրտչյանն է առաջարկել մշակույթի նախարարին Վիգեն Չալդրանյանի թեկնածությունը: Եռակողմ համաձայնության արդյունքում թատրոնն ունի գեղարվեստական ղեկավարՙ ի դեմս Վիգեն Չալդրանյանի: Նա ոգեւորված ու հուզված կանգնել էր Համազգային թատրոնի բեմին: Իսկ Արմեն Ամիրյանն ու Վարդան Մկրտչյանը նրան պաշտոնապես ներկայացրին համազգայինցիներին:
«Ինձ համար մեծ պատիվ է Սոս Սարգսյանից հետո դառնալ այս թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Այս բեմը հարազատ է ինձ, որովհետեւ այստեղ բեմադրություն եմ արել, համազգայինցիների հետ ճանապարհ անցել: Առհասարակ թատրոնն իմ ստեղծագործական քառասնամյա կյանքի ուղիղ կեսն է կազմում: Ես Վարդան Աճեմյանի կուրսն եմ ավարտելՙ որպես դերասան, նաեւ Մարատ Մարինոսյանի ուսանողը եղելՙ որպես ռեժիսոր: ՎԳԻԿ-ը հետո է եղելՙ Եֆիմ Ձիգանի արվեստանոցը: Այնպես որ թատրոնը շատ հարազատ օջախ է ինձ համար: Իմ մասին երրորդ գիրքն է գրվում, վերնագիրըՙ «Կինոն էությունս է, թատրոնըՙ տունս»: Բեմադրություններ եմ արել դրամտիկական, ռուսական, Սունդուկյանի անվան թատրոններում: Թատրոնի մարդիկ իմ ընկերներն ու մտերիմներն են: Սա ինձ համար պաշտոն չէ, այլ առաքելություն»,- համազգայինցիների առջեւ ելույթ ունեցավ նորանշանակ գեղարվեստական ղեկավարը:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարեց, որ հստակ ծրագրել են թատրոնների խաղացանկերը թարմացնել, թատրոնը հանդիսատեսի համար հետաքրքրական դարձնել: Համազգայինի վերաբերյալ համոզված է, որ Չալդրանյանը նոր շունչ, նոր դրամատուրգիա ու ձեռագիր կբերի: Որոշել ու ծրագրել են քիչ միջոցներով մաքսիմալ արդյունք ստանալՙ հիմնված արդյունավետ, կենսունակ գաղափարների ու նախագծերի վրա: Ինչ վերաբերում է Սոս Սարգսյանի անկատար երազանքինՙ թատրոնի նոր շենքին, նախարարը նշեց, որ մի քանի տարբերակներ են մշակվում, դեռեւս հստակ առաջարկ չկա, բայց կլինի: Արմեն Ամիրյանը լայն ժպիտով հավելեց. «Մենք ժամանակավորապես կորցնում ենք կինոյի ռեժիսորի, բայց գտնում ենք թատրոնի ռեժիսորի»: Վիգեն Չալդրանյանն արձագանքեցՙ ոչինչ, կինոն ստիպված է մի քիչ սպասել:
Ինչով է ինքը մտնում Համազգային թատրոն, ինչ ծրագրերով ու գաղափարներով, Չալդրանյանը հարմար գտավ չպատասխանել. կարեւորն այն չէ, թե ինչ պիես է ներկայացվելու առաջիկայում, այլ այն, թե առհասարակ ինչ մոտեցում ու վերաբերմունք է դրսեւորվելու այս թատրոնի նկատմամբ: Նոր գեղարվեստական ղեկավարը հիշեց Սոս Սարգսյանի հետ իրենց հերթական հանդիպումներից մեկը, երբ Վարպետին հարցրել է. «Դաշնակցություն կուսակցության կողմից նախագահի առաջադրված թեկնածու եք: Եթե ընտրվեք, ինչպիսի՞ն կլինի Հայաստանը Ձեր օրոք: Վարպետը լռեց, հետո պատասխանեց. «Չգիտեմՙ Հայաստանն ինչ կլինի, բայց գիտեմՙ Հայաստանում ինչը կիշխի... բարոյականություն»: Վարպետի այս խոսքերն ականջներումս զրնգում են: Նա երկրի նախագահ չդարձավ, բայց մեր երկրում ստեղծեց իր երկիրըՙ այս թատրոնը, որի բեմից բարոյականություն էր հորդում: Ես այդ բարոյականությանը կավելացնեմ լույսի ճանապարհը: Թատրոնը պետք է լինի առողջարան: Հանդիսատեսը պետք է գա թատրոնՙ առողջանալու: Այս սկզբունքով ու գաղափարով ենք աշխատելու բոլորս միասինՙ մի ընտանիքի պես, որտեղ ստեղծագործում են ու երջանիկ են»:
Ինչ վերաբերում է խաղացանկին, Վիգեն Չալդրանյանը կբեմադրի ե՛ւ ազգային դրամատուրգիա, ե՛ւ դասականներին, ե՛ւ Շեքսպիր: Անուններ չնշեց, բայց տեղեկացրեց, որ ժամանակակից երկու դրամատուրգների արդեն պատվիրել է Համազգային թատրոնի համար պիեսներ գրել: Չալդրանյանը նախարարից մեկ-երկու ամիս է խնդրելՙ թատերական կյանքին, առօրյային ինտեգրվելու, նախապատրաստվելու համար: Ի վերջո, գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ենթադրում է ամենօրյա ներկայություն, նվիրում, մասնակցություն: Նրա կյանքը լիովին փոխվելու է: Անկախ արվեստագետը դառնալու է կախյալ: «Ի՞նչ ու ինչպե՞ս կլինի ստեղծագործական կյանքն այս թատրոնում, դեռ չեմ կարող ասել, խոստումներ էլ չեմ տա. կապրենք, կտեսնենք»,-ավարտեց Վիգեն Չալդրանյանը:
Նշենք, որ այս թատրոնի հատկապես տնօրենիՙ Վարդան Մկրտչյանի հետ Վիգեն Չալդրանյանի ստեղծագործական համագործակցությունը կայացել է ոչ միայն թատրոնումՙ «Համլետ» ներկայացումով, այլեւ կինոյումՙ «Վարդապետի լռությունը» ֆիլմում: Վիգեն Չալդրանյանը նկատեց, որ միակ նախարարը, որ ընդունել է իրեն, Արմեն Ամիրյանն է: «Ես միշտ «սեւ ցուցակում» եմ եղել: «Վարդապետի լռությունն» էլ արգելվեց ու հանվեց էկրաններից: Ո՞վ արեց եւ ինչո՞ւ, չեմ կարող ասել, բայց ֆիլմն ունեցավ ամերիկյան ցուցադրությունՙ Paramount Pictures-ում. հասույթը հատկացվեց ապրիլյան գործողությունների ժամանակ զոհված մեր զինվորների ընտանիքներին»:
Վիգեն Չալդրանյանի` «սեւ ցուցակում» գտնվելը շատերի համար էր զարմանալի նորություն: Ճիշտ է, նրա «Վարդապետի լռությունը» ֆիլմը չմեկնաբանված ու չհրապարակված պատճառներով իջեցվեց մեր կինոէկրաններից, բայց նա չի պատկանում իշխանությունների կողմից անուշադրության կամ անբարեհաճ վերաբերմունքի արժանացած արվեստագետների թվին: Ֆիլմեր, ներկայացումներ` պետական գումարներով, դեկտեմբերի 25-ին էլ կնշվի նրա 60 ամյակը:
«ԱԶԳ», Նաիր Յան

Լրահոս

Նմանատիպ նորություններ